RSS

Ավանդապատումներ

Հիմք ընդունելով Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գիրքը` այստեղ ներկայացվում է մի քանի ավանդապատումներ Տաթևի գյուղի տարածաշրջանում գտնվող լեռների, սարերի, ժայռերի, նշանավոր ու խորհրդավոր վայրերի և այլնի մասին:

1. ԼԵՌՆԵՐ, ԺԱՅՌԵՐ, ԲԼՈՒՐՆԵՐ

Ժայռապատկեր Որոտանի կիրճում, Հեղինակ` Հայկ Մելքոնյան

17. ՇԱՀԱՆԴՈՒԽՏԻ ՔԵՐԾ (ԺԱՅՌ)
/գտնվում է Տաթևի հարավային կողմում, Որոտան գետի ափին/

Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը: Նրանք կամեցել են հափշտակել Շահանդուխտին: Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռել է բարձր ժայռի գագաթից ու   անվնաս իջել Որոտան գետի ափին: Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ:

19. ԳՅԱԶԲԵԼ (ԱՐԱՄԱԶԴ)
/գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում/

Գյազբել սարի ամենաբարձր տեղում ճեղքվածք կա, ուր ապրում են երկնքի փերիները: Երբ սարերը թխպում են (ամպամած են), նրանք դուրս են գալիս ու իրար հետ կռվում մի տղայի համար: Հաղթողը մեկ տարով դառնում էր տղայի կինը: Երկնքի որոտը փերիների թրերի ձայնն է, իսկ կայծակը` թրերի:

Արամազդ – 1. լեռնագագաթ (3399 մ) Սյունիքի մարզում, ամենաբարձրը Բարգուշատի լեռներում, Քարուտ գյուղից 8 կմ հս-արլ:
2. լեռնանցք (2717 մ) Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռներում, Տաթև գետի հովտից դեպի Գիրաթաղ գետի հովիտը, Վերին Գեղավանք գյուղից 5,5 կմ հս-արլ.

22. ԲՈԶԻԻ ՔԱՐ
/Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Եզան ուխտատեղի (Օքյուզ զիարեթ) կոչված վայրից մի քիչ ներքև, անտառի խորքում/

Պարսիկների ժամանակ Տաթև գյուղացի մի քաջ տղա Բոզի անունով` փակվելով այդ ժայռի խոռոչներում ահ ու սարսափի մեջ է պահել անցնող թշնամիներին: Այս պատճառով էլ ժայռը կոչվում է Բոզիի քար:

78. ԵՂՆԻԿԻ ԲԼՈՒՐ

Արաբները կողոպտում են Շաղատի վանքը: Կողոպտված հարստությունը և սրբությունները նրանք պահում են գաղտնի տեղում ու վրան հող լցնելով դարձնում են մեծ բլուր:

Տարիներ անց, երբ կառուցվում էր Տաթևի վանքը, տեղացիները սկսում են փնտրել Շաղատի վանքի հարստություններն ու սրբությունները` նոր կառուցվող վանք տեղափոխելու նպատակով, բայց չեն կարողանում գտնել:

Մի օր էլ 2 որսորդ ձիով հետապնդելիս են լինում եղնիկին, երբ անցնում էին մի բլրի վրայով, հանկարծ եղնիկի ոտքը խրվում է հողի մեջ: Տեղ հասնելով, ոևսորդները տեսնում են, որ դա այն բլուրն է, որտեղ պահված է հարստությունը: Հարստությունը հանելով տեղափոխում են Տաթևի վանք:

Այդ օրվանից բլուրը կոչվում է Եղնիկի բլուր:

109. ՍԱԽԿԱԼ ԹՈՒԹԱՆ
/գտնվում է Որոտան գետի ակունքի մոտ/

Տաթևից Հալիձոր գնալիս Դավիթ Բեկը հանդիպում է Ֆաթալի խանի օգնականին: Սա ծաղրելով Դավիթ Բեկին` ասում է. «Դավիթ Բեկ, մորուքդ բռնիր, նամազդ արա, վերջդ եկել է»: Դավիթ Բեկը պատասխանում է. «Մենք այսպիսի տեղերում ո’չ նամազ ենք անում, ո’չ էլ մորունք բռնում. մենք թրի կոթ ենք բռնում, տղամարդ ես դիմացի»: Ասում է, թուրը քաշում, վրա տալիս խանի ձիավորներին, բոլորին կոտորում, և դառնալով խանին ասում. «Մորուքդ բռնիր, այ շուն, նամազդ արա, վերջդ եկել է». թռցնելով խանի գլուխը, նետում է Որոտան գետը: Դրանից հետո այդ ձորի կոչվում է Սախկալ Թութան (Մորուսակալ):

Հ.Գ. Տաթև գյուղում այդ վայրին Սախկալ Դութան են ասում – տեղանքը լավ ճանաչողների համար  – Հալիձորի անտառից դեպի Սատանի կամուրջ իջնող առաջին ոլորանը հենց այն վայրն է, որ հիշատակվում է այս պատմության մեջ: Լ.Հ.

110. ԲԱՄԲԱԿԻ ԾՈՎ
/Գտնվում է Տաթևի վանքի առջևում/

Այս ձորը հաճախ լսվում է փափուկ ու ստիպակ ամպերի քուլաներով, որոնք նման են բամբակի: Դրա համար էլ ձորը կոչվում է Բամբակի ծով:

Հ.Գ. «Ձորը Որոտանի կիրճն է. այն ձորը, որը տեսանելի է Տաթևի վանքից և Հալիձորի անտառի պռնգից: 2007թ. առավոտյան ժամը 7-ից Տաթևի ուսուցչական կոլեկտիվը Լեռնային Ղարաբաղ էր ուղևորվել ու, մինչ իջնում էինք Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ոլորանները, ձորը լցվում էր Ղանալանյանի նկարագրած բամբակե ամպի քուլաները: Որքան իջնում էինք ձորը, այնքան ընկղմվում էինք «ծով»-ի մեջ: Հետագայում ես այդ «ծով»-ը ներկայացնում էի որպես թանձր կաթով լիքը «ծով»: Լ.Հ.

146. ԵԶԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ
/Գտնվում է Տաթևի վանքի հանդիպակած լեռնաշղթայի վրա/

Այս քարաբլորը կազմված է անտաշ քարերի կիտվածքից, որը օր-օրի ավելանում է, քանի որ ամեն անցորդ ճանապարհից մի քար է վերցնում ու նետում ու նետում նրա վրա: Ասում են, թե քարակույտի տակ թաղված է մի եզ, որը առանց մարդու օգնության շրջակայքից մեջքով կրել է Տաթևի վանքի համար անհրաժեշտ շինանյութերը:

147. ՀԱՐՍՆԱՔԱՐ
/Գտնվում է Տաթևի ձորում, Սատանի կամուրջի մոտ/

Շահ-Աբասը գալիս է Տաթև: Նա մարդ է ուղարկում, որ գնան ու Մեծ Անապատից մի կույս բերեն իրեն: Ճանապարհին շահի համար ընտրված կույսը իրեն նետում է ձորը ու տեղն ու տեղը քար դառնում: Ասում են, թե ամեն տարի նույն օրը ձորից մի ծվոց է լսվում:

157, ՀԱՅՐԻԿԻ ՔԱՐ
/Գտնվում է Տաթևից Հալիձոր տանող ճանապարհի վրա/

Տաթևից Հալիձոր գնալուց  Խրիմյան Հայրիկը նստել է այստեղ հանգստանալու համար: Ի Հիշատակ Հայրիկի զանգեզուրցիները այստեղ մի մեծ քար են կանգնացրել, որը և կոչվում է «Հայրիկի քար»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ..

 

2 responses to “Ավանդապատումներ

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: