RSS

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

English Version / Russian Version 

Տաթևի վանքը`

Իբրև ճարտարապետական  անկրկնելի կոթող,

Իբրև «գլուխ ամենացունց վանործից» և,

Իբրև խավարի մեջ գիտության ու գրագիտության լույս տարածող մի ջահ,

Ցանկալի էր «հեռավորաց և մերձավորաց, բոլոր Հայաստան աշխարհիս ջահավորյալ, իբրև զարեգակն ի մեջ աստեղաց»:

Այսպես է գրում անանուն պատմիչը:

Տաթևի վանքը, որ X դարում ուներ 500 միաբան և «լի էր ծովամատոյց փիլիսոփայիք, երաժշտական երգոց» ոչ միայն աղոթից տուն դարձավ, այլև մշակութային, արվեստների ու արհեստների, գիտության զարգացման մի ջերմառաք օջախ, որի կրակը չմարեց ավելի քան կես հազարամյակ:

Վանքը գտնվում է Գորիսի տարածաշրջանի հարավային մասում, Որոտան գետի աջ ափին բարձրացող մի եռանկյունաձև «թերակղզու» վրա: Բարձրունքի գագաթը բավականին ընդարձակ սարահարթ է, որը արևմուտքից և հյուսիսից եզերված է բարձր լեռներով:

Այդ բարձրադիր դաշտում նախաքրիստոնեկան շրջանում եղել են հեթանոսական մեհյաններ, իսկ մ.թ. IV-V դարերում գործել մի անշուք եկեղեցի: Տաթևի եկեղեցու նշանակությունը հետզհետե բարձրացրել է և VIII դարի երկրորդ կեսին այն դարձել է Սյունյաց Եպիսկոպոսության կենտրոնը:

Այդ ժամանակներում էլ, 895 թվականին, հիմնադրվում է հետագայում հռչակավոր դարձած Տաթևի վանքը, որը Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն էր ու քրիստոնեական եկեղեցու հոգևոր ֆեոդալականության խոշորագույն ու ազդեցիկ կենտրոններից մեկը Հայաստանում:

Տաթևի վանքը իր տաճարներով, պարիսպներով և օժանդակ շինություններով ներկայացնում է ճարտարապետական մի բարդ համալիր, որի ստեղծման համար պահպանջվել են տասնյակ տարիներ  ու հսկայական աշխատանք:

Վանքը պարիսպապատ է, իսկ հրապարակի կենտրոնում բարձրանում է գլխավոր հուշարձանը` Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

Բ. Հարությունյան

 

2 responses to “ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

  1. tigranmkrtchyan

    September 23, 2010 at 22:30

    the WORLD’S LONGEST AERIAL TRAMWAY is in ARMENIA!
    Աշխարհի ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ!

    http://www.facebook.com/TatevArmenia

    If you’re interested.no other choice!

     

Leave a comment