RSS

Եռաչափ մարդկանց երկիրը. երեք խաղավար՝ Աստված, լեռը և սատանան. (փաստավավերագրական ֆիլմ «Տաթև»)

«Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև» շարքի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ պատումները

collage30.thumb_1Էհեհեհե՜յ՝ ուզում է գոռալ մեր ծանր լեռները տեսնողը, իսկ մենք՝ տաթևացիք, ժամանակ չունենք. է՜հ ենք ասում, երբ հարցնում են՝ քանի տարեկան եք:  է՜հ, Աստված գնդել է մեզ անհիշելի  ժամանակներից ու էդպես թթխմոր գցել մեր վանքի գլուխը: Վանքն էլ բռնել դրել է հեթանոս Արամազդ լեռան պատվանդանին, լեռն էլ կախել ուղիղ 3392 մետրից: Մի հատ էլ շուռ է եկել, թե՝ էս սատանի կամուրջն էլ լինի ձեր փայ Աստծո ոտքերի տակ: Ա՜յ քեզ ուժեղ ռեժիսոր, էսքան հազարամյակի կենդանի դեկորներով մի տեսարան, մի կադր է ստացել: Դրա համար էլ մենք՝ տաթևացիք, տեղով մեկ կինո ենք, կինո, մի-մի շարժանկար:

Էս էլ մեր…բայց  լեզուս չի պտտվում ասեմ՝ մեր Սատանի կամուրջը։ Սովետի ժամանակ մի էքսկուրսավար էին բերել քաղաքից. դե Սովետն Աստված ունե՞ր, վանքին էքսկուրսավար չէր հասնում, սատանին հասնում էր։ Ու քաղաքից եկած էս անաստվածը դիք-դիք ցցվում էր ու անսիրտ, անհոգի, լավ ջուր արած անգիրն ասում. «Սիրելի տուրիստներ, ձեր առջև է սատանայի կամուրջը, երկարությունը 30 մետր, լայնությունը 60 մետր, ինչ-որ ժամանակ գետի ձախ քարաժայռից ժայռաբեկորներ են պոկվել և ընկել Որոտան գետի աջ ափը…»։ Իսկ երբ տուրիստներից մեկը սատանի գործերը քննող օրիորդին մի հարց էր տալիս,  սա լավ ջուր առած անգիրը մոռանում էր, գորիսերեն ասած՝ կոճը հետ էր պտտում և ծտի պես արագ թռչում վերջին նախադասության վրա՝ «ընկեր տուրիստներ, խնդրեմ, լոգանք ընդունեք, այստեղ 4 բուժիչ ավազան կա աջ զառիթափի լանջին»։ Էստեղ են ասել՝ պելը չի ամաչում, պելի տերն ամաչում ա, դե մեր պելը ձեր գիժն ա էլի։ Մի օր էլ մի իգիթ տղա,  /անունը չտամ/ հենց էստեղ, էս ծտին իջեցնում է իր սուր մագիլ կրունկներից  դուզ ներքև, այսինքն՝ այնտեղ, որի մասին սա անգիր պատմում էր, առանց այս բանը տեսնելու՝ «Դե…»:

Հեղինակ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյան

Կարդալ ավելին, սկզբնաղբյուրը՝ www.tert.am

 
Leave a comment

Posted by on July 20, 2015 in Uncategorized

 

«Օ՜, Զանգեզուր, օ՜ Տաթև». դիտել կինոն, որ կինոն չդիտի ձեզ. /վերջին սեանս/

collage30.thumb«Օ՜, Զանգեզուր, օ՜,  Տաթև» փաստավավերագրական շարքի նախորդ պատումն այստեղ:

Լեռան պես ինքնամփոփ, լուռ, իր բնագրով, քաղաքակրթությամբ, իր ողջ բնությամբ  այլաբան Տաթևն անցավ իմ աղմկոտ խոսքի դռներով, լուռ տարավ ու ներեց իր խոսքուզրույցը գրին տալու իմ բոլոր գայթակղությունները: Եվ ոչ մի արձագանք Այնտեղից՝  կատարյալ լռություն՝ խաղդ ասա, անցիր: Այն կողմում ուրիշ մարդ է, ուրիշ համբերություն է,  լեռան քար համբերություն է, մի ուրիշ սիրտուհոգի է: Ես գիտեմ, Այնտեղ արդարության դուռը երբեք չի փակվի, բայց ներողություն՝ գազ, ջուր, մանկապարտեզ, դպրոցական սպորտդահլիճ, գնդակներ, գրատախտակ, կավիճ, կաթի ու բրդի ընդունման մի կետ,  մի ատամ քաշող, մի դիակ հերձող , մի  ծնունդ ընդունող տվեք  Հայաստանի հոգևոր քաղաքակրթական կենտրոնին, սիրելիներ: Թե չէ, ինչ կարիք կար գրել այս «Օ՜ Զանգեզուր, Օ՜ Տաթև» փաստավավերագրական շարքի 6 պատումները և 6 անգամ  շարունակ պնդել նույն բանը. որ ամենավտանգավորներն իրենց սահմանադրությամբ մշակութակերպ արարածներ են և ԱՅՆՏԵՂԻՑ  է գալու այն, ինչը գալու է…

Հեղինակ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյան

Կարդալ ավելին՝ սկզբնաղբյուրը՝ www.tert.am 

 
Leave a comment

Posted by on July 19, 2015 in Uncategorized

 

Օ՜, Զանգեզուր, օ, Տաթև. զբոսաշրջային ժուռնալիզմ և մեդիաքննադատություն. /չորրորդ պատում/

«Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև» շարքի առաջին, երկրորդ  և երրորդ պատումները

collage111.thumbՀայաստանում  համառորեն չի երևում մեդիաարտադրանքը չափող, կտրող այնպիսի մի ճկուն գործիք, ինչպիսին մեդիաքննադատությունն է: Բայց սա ամենևին  չի նշանակում, որ հատուկ այդ թերացման պատճառով հանրային միտքը պետք է մատնվի պարապության և մանավանդ՝ խուսափի նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Տաթևում, օրինակ, ծավալվեցին   մեդիաքննադատական այնպիսի աշխույժ դիսկուրսներ, որոնք անգամ մաստեր կլաս կարող են ծառայել խելոք լրագրողի համար: Բայց այսքանից հետ, ինչու էր Տաթևի շուրջ կեսդարյա գլխավոր գյուղատնտեսը ժամանակ առ ժամանակ հառաչում՝ Տաթևը մեռնում է. այդպես միայն կարող էր պտտվել մեր կծոտող Բողարին խոսացնող, Եզան Սրբի համար լաց լինող մեր Բակունցի լեզուն . «Եվ այնուամենայնիվ Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին…»:

Հեղինակ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյան

Կարդալ ավելին, սկզբնաղբյուրը՝ www.tert.am

 
Leave a comment

Posted by on July 19, 2015 in Uncategorized

 

Օ՜ Զանգեզուր, Օ՜ Տաթև. փորձառական մեկ հարցաշար «Զանգեզուրի մարդկանց ու ղարիբականների» համար /երրորդ պատում/

«Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև» շարքի առաջին և երկրորդ պատումները

11-ամյա տղան, որին տեսա բարձր լեռան փեշին….

collage_9599.thumb-Բայց դու արդեն 11 տարի ապրում ես էս աշխարհում, ավելի շատ արդա՞ր մարդ ես հանդիպել քո կյանքում, թե՞ խարդախ, անազնիվ:

-Չէ, արդարը շատ քիչ ա, ո՞նց հանդիպեմ: Էնքան վախկոտ կա, որ սուտ ասելով ա ապրում: Որ ուժեղները շատ լինեն …չգիտեմ, կարող ա էդ վախտ արդարներն էլ շատ լինեն: Էդ դժվար հարց ա:

-Իսկ ամենահամով բանն ի՞նչն է:

-Հենա հացս ծառի տակին, եկ բացեմ, տես… Տեսա՞ր ինչ ա ամենահամովը՝ հաց-պանիր, կանաչի, ձու. հենա թարխուն էլ ունեմ, նստի է՜, էլ մուլի-շուլի մի արա,  արխային կաց, մամաս տասը ջուր լվացել ա էս կանաչին, աղջի դե եր կալ ճմոռի կեր էլի մարդավարի…

Հեղինակ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյան

Կարդալ ավելին, սկզբնաղբյուրը՝ www.tert.am

 
Leave a comment

Posted by on July 19, 2015 in Uncategorized

 

Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև. մշակութային շոկ /երկրորդ պատում/

«Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև» շարքի առաջին պատումն այստեղ

collage30.thumb_1-Ինչ էլ լաչառ ա է, վրա ա պրծել, թե էն աղջկա երեսը մաշկի, բա ես մի դրա լեզուն չիմանամ՝ ասեմ՝ յանի երկուոտնանուն լավություն անելի չի՞, սումկա ա էլի, ճղվեց-ճղվեց: Ա, ղուզի, դրան ասա ամոթ ա է, հեն է՜, էն տղամարդիկ տես ոնց են նայում, բա կնիկը տղամարդու կողքին սիրտը էդպես  բողազով դուրս կթափի՞, ամոթ ա է՜. ամոթը տվել են շանը չի կերել:

-Ա, քեզ ղուրբան, մեղք էլ ա է, երակները կռոճ-կռոճ ա արդեն դառել, մի նայի է՝ էդ հիվանդ կլինի, որ միանգամից էդպես ջղայնացավ: Բեր էս ծառի տակ, թող էս հով տեղը մի քիչ նստի, հանգստանա: Համ էլ ասա, էսօր գյուղում տարի ենք տալիս, գյուղը տխուր բանի ա, չի կարելի, որ գյուղամիջում սենց ղալմաղալ լինի, մեր նամուսը չի վերցնի էս բանը:

-Լավ, ժողովուրդ, որ տենց հարց կա, ես հեսա իրեն տանեմ մի քիչ ներքև, տեսնեմ ինչ ա ուզածը:

-Բա գյուղ ա մնացել որ, առաջ մտնում էիր խանութ, շան ոտի հետ հազար սումկա էր գնում, հիմա իսկի  նապրիմերի համար մինն էլ չկա, որ առնենք, տանք, սրա ձենը կտրցնենք:

-Այ, մարդ, սպասի գնամ տներով տամ մինը ճարեմ էլի, սա աչքիս պինդ ա բռնացրել, մինչև մինը չճարենք՝ տանք, էս աղջկա բուկը բաց չի թողնելու է՜: Քոռ մնամ է, իմ ձեռով գնաց՝ ասի մի կտոր էլ էս անտեր մնացած քաղցր լավաշան  դնեմ՝  էս օյինը եկավ գլխներիս: Բան չկա, ես մեղավոր եմ, ես էլ կգնամ մի սումկա կբերեմ կտամ իրան, դուք գործ չունեք: Գյուղում էսօր տխրություն ա, տարի ա, ամոթ ա, որ գյուղից մի ձեն դուրս գա:

Հեղինակ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյան

Կարդալ ավելին, սկզբնաղբյուրը՝ www.tert.am

 
Leave a comment

Posted by on July 19, 2015 in Uncategorized

 

Մի փառատոնի պատմություն

Ասում են ոչխարների խուզման փառատոն կազմակերպվում է Ավստրալիայում, Նյու Զելանդիայում ու մեկ էլ Հայաստանում: Իսկ Հայաստանում՝ միայն Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի հարևանությամբ:

ՙՙՙ փառատոն«Ոչխարների փուզում» փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց 2014թ. մայիսի 3-ին Տաթևի հովտում Հալիձոր գյուղի հարևանությամբ, որը չնայած իր առաջինը լինելու հանգամանքին, ունեցավ մեծ թվով զբոսաշրջիկների այց, մեծ հնչեղություն և շատերի կարծիքով 2014 թվականի լավագույն փառատոններից մեկն է համարվում:

Քանի դեռ փառատոնը 2-րդ անգամ կազմակերպելու  նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձենք զրուցել անցյալ տարվա փառատոնի հետ ուղղակիորեն կապ ունեցող մի քանի անձնանց հետ՝ հասկանալու միջոցառման տնտեսական ու սոցիալական ազդեցությունն ու առհասարակ զբոսաշրջային նշանակությունը տարածաշրջանի համար:

Հալիձորի գյուղական համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կարծիքով` «Անցած տարվա փառատոնը կարևորվում էր նրանով, որ բացի իր բուն թեմայից` խուզից, տարածաշրջանը իր բնակիչներով կարողացավ ևս մեկ անգամ կոնկրետ տեղում ներկայանալի դառնալ իր ավանդույթներով` ճաշատեսակներ, տնական խմիչքներ, յուրահատուկ չրեր՝ հոն, թութ, ամենատարբեր տեղական մրգերով և հատապտուղներով մուրաբաներ, ձեռագործ աշխատանքներ և այլն: Որպես սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն բնականաբար ունեցավ, քանի որ  վերը նշված բարիքների վաճառքից ստացված եկամուտները ամբողջովին համայնքաբնակներինն էին, իսկ կազմակերպչական և ընթացիկ հարցերում վճարովի հիմունքներով ընդգրկված էին որոշ մարդիկ»:ՙՙՙ փառատոն

Անցյալ տարի ոչխարների խուզման մրցույթում 1-ին տեղի համար պայքարում էին Տաթև, Հալիձոր և Խոտ համայնքների բնակիչները:  «Հալիձորի համար յուրահատուկ էր նաև «Ոչխարների խուզում» մրցույթի առաջին տեղի մրցանակը: Ճիշտ է նման մրցույթները մարդկանց սոցիալական խնդիրը չեն լուծում, բայց այդ ամենը ինչ-որ մի տեղ խրախուսանք է, որպեսզի ժողովուրդը ցանկանա ապրել այստեղ և զբաղվել նմանատիպ գործերով», – հավատացնում է գյուղապետը:

Գերասիմյանի հավաստիացմամբ համայնքապետարանը մշտապես պատրաստ է տարածաշրջանում կազմակերպվող ցանկացած միջոցառմանը մասնակցել և աջակցել կազմակերպչական հարցերում»: Նա ավելացրեց նաև, որ սպասում են միջոցառումը կազմակերպող հիմնական թիմի տարածաշրջան գալուն. մնացած հարցերը տեղում կքննարկվեն և կլուծվեն: «Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքները՝ փառատոնին Հալիձորը ևս կունենա իր տաղավարը: Ներկայացված ենք լինելու բոլոր տեսակի բնական մթերքներով, որոնք հատուկ են տարածաշրջանին: Որպես ճաշատեսակ ներկայացված է լինելու ոչխարի, խոզի և տավարի խորովածը» – վերջում ավելացրեց Մ. Գերասիմյանը:

Ակամայից հիշեցի IDEA հիմնադրամի աշխատակիցներից Տարոն Պապիկյանին, ով այն հարցին, թե փառատոնին մատուցվող ուտելիքներից ամենաշատն ի՞նչն է հավանել, միանշանակ պատասխանեց՝ գառան խորովածը գարեջրի հետ:

Իսկ իմ համար ամենատպավորիչներից էր Տաթևացի տիկին Անուշի եփած կուրկուտը: Մի զարմացե՜ք, ամբողջ կյանքս ապրել եմ Տաթևում, բայց կյանքումս կուրկուտ կերած չկայի: Հորդոր ունեմ այս տարվա փառատոնի բոլոր մասնակիցներին՝ առաձին-առանձին մոտենալ տարածաշրջանի բոլոր գյուղերը ներկայացնող տաղավարներին. Տաթևը իր կուրկուտով, Տանձատափը իր կիրմիզանով (այլ կերպ ասած՝ սինդրիկը), լոբիով ու անպակաս տնական գինիով:Հայկական պարը,  պարի համույթ

Թե անցյալ տարի առատ էր գարեջուրը, ապա այս տարի անխնա հոսելու է գինին – ի՞նչ է պետք քեֆ անողին – գինի, հայկական զուռնայի խրոխտ ձայն, հայկական խորովածի անուշաբույր… ու քեֆ անողին քեֆ չի հասնի…

Շարունակելով գնահատել սոցիալ-տնտեսական այն ազդեցությունը, որ փառատոնը ունեցավ տարածաշրջանի վրա, Տարոնը կարծում է, որ «փառատոնը հիանալի հնարավորություն էր տեղացիների համար սեփական արտադրանքը ներկայացնելու ու վաճառելու համար: Բավականին բարձրացավ հանրության իրազեկվածությունը համայնքների մասին, իսկ այդ օրերին հյուրանոցա-հյուրատնային մեծ զբաղվածությունը ֆինանսական լայն շրջանառություն ապահովվեց տնտեսվարողների համար»:

Բացի սոցիալ-տնտեսական ազդեցությունից – փառատոնը արկածախնդիրների համար միանգամայն այլ հիշողություններ է արթնացնում: Այդ օրերին Հարժիս գյուղից դեպի Տաթև 12 և ավելի կմ արշավի դուրս եկած երիտասարդնեերից Աննան ասում է՝ «երբ լսում եմ «փառատոն» – ոտքերս սկսում են ցավել»: Նրա կարծիքով «ընդհանուր տպավորությունները լավն են, եթե հաշվի չառնենք, որ փառատոնը առաջին անգամ էր կազմակերպված և հետագա զարգացումների անհրաժեշտություն ունի»:

Փառատոնի մասին խոսելուց չի կարելի չհիշել եղանակային այն «անոմալիան», որ րոպեների ընթացքում «կյանքով լեցուն» փառատոնը վերածեց «քամուց ու անձրևից քշվածների»: «Ես չգիտեմ, թե ինչքանով է տեղանքի եղանակը կանխատեսելի, բայց եղանակը զգալիորեն վատ հիշողություններ է առաջացնում» – ավելացնում է Աննան ու առաջարկում, որ «փառատոնի կազմակերպիչները` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, կարող են անձրևանոցների ծառայություն ունենալ մասնակիցների համար, կամ առաջարկել մասնակիցներին անհրաժեշտ իրերի փաթեթ»:

9291_747274065387330_918219906731079227_n

Այս տարի «Ոչխարների խուզում» փառատոնը կայանալու է հունիսի 6-ին, նույն տեղում, նույն գյուղերի մասնակցությամբ, միայն ժամը՝ 12:00-ին: «Այս տարի բացի երգ ու պարից, համով ուտելիքներից նաև նախատեսվում է հիմնական ելույթների ժամանակ ներկայացնել համայնքներից յուրաքանչյուրի պատմությունը – հակիրճ տեղեկատվություն տարածաշրջանի  տեսարժան վայրերի, նշանավոր դեմքերի և դեպքերի մասին»  – տեղեկացանք Հալիձորի գյուղապետից:

Ինչ է մնում զբոսաշրջիկին անել… ինչպես ասում են, հունիսի 6-ին բոլորս դեպի Տաթև…

 Լուսինե Հարությունյան

 

 

Tags: , , , , , , ,

Օ՜Զանգեզուր, օ՜ Տաթև. SOS. քաղաքակրթությունների պատերազմ /առաջին պատում/

ՏաթևՏաթևը գրելիք չէ: Բայց եղել են ու կան  գրի մեջ հմուտ վարպետներ  կամ  էլ ուղղակի իրենց  փորահացը  գրով պահող պարզ մարդիկ, որ ձեռք են գցել Տաթևին՝ կարծելով, թե  հենց  իրենց շնորհքը կհերիքի   Տաթևը գրի տալ: Բայց մի պահի անպայման ասեղը ծակած կլինի այդ  ձեռագործ հյուսքն անողի մատը, որովհետև Տաթևը  լռությունն է, կատարյալ լռությունը, այսինքն՝ գրի դրախտը:

Բայց ի՞նչ է, ավելի ճիշտ՝ ո՞վ է Տաթևը, այսինքն՝ ո՞վ է անգրելին, անգիրը: Ավելի պարզ, զբոսաշրջային լեզվով ասած՝  Տաթևի ամենատեսարժան վայրը ոչ վանքն է,  ոչ  առավելևս՝  ճոպանուղին, ոչ էլ անգամ ՝ Հարանց անապատը կամ Սատանի կամուրջը: Տաթևում ամենատեսարժանը հենց տաթևացիք են: Հենց նրանց մաշկի տակ են  ապրում այն բոլոր հրաշալիքները, որոնց մի չնչին մասն այսօր պահպանվել է՝ քարագիր կամ մատենագիր: Մարդու կամ երկրի քաղաքակրթական առաջին նշանը խիղճն է, միայն խիղճը: Քաղաքակրթությունը խիղճ է փնտրում, մնացած ամեն ինչ նյութ է՝ անգամ միտքը, գաղափարները, արվեստները՝ ամբողջը:

Իհարկե, տաթևացիներով հիանալը մեծ փորձություն է: Ես մի այդպիսի արկածախնդրություն  թույլ տվեցի՝ նկարահանելով  «Տաթև» փաստավավերագրական ֆիլմը: Անշուշտ, այդ ֆիլմը նկարելիս՝ ասեղը որտեղ մատս էր մտնում, ես էլ էի փախչում  զբոսաշրջային հայտնի երթուղով,  բայց այն թուքումուրը, որ դրանից հետո տաթևացիք ինձ տվեցին, թշնամուս էլ չեմ ցանկանա: Իզուր էի ինձ սփոփում, թե  մի  գեշ երազի պես մոռացված կլինեն  իմ այդ  ոտնձգությունը: Երբեք: Ինչպես Տաթևի համավոր հարս մայրս էր իր տառապյալ  փորձով վկայել՝  Տաթևի բերանն ընկնողը Տաթևի վերջին շնչի հետ  դուրս կգա: Բզզում էին է՜, բզզում՝  բա մենք ո՞ւր էինք. էդ ինչ կինո էր, որ մեր գյուղն ու մեզ  թողած՝ հենց  մենակ վանքն էր ցույց տալիս. մեր գյուղի անունն էլ վերցրել ես, տարել դրել էդ անհոտ կինոյի վրա: Դե  արի, ու դուրս արի նրանց դրած ծանր մահարձանի տակից: Չլինելու բան է. տաթևացիների հախից ոչ մեկը չի կարողացել գալ . Տաթևում դեռ ոչ մի ընտրություն չի կեղծվել: Եվ  ընդամենը մի մինուճար հարամչի  է կարողացել մտքով անցկացնել այդ  արքայությունը,  այն էլ տաթևացիք սրան սիրուն կռացրել են իրենց հողին՝ թե Տաթևի հողը կեր, որ էս հողի  գիժ դամարը իմանաս:

Բայց էդ գիժ դամարի, էդ  սուր-սուր լեզվի  տակ… այդքան խիղճ, խիղճ, խիղճ. լաց լինելու չափ: Հենց միայն լուռ, առանց խոսքի էլ գալիս, իր  պես դիք-դիք կանգնում է առաջդ ու  ծունկդ ծալվում է, ուզում ես ասես, հա մեղավոր եմ, հա տնով-տեղով, հորուպապով  հավաքվել, քոչել ենք  այստեղից, հա, ձեզ մենակ ենք թողել, մեծ բեռը վրաներդ ենք թողել փախել. մեղա, մի անգամ էլ՝ մեղա, հազար  մեղա … դե մի անգամ էլ ասեմ, սա գրելիք չէ:

Ախ,  խե՜ղճ, իմ խե՜ղճ  ֆրանսուհի, ախր ինչու խաղացիր իմոնց գիժ դամարի հետ, որ մի հատ էլ ծկլթայիր՝  SOS, ոստիկանությո՜ւն…

Հեղինակ՝ Վարդ Սիմոնյան

Կարդալ ավելին, սկզբնաղբյուրը՝ www.tert.am   

 

Tags: , , , ,

Մոմավառություն Տաթևի համայնքում…

«ՀՒՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ»… Չնայած անբարենպաստ եղանակին Տաթևի Սբ. Մինաս եկեղեցու բակը մարդաշատ էր: Եկեղեցու բակից սկսվեց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը: Երթին մասնակից էին համայնքի բնակիչները, աշակերտները ու մանկավարժական կոլեկտիվը, համայնքի աշխատակազմը համայնքի ղեկավար Մ.Սիմոնյանի գլխավորությամբ: 18:30-ին երթի մասնակիցները Ս.Մինաս եկեղեցու բակից ուղևորվեցին դեպի Տաթևի վանական համալիր: Դպրոցի աշակերտները հանդես եկան փոքրիկ ելույթով: 19:15-ին 100 անգամ հնչեցին Տաթևի վանքի զանգերը: Բոլոր իրենց աղոթքը հղեցին առ Աստված, անմեղ զոհերի հիշատակն հարգեցին մեկ րոպե լռությամբ և խնկարկեցին լուռ: Տաթևի վանական համալիրում երթին միացավ փոխմարզպետ Վ.Դավթյանը:

23.04.2015թ.

Սկզբնաղբյուրը՝ «Տաթևի միջնակարգ դպրոց» ֆեյսբուքյան էջ

 

Tags: , , , ,

…պարզապես իմ մանկությունն եմ հիշել… (թարմացված)

Առաջին գրառումը՝ 2013թ. փետրվարի 19-ին:

Պապս Հայրենական Մեծ Պատերազմից առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո վերադարձավ գյուղ ու ավելի քան 45 տարի աշխատեղ գյուղի գրադարանում:

Որպես հայրենականի հաշմանդամ նրան «Զապառոժեց» մեքենա էին պարբերաբար նվիրում՝ դա նրա 2-րդ տեղաշարժվելու միջոցն էր հենակներից հետո:

Տաթևի գրադարանում

Անցյալ դարի ժառանգություն

Այնպես էր ստացվել, որ դպրոցից տուն վերադառնալու ճանապարհը անցնում էր գրադարանի կողքով:

Միթե՞ հնարավոր էր չօգտագործել այդ հնարավորությունն ու չայցելել պապիկին՝ մի քիչ վայելել գրքերի ներկայությունը:

 Դպրոցից տուն ճանապարհին պայուսակս պապիկի մեքենայում «պահ տալով»՝  վազում էի աստիճաններով վեր… զգուշորեն բացում էի դուռը… պապիկի մոտ միշտ գյուղի մեծերն էին. նրանք կա՚մ շախմատ էին խաղում, կա՚մ նարդի ու շաշկի, կա՚մ պարզապես լռության մեջ գիրք էին կարդում…

«Բարև ձեզ» ասելով մոտենում էի պապիկին ու ակնթարթներ անց՝ անհետանում գրապահարանների շարքերում…

 Մեր գյուղի գրադարանը մոտ 10 000 միավոր գրականություն ունի…

Վերադասավորում էի գրապահարանները, մաքրում կուտակված փոշին, օգնում պապիս` քանդելով ստացված նոր գրքերի կապերը, գրանցում գրամատյանում ու դասավորում յուրաքանչյուրը իր «ժանրային» և «այբբենական» կարգով:

Ամենաերանելին` գրքի ընտրությունն էր ու իմ իսկ ձեռքով անձնական թերթիկում այն լրացնելը (2014թ. երբ նորից գրադարարնում էի թերթիկս այդպես էլ չգտա). պապիկի ստորագրելուց հետո՝ դուրս էի փախչում… հարբած գրքերի բուրմունքից …

Գրադարանի պատերին ամենուր թեմատիկ պաստառներ էին` այս կամ այն հայտնի գրողին, կամ պատմական հերոսին

Հայ գրողներին նվիրված պաստառ, լուսանկարը 2014թ. հուլիս

Հայ գրողներին նվիրված պաստառ, լուսանկարը 2014թ. հուլիս

նվիրված ասույթներով կամ փոքրիկ պատմություններով: Ցավով եմ նշում, որ այդ պատկերների ոչ մի «թվային ապացույց չկա», թերևս լուռ վկայությունը դեռ առկա է իմ ու յուրաքանչյուր ավագ սերնդի ներկայացուցչի  հուշերում /համոզված եմ/… այդ տարիները հիշում եմ մանկությունս ու պատանեկությունս գունազարդող երանությամբ:

Հետաքրքիր էր պապիս «քաղաքականությունը» համոզվելու համար՝ արդյո՞ք գիրքն ամբողջությամբ ընթերցվել է. սկսում էր հարցեր տալ՝ մեկ գրքի սկզբից, մեկ գրքի վերջից ու հանկարծ կոնկրետ հարցով բացահայտում էր, որ գիրքը լավ չէր ընթերցվել:

Ու ժամանակը ձգվում էր դեպի «հավերժ» ընթերցանություն: Ու «հավերժ» է հիշողությունը գրքերի աշխարհում…

Ամռանը, հավանաբար կայցելեմ (2014թ. այցելեցի գրադարան) գյուղ ու անպայման կգնամ գրադարան. հնարավոր է հիշողության պատառիկներ դեռևս պահպանվում են… ու ինձ կհաջողվի «թվայնացնել» այդ պատառիկները` ի պահ սերունդներին…:)

Լուսինե Հարությունյան

Հ.Գ. Լուսանկարները արված են 2014թ. հուլիսին գրադարան իմ այցելության ժամանակ

 

Tags: , , ,

Կստեղծվի «Տաթեւ» ազգային պարկ

Բնական_հանքային ջրի վանաներ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջեւ այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը համագործակցելու են բնության պահպանության եւ էկոտուրիզմի զարգացման ոլորտներում:

Համաձայն հուշագրի՝ IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաեւ հանրապետության հարավում կնախաձեռնեն բնության հատուկ պահպանվող նոր տարածքի՝ «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը: Վերոնշյալ նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի եւ կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգացմանը: Հոդվածը կարդալ ամբողջությամբ: 

 
Leave a comment

Posted by on February 7, 2015 in Uncategorized

 

Tags: , , ,