RSS

«ՏաԹևերը» Տաթևին «աշխարհի չափ տուրիստ» բերեց, բայց ոչ առաջին դասարանցիներ

– Պարոն Սիմոնյան, քանի՞ առաջին դասարանցի ունեք այս տարի: 

– Երեք, ցավոք սրտի, երեք: Խորհրդային Միության էն դժվար տարիներին է համընկնում մեր հիմիկվա ապրուստը, երիտասարդները խուսափում են ամուսնությունից, ճիշտ է, բնակվում են, որ ասեմ երիտասարդներ չունենք գյուղում, սուտ կլինի, բայց չեն ամուսնանում, երեք տղա էլ ինձ ունեմ, էստեղ ապրում են, բայց մեկն է ամուսնացել, մյուսը 30 տարեկան է, բայց դեռ չի ամուսնացել: Դե բնակարան են ուզում, հարմարավետ պայմաններ, որ կարողանան ընտանիք պահեն, ես ի՞նչ անեմ: Մի քանի տարի առաջ երիտասարդներից արտահոսք կար դեպի Կապան, Քաջարան, հիմա ահագին երիտասարդներ են էնտեղ բնակվում, էդ պատճառով էլ էստեղ քիչ են երեխաները:

– Իսկ հիմա գյուղից գնացողները շա՞տ են:

– Էս վերջին երեք տարվա ընթացքում հիմնական գնացողներ համարյա չկան, քիչ են:

– Քանի՞ տուն կա Տաթևում:

– Տուն շատ կա, բայց բնակվողներ չկան, 218 ծուխ կա:

– 218 ծուխ ու ընդամենը 3 առաջին դասարանցի՞:

– Հա, ծերերն են շատ, թոշակառուներ են, երիտասարդներն էլ ամուսնացած չեն, բայց հետագա տարիներին լինելու են, էս տարի քիչ են:

– Դպրոցում բավարար քանակով ուսուցիչներ կա՞ն:

– Այո՛, էդ ամեն ինչը ապահովված է բարձր մակարդակով, բայց որ երեխաները քիչ են, էդ ա ցավոտ հարցը: Բոլոր 12 դասարաններն էլ կան, բայց ընդամենը 98 աշակերտ ունենք էս տարի, երկու տարի առաջ 150-ից եկել–դառել է 98: 
– Անցած տարի քանի՞սն են եղել առաջին դասարանցիները:

– Էլի երեքը, ցավոք, իսկ նախանցած տարի 9 աշակերտ ունեինք, բայց ինձ թվում ա՝ կավելանան, հույս ունենք, կարող ա եկող տարի 6 հոգի լինեն:

– Կարելի է մտածել, որ Ձեր վիճակը ուրիշ գյուղերի համեմատ լավ է, գյուղ կա, որ մեկական աշակերտ ունի ամեն դասարանում, բայց արդյո՞ք զբոսաշրջության զարգացման գոտի համարվող Տաթևի համար դա լավ ցուցանիշ է:

– Դե ինչ անեմ, ինչ անեմ այ ձեր ցավը տանեմ, կարո՞ղ ա ես ուզում եմ, որ էդպես լինի:

– Լավ, ի՞նչ «բերեց» ճոպանուղին Տաթև:

– Որ ասեմ օգուտ չտվեց, սխալ կլինի, ճոպանուղուց էսօր օգտվում են, աշխատողներ կան գյուղից, ընտանիքները մարդկանց հյուրընկալում են, բայց շուկայի հարց կա, որը ձգձգվում է, պիտի արդեն լուծեն էդ հարցը, Տաթևի առաջնահերթ խնդիրը եղել է այդ շուկան, որ ժողովուրդը օգտվի, վաճառի: Հիմա, չնայած, արգելում են, բայց մարդիկ դեռ կանգնած են էնտեղ:

– Փաստորեն վանքի հարևանությամբ արգելո՞ւմ են տեղացիներին առևտուր անել:

-Հա էլի, մի քիչ հարմար չի, Մայր Աթոռը դժգոհում ա, ասում են վանքի պահպանության գոտի ա, սեղանիկներ են դրված, պահանջում են, որ փակ բան լինի, բայց դե էլի մեր համայնքն ա, պահպանում ենք, մինչև ժամանակավոր 6 փայտե տնակներ ենք պատրաստել, ուզում ենք տեղափոխենք էդտեղ, մինչև որ մեծ, հիմնական շուկա ունենանք:

Իրենք դժգոհել են, ես էլ ասել եմ՝ մինչև իմ հարցերը չլուծվեն, շուկան չբացվի, պայմաններ չլինեն, ես չեմ կարա իմ ժողովրդին արգելեմ,ասեմ՝ մի՛ օգտվեք:

– Հիմա տաթևացու ապրուստի հիմնական միջոցը ո՞րն է:

– Հիմնականում անասնապահությունն ու հողագործությունը:

– Իսկ արդյունքնե՞րը:

– Աստծուց կախված: Տարի կա՝ լավ ա, տարի էլ լինում ա, որ գյուղացին վնասով ա փակում, բայց ինչ արած:

– Տնտեսության ցուցանիշներն ինչպիսի՞ն են:

– Ոչինչ, անասնագլխաքանակի որոշակի աճ կա, ցորենը, որ ասում են շատ բարձր է, չէ, միջին չափի, հունձը սկսված է, խոտը՝ ոչինչ, արդեն կուտակեցինք, վատ չի, ոչինչ էլի, կամաց-կամաց միջին ցուցանիշներով փորձում ենք առաջխաղացում ունենալ:

– Իսկ որպես տուրիզմի գոտի, զարգացման հեռանկարներ տեսնո՞ւմ եք:

– Ճիշտը որ ասեմ՝ արդեն երկու տարուց ավել է, անընդհատ գալիս–գնում են, ճարտարապետական ինչ-որ հետազոտություններ են անում, որոշակի հարցեր կան մշակույթի նախարարության հետ, ինչ-որ բաներ չեն թույլատրվում՝ թե նորմատիվներին չեն համապատասխանում, բայց փաստորեն ծրագիրը մշակված է, գումարը կա, հիմա էլ մշակույթի նախարարության կողմից է ձգձգվում, չգիտեմ՝ ինչ պատճառով: Թե խոստումներ սուտ են, սուտ չեն, չգիտեմ, ուղղակի զարգացումը դանդաղ է ընթանում, ամեն օր ասում են՝ վաղը կլինի, մյուս օրը, բայց դեռ արդյունք չենք տեսնում:

– Կարո՞ղ ենք ասել, որ Հ. Թումանյանի «Երկաթուղու շինարարությունը» պատմվածքի գաղափարը, թե երկաթուղին մտավ գյուղ, հացը դարձավ փողով, ճոպանուղու օրինակով տաթևացիների դեպքում էլ եղավ։ Գյուղացիները գո՞հ են:

– Տաթևացիները գոհ կլինեն, էլի էսօր մի 20%-ը օգտվում է, ուղղակի համայնքը հնարավորություններ չունի, որ ամբողջ 
աշխարհը թափված է էստեղ, մարդկանց տեղեր են պետք, որ զբոսնեն, ժամանակ անցկացնեն, սնվեն, բայց մենք էսօր պատրաստ չենք դրան: «Սատանի կամրջի» մոտ 4, 5 հոգի դրած՝ չեմ կարողանում էդ աղբը հավաքել, դժվարությունն իմ համար է, ոչ թե ժողովրդի, մեքենա եմ վարձում Գորիսից բերում, որ գա աղբը տանի, բայց մարդիկ չեն բերում աղբը գցում աղբաման: Քիչ ա մնում ասեմ՝ երբ կլինի, սեպտեմբերը գա, գնան էստեղից:

Ես պիտի 15 աշխատող պահեմ, որ էդ աղբը հավաքի: Ճոպանուղին կառուցվել է, գիտեն թե մեզ միլիոններ ա տալիս, տարեկան 15.000 դրամ գույքահարկ են մուծում, որը ծիծաղելու գումար է: Պետական գներ են, ինչ ասեմ:

– Իսկ ճոպանուղին անխափա՞ն է աշխատում տեղի կլիմայական պայմաններում:

– Ճոպանուղին անխափան աշխատում է, շատ անվտանգ է, անհատներին օգուտ բերում է, ուղղակի համայնքի ընդհանուր զարգացման համար էսօր լուրջ փոփոխություններ չկան: Թե չէ՝ սուտ կլինի ասել, որ օգուտ չի բերում: Էնպես չի, որ դժգոհ ենք, ուղղակի էդ ամեն ինչը շատ դանդաղ ա ընթանում, մարդիկ էդքան ներդրումներ են արել, ուղղակի մենք ու մեր կառավարությունն է մեղավոր, որ դանդաղ ենք այդքանը կատարում:

Tert.am-ը Սյունիքի մարզի Տաթև համայնքի խնդիրների, զարգացման հեռանկարների և բնակիչներին «ՏաԹևեր» ճոպանուղու բերած օգուտների ու վնասների մասին զրուցել է գյուղապետ Մուրադ Սիմոնյանի հետ։ Գյուղապետը նշում է, որ գոհ են զբոսաշրջության զարգացումից, սակայն համայնքում խնդիրներ դեռ կան, մարդիկ դեռ ունեն զբաղվածության խնդիր, ուշադրության արժանի է նաև բնակչության աճի խնդիրը։ 

Աղբյուրը` tert.am լրատվական կայքի

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: