RSS

ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋ

«Տաք ջուր» – Որոտանի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը «Սատանայի կամուրջ»-ը: Այն ջրի խելահեղ հոսանքի վրա կախված անձեռագործ բնական տանիք է` մոտ 150 մետր լայնությանբ և 200 մետր երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարից և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա առանձին փոսերում պղպջակներ արձակելով բխում են տաք հանքային աղբյուրներ: Կիրճի երկու զառիթափի լանջերը ևս կազմված են տրավերտինից, որոնք դեղնակարմրավուն քարափների երկու կողմից 250-300 մետր բարձրությոմբ պարիսպներով իջնում են կամրջի եզրին: Այդ քարափները այնքան իրար մոտ են, որ կազմում են ընդամենը 180-200 մետր լայնությամբ մի նեղ միջանցք: Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է մոտ 100 մետր: Նրա տակ կուտակված տրավերտինե սյուները, վիթխարի ստալակտիտներ, կախված են գետի վրա և ունեն դեղին գույն, իսկ ներքևում հետզհետե կանաչում են նմանվելով փրփրագեղ ջրերին: Այդ ստալակտիտները առաջանում են շրջակա քարափների և հենց կամրջի ընդերքում հոսող հանքային ջրերի մեջ լուծվող կալցիումի և այլ աղերի անջատումից:

Սատանայի կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Նրանց ջերմաստիճանը 25 աստիճան է:

Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է. «Սատանայի կամրջի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են, որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան գետը»:

Տեղի բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը «Սատանայի կամուրջ»:

Դարեր շարունակ ժողովուրդները այդ ջրերը օգտագործել են զանազան հիվանդությունների, հատկապես ռեմատիկ, բուժման համար:

1972 թվականին այդ հանքային ջրերի մոտ կառուցվել է Հանգստյան տուն…

Կան նաև հետևյալ հանքային ջրերը`

  • Քոսի աղբյուրը Որոտանի ափին:
  • Աղանձու գետի հանքային ջուրը:
  • Ուրթուխաների գետի ափի հանքային ջուրը:
  • Զկռվարի գետի աղի հանքային ջուրը:

Հեղինակ` Բ. Հարությունյան

− ∞ − ∞ − ∞ −

Հրապարակում – «Մայրենի Լեզու» 1970

ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Զանգեզուր եղա՞ծ էք: Չքնաղ լեռնաշխարհ մըն է ան: Հոն յայտնի է գետի վրայ ինկած բնական կամուրջ մը, զոր ժողովուրդը Սատանայի Կամուրջ անուանած է:
Դէմդ անդնդախոր ձորն է, որուն մէջէն սրընթաց դէպի քեզ կու գայ փրփրադէզ գետը: Կու գայ եւ յանկարծ կ’անհետանայ:
Կամուրջին տակ, աղօտ կիսալոյսի մը մէջ կը տեսնուին խոշոր, հիանալի բիւրեղներ, որոնք ճերմակ, գոյնզգոյն մոմերու պէս կախուած են ջուրին վրայ:
Այդ բիւրեղնրը զանազան ձեւի ու մեծութեան են եւ մէկ քանի աստիճաններով կանաչ ու դեղին կամարներ կը կազմեն: Այդ բիւրեղները բազմերանգ են, բարակ ու երկար, յաճախ ալ սիւներու նման հաստ ու բարձր: Իսկ թէ ի՞նչ պահուած է անոնց ետեւը, ի՞նչ գաղտնիքներ կան կամուրջին խորը, կը մնայ անլուծելի: Ատոր համար ալ տեղացիները Սատանայի կամուրջ կ’անուանեն զայն:
Աշխարհի մէջ չկայ կամուրջ մը, որ նման ըլլայ Սատանայի կամուրջին:

 

One response to “ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋ

Leave a comment