RSS

Մտորումներ մեկօրյա Տաթևյան այցից

1. Սա ձեր առաջի˚ն այցն էր Տաթև: Կկիսվեք տպավորություններով:

Սա իմ հերթական այցն էր ծննդավայր, ուր չէի եղել գրեթե մեկ տարի… Սրտի թրթիռով էի սպասում այն օրվան, որ նորից կլինեմ այնտեղ, հատկապես այն ամենից հետո, ինչ Ճոպանուղին էր բացվել ու ես դեռ չէի տեսել այն…

2. Ինչու˚ ընտրեցիք Տաթևը, խմբին որ տեսանկյունից էր հետաքրքրում Տաթևը: Արդյո˚ք արդարացված էին խմբի ակնկալիքները:

Դեռ մի տարին չի բոլորել «Տա-թև» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմանը Տաթևում ու այն դառձել է բոլորի փափագը գոնե մեկ անգամ նստել ու ապրել այդ երանելի «արծվի թռիչքը», որ շատերն են նկարագրում: Խումբը ներկայացնում էր Երիտասարդ առաջնորդների դպրոցի ամենաերիտասարդ սերունդը, բայց տարիքային առումով ամենահասուն երիտասարդները: Մեզ էին միացել այլ երիտասարդներ նույնպես, ովքեր One Way Tour խմբի անդամներին էին, իսկ վերջինս կազմակերպեց մեր ուղևորությունը Տաթև… Խմբի անդամներից շատերը չէին եղել Տաթևում, իսկ որոշների համար Տաթևը մանկության հուշ էր… Թե որքանով արդարացան խմբի ակնկալիքները, միայն կարող են կիսվել անդամները, իսկ իմ պատկերացմամբ մեր առաքելությունը կայացել էր… Տաթևը միշտ է թողնում իր անջնջելի հետքը մարդկանց հիշողություններում…

3. Գիտեմ, որ ներկայացնում եք Երիտասարդ Առաջնորդների դպրոցը – որպես երիտասարդ առաջնորդ ինչ հնարավորություններ եք տեսնում Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Որո˚նք կլինեին ձեր առաջնահերթությունները, եթե դուք լինեիք պատասխանատու անձ զբոսաշրջության ոլորտում:

Եվ որպես երիտասարդ առաջնորդ, և առաջին հերթին որպես տաթևացի պետք է նշեմ` բավականին անմխիթար վիճակում էր գտնվում Տաթև զբոսաշրջային գոտին… Ակնհայտ անտարբերություն շրջակա միջավայրի նկատմամբ. այն հիանալի վայր է այցելության համար, երբեք չես հոգնում դիտել ու չես դադարում հիանալ բնության հրաշալիքներով, ինչը չեմ կարող ասել մարդկային գործոնի մասին… Այցելուները շատ վատ են վարվում այդ ամեն հրաշալիքների հետ` աղտոտում, վնասում, ոչ հաճելի հետքեր թողնում այս ու այն քարին ու թփին: Առաջին քայլը, որ կնախաձեռնեի «Տաթև» հանգստյան գոտում` վերահսկողություն է ամեն մի քարի ու թփի նկատմամբ: Անհրաժեշտ է ազատել բնությունը այդ աղբից ու «ախտից» ու վերահսկել յուրաքանչյուր անհատ-այցելուին, որ ոտք է դնում Տաթևի հողին:

4. Արդեն մեկ տարի է ինչ մեկնարկվել է Տաթևի վերածնունդ ծրագիրը – Տաթևը նորածնի դերում տեսա˚ք:

Տաթևը ծերացել էր… Ինչու՟ էր հոգնած Տաթևը: Միգուցե՟ մարդկային այդ անմխիթար ու ոչ հոգատար ամբոխներն են հոգնեցրել նրան… Չգիտեմ: Այն որ Տաթևում գործում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին` աներևակայելի հրաշք է շատերի համար: Ինձ չզարմացրեց այն: Միգուցե այն պարզ պատճառով, որ գրեթե 30 տարի անընդմեջ ես վայելել եմ այդ թռիչքը. քարքարոտ, հոգնեցնող ու վտանգավոր ճանապարհներով ու ինձ այդ սահուն թռիչքը ավելին չտվեց…

Վանական hամալիրում այնքան մարդ կար: Ճոպանուղին այնքան մարդաշատ էր` գործարար միջավայրի հոտ էր գալիս: Չկար բնության հոտը: Անձրևն անգամ կորցրել էր իր բույրը: Ես կարոտել էի այն թարմությունը, որ բնությունն էր պարգևում անձրևից ու ամպրոպից հետո: Սակայն չեմ կարող չնշել նաև այն ամեն հիանալի փոփոխություների մասին, որ տեսա վանքում` հատկապես ձիթահանի թանգարանային վերածնունդը: Կերպարանափոխվել էր ձիթահանը,  խնամված էր, խոսուն:

Իսկ Ճանապարհի մասին խոսքեր չունեմ… «խեղճ ինես տու ծորի ժղովուրդ», – տատս կասեր, – «երբ էիր տու տենց ասֆալտի ճընապա տեսալ: Վախում եմ նույնիսկ երազում չըտսնայիր… աշկդ թարթում ես, հենես Սըտընի կըմըրջումը…»: Ափսոս այդ հրաշքը ուշ հայտնվեց տարածաշրջանի գյուղացիների կյանքում: Ասում են ուշ լինի նուշ լինի` ինչ իմանաս:

5. Ի˚նչն էր ակնառու Տաթևում, և ինչի˚ կարիքն էր առավել զգացվում:

Անտարբերությունը և հոգատարության…

6. Ի˚նչը հիասթափեցրեց ձեզ:

Մարդկանց անկառավարելի ամբոխը: Ես ավելին էի սպասում Տաթևում այսքան ներդրումներից հետո: Ուզում եմ անպայման խոսել «Տաթևեր» ճոպանուղու մասին ու հատկապես սպասարկման որակի ու այնտեղ տիրող մշակույթի մասին ու նաև ուզում եմ անդրադառնալ հաճախորդների նկատմամբ վերաբերմունքին: Ժամը 5-ն էր, մեզ տեղեկացրեցին, որ ճոպանուղին «փակվում է» երեկոյան ժամը 6-ն անց կեսին: Նույնիսկ նախորդ օրը աշխատել էր մինչև երեկոյան ժամը 8-ը: Մենք մկրտություն ունեինք. մեր խմբի աղջիկներից մեկը` Մարիամը, որոշել էր կնքվել հենց Տաթևի վանքում: Ուղիղ ժամը 17:55 մոտեցանք ճոպանուղու «Տաթև» կայանին, այն արդեն պատրաստվում էր եզրափակելու իր առօրյան: Դրսում անձրևում էր, ցուրտ ու քամի: 19 հոգանոց մեր խումբը կանգնած էր փաստի առջև. չուներ հնարավորություն հասնելու ճոպանուղու մյուս կայան, ուր սպասում էր տրանսպորտը տուն հասցնելու համար: Բաց երկնքի տակ, անցակետի մոտ անկանոն խմբվել են մարդիկ ու չեն ենթարկվում հսկիչներին ու չկա «հերթ» հասկացությունը… Չգիտես ինչու արդեն տոմսեր ունեն ավելի քան 50 հոգի ու սպասում են իրենց հերթին ճանապարհվելու, բայց փակ է մի հարկ ներքև գործող սպասասրահը. աշխատանքային օրը ավարտվում է: Չենք մոռանում, որ անձրևում է ու սառը քամի է փչում: Որքա~ն ծանոթ էր այդ սառնությունը:

Վանքից կամաց-կամաց բարձրանում են այցելուներ ու պարզվում է դեռ պետք է գնան Հալիձոր ու միակ ուղղին ճոպանուղին է, իսկ ճոպանուղին արդեն ավարտել է իր աշխատանքային օրը: Այն ամեն բացասական ու ոչ հոգատար վերաբերմունքի մասին, որ խոսեցի վերևում, նաև ուզում եմ անպայման անդրադառնալ ու երախտագիտությունս հայտնել Ճոպանուղու ղեկավարությանը ու անձնակազմին իրենց աջակցության համար. Մեր խմբին տրվեց հնարավորություն հասնել «Հալիձոր»-ի կայան: Հիմա գուցե հակասական վերաբերմունք ձևավորվեց ձեր մոտ, սիրելի’ ընթերցող, իմ խոսքերի նկատմամբ, բայց այդ ամեն դրականը երբեք չի կարող իմ համար երաշխիք լինել չնկատելու բացասական գծերը ու մթնոլորտը, որ տիրում էր այնտեx:

Ուզում եմ հարց բարձրացնել ի լուր բոլորի…

• ինչու՟ պետք է այդքան հսկայական ներդրումներ ունեցող կառույցը ունենա այդքան ոչ լիարժեք մշակված սպասարկման մեխանիզմներ…

• ինչու՟ մարդիկ /այս պարագայում այցելուները/ ունենան այդքան ոչ հոգատար վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ, ու նաև այն ամենի ինչ կատարվում է կայանի հարթակում:

• ինչու՟ մենք չենք սիրում կարգ ու կանոն:

• ինչու՟ մենք ժամանակին ու լիարժեք տեղեկատվություն չենք ստանում մեր համար հասանելի երևույթների, հնարավորությունների մասին, կամ տեղեկատվության առկայությունը թյուր է ու ոչ կայուն ժամանակի ընթացքում:

• ինչու՟ պետք է Տաթև առաջին անգամ այցելող զբոսաշրջիկը հիասթափություն ապրի ու բարձրաձայնի, որ սա իր առաջին ու վերջին այցելությունն է…

• ինչու՟ ես որպես տաթևացի չպետք է գլուխս բարձր հեռանամ իմ ծննդավայրից ու այն վստահությամբ` նորից հրավիրել իմ ընկերներին լինել Տաթևում:

• ինչու՟ են մարդիկ աղտոտում բնությունը, շրջակայքը, այն վայրերը, ուր իրենք են ոտք դնում, ուր վաղը հայ մարդն է այցելելու, կամ օտարերկրացին է գալու ու կարծիք կազմելու իր հայրենիքի մասին:

Կարող եմ շարունակել իմ «ինչու»-ների շարքը… Բայց նաև ուզում եմ «ինչու«-ների փոխարեն լուծումներ առաջարկել կամ փնտրել…

7. Ի˚նչ կձեռնարկեիք շտկելու այդ թերությունը, որ նույն զգացողությունը չպատճառեր հաջորդ այցելուին:

• Առաջին լուծումը, որ մտքումս ծնվեց այն է. կոչ բոլոր-բոլորին – փոքրին ու մեծին, հային ու օտարերկրացուն – սիրեք Հայաստանի յուր թիզ հողը, ինչպես սիրում եք ձեր տան յուրաքանչյուր անկյունը: Մաքուր պահեք այն հողն, որի վրա ոտք եք դնում ու ջուրը, որ խմում եք:

• Ես մտմտում եմ շաբաթօրյակների մի ամբողջ շարք սկսել – մաքրելու ողջ Տաթևի տարածքը, ինչպես նաև մշակելու վերահսկողական մեխանիզմներ, որ պահպանվի այդ մաքրությունը ու անգամ տույժեր կիրառել աղտոտողների նկատմամբ:

• Ուզում եմ կոչ անել, բոլոր վարորդներին… կարիք չկա «ներկայացումներ» խաղալ ձեր թանկարժեք մեքենաներով: Տաթևի հողին կամ այցելուին երբեք չի զարմացնելու ձեր ով կամ ինչում լինելը: Տաթևին ու շրջապատող աշխարհին զարմացրեք ձեր վերաբերմունքով ու հոգատարությամբ:

• Անհրաժեշտ է սպասարկման մեխանիզմեր մշակել ճոպանուղու անձնակազմի համար: Համոզված եմ` այն կարևոր առաքելությունը, որ նրանք են իրականացնում, անվտանգ տեղափոխելով յուրաքանչյուր հաճախորդի, ավելի կատարյալ կլինի, եթե յուրաքանչյուր հաճախորդ իրեն անվտանգ զգա նաև մարդկային վերաբերմունքից, բնության խենթություններից պատսպարվելուց ու հիասթափություն ապրելուց:

8. Ի˚նչ կասեք ճոպանուղու մասին, աշխարհում այն ամենաերկար հեռադարձելին է… ի˚նչ զգացողություններ առաջացրեց:

Թե խոսեմ անկեղծորեն` երազում էի նստել ճոպանուղին դեպի Տաթևի վանք ուղղությամբ: Ասում էին անկրկնելի զգացումներ է պարգևում: Ցավոք չստացվեց: Միգուցե այն տագնապը, որ ունեցանք ճոպանուղով Հալիձոր հասնելու հնարավորություն չունենալուց, կամ ցուրտ եղանակը, հիշում եք անձրևում էր, քամի էր ու ցուրտ,թույլ չտվեց ավելին զգալու, քան սպասում էի, բայց որպես կառույց այն անգնահատելի է ու կարևոր ներդրում Տաթև հանգստյան գոտու որպես զբոսաշրջային կենտրոն վերածննդի գործում: Բայց նաև մեկ այլ մտավախություն ու վերաբերմունք, որ ունեի ի սկզբանե… վախենամ ճոպանուղին ոչ մի սոցիալ – տնտեսական զարգացման բեկում չմտցնի Տաթևի ու տաթևացու կյանքում: Ինչքան կուզեմ գալիք մի քանի տարիները ինձ հակառակը համոզեն ու ես խոստանում եմ բոլորին ի լուր խոստովանել, որ ես այ էս ժամ ու էն ժամ սխալվում եմ ու էի…

9. Ի՞նչ կավելացնեք վերջում:

Օօօօ~, ուզում եմ, իմ հայրենի եզերքը, վերածնունդ ապրի ոչ միայն որպես զբոսաշրջային գոտի, այլ Տաթևը որպես բնակատեղի: Տաթևացին առանց սոցիալական վախի տուն վերադառնա: Ասում են Տաթևի երբեմնի կենդանի փողոցներում մարդկանց ոչ հաճախ ես հանդիպում: Տաթև գյուղը ծերանում է: Հուսով եմ պատկան մարմիններին մտածելու առիթ կտա:

Շնորհակալություն,

Լուսինե Հարությունյան

«Տաթև գյուղը պատմության էջերում» բլոգային հարթակի հեղինակ

 

One response to “Մտորումներ մեկօրյա Տաթևյան այցից

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: