RSS

Պատառիկներ 85-ամյա ծերունու հուշերից…

Հրանտ պապ, Տաթևում ե՞րբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմի զորահավաքը, – հարցրեցի ես` փորձելով զրույցի բռնվել ծերունու հետ:

Ակնհայտ էր. շոշափվող թեման ցավոտ էր լինելու:

–         1941թ. հուլիսի 22-ին, – ծանր-ծանր սկսեց ծերունին,  – Տաթևից 550 երիտասարդներ մեկնեցին ռազմաճակատ, նրանցից գրեթե 300 տղաներ չվերադարձան… կային ընտանիքներ, որ մարտի դաշտ էին ճանապարհել իրենց  բոլոր 3 կամ 5 որդիներին ու ոչ մեկը այդպես էլ չվերադարձավ տուն:

Դողում էր ծերունու ձայնը, մեկ ընդ մեջ նա մաքրում էր աչքերի անկյուններում գոյացած արցունքի լճակները:

Հրանտ պապ, ի՞նչ կարող ես հիշել քո մարտական կյանքից,  – վախվորած հարցս ուղղեցի ծերունուն ու կարծես սպասում էի. հարցս դառը հուշեր էր արթնացնելու…

–         18 տարիս դեռ չէր լրացել, որ 1943թ. հունվարի 20-ին ինձ ռազմաճակատ կանչեցին: Մեր ստորաբաժանումը շարժվում էր Կուրոսկ-Օրլոյ ուղղությամբ: Ես գնդացրորդ էի: Իմ հետ նաև մեր գյուղացի Համոն էր (չցանկացա ընդհատել պապի պատմությունը ու այդպես էլ չիմանացա Համոն ում ցեղից էր…): Մի օր մեր հրամանատարությունը ինձ ու մի քանի զինվորների հետախուզության ուղարկեց.  թշնամու ուժային հնարավորությունների մասին տեղեկատվություն էր պետք: Իմ հետ վերցրել էի նաև իմ զենքը: Անտառի միջով մի փոքրիկ արահետ մեզ մոտեցրեց թշնամու դիրքերին ու չգիտես ինչպես նրանց դիպուկահարը նկատել էր մեզ ու ես հայտնվեցի նշանակետում.  աջ ոտքիս ցավ զգացի – վիրավորել էի: Հիմա եմ հասկանում, որ սպառնալիք էի թշնամու համար.  ձեռքիս գնդացիր կար: Ընկերներիս հետևից չկարողացա հասնել ու հետ մնացի… ա~խր գնդացիրս էլ ծանր էր ու քարշ տալ չէի կարողանում… Թշնամուն գերի մնալու վախից  թողեցի զենքս ու սողալով հետ գնացի…

Ես փորձում էի չընդհատել ծերունուն,  բայց նաև ցավ էի ապրում… ու մեղադրում ինքս ինձ` նրա կյանքի դառն օրերի վերապրումի համար: Իսկ նա շարոունակում էր…

–         …նույն արահետով հետ սողացի  ու զգացի, որ ինձ վրա հրացանի սառը փող կար ուղղված: Դա իմ հրամանատարն էր, որ առաջացել էր ու ինձ թշնամի համարելով փորձեց կանգնեցնել… Նրան ասացի, որ ես եմ ու վիրավոր եմ… Արդեն մոտ էինք մեր դիրքերին:  Մեր բուժկետի սանիտարը ինձ տեղամաս հասցրեց ու ես հույս ունեի, որ ինձ առաջին բուժօգնություն կցուցաբերեն, բայց… ասացի չէ, որ վիրավորվելուց հետո գնդացիրս իմ հետ վերցնել չկարոցա, իսկ Ստալինի հրամանով բուժօգնութուն  չէր ստանում այն զինվորը, ով կորցրել էր զենքը: Կանչեցին հրամանատարիս, ես բացատրեցի իրողությունը ու նաև, թե որտեղ կարող են գտնել իմ գնդացիրը: Հրամանատարի ցուցմուքնով ինձ վիրակապեցին ու մարդ ուղարկեցին իմ զենքը բերելու:

Հրանտ պապը մի պահ կանգ առավ, կարծես ուզում էր ժողովել մտքերը ու շարունակեց…

–         …մեզ ապաստան տվեցին բելառուսական մի ընտանիքում: Տանտիրուհին մեզ կերակրեց, -ժպիտով հիշում է, թե ինչպես տան տիկինը հավը դրեց պղնձե կաթսայի մեջ ու կարտոֆիլ ավելացրեց:

Մեկ ժամ հետո նրանք հացի սեղանի շուրջ էին, ինչպես խոստացել էր տանտիրուհին:

Հրանտ պապ, չասացիր մեզ, իսկ ո՞վ էր ընկերդ, – հարցրեցի ես:

–         Հա~, մեղրեցի մի տղա էր, անունը Ջիվան, – հիշեց պապը ու փոշմանեց, որ չի վերցրել այդ տղայի հասցեն, գուցե հետո կարողանար հետը կապ ունենալ:

–         … հետո մեզ տարան հոսպիտալ, Բրյունսկ, – վերսկսեց իր պատմությունը Հրանտ պապը ու ցավով հիշեց, որ մի շաբաթ ջերմություն ուներ ու 6 ամիս պառկել է հոսպիտալում:

–         …ինձ վիրահատեցին, դիպուկահարի գնդակը մնացել էր ոտքիս մեջ: Չեմ հիշում ինչքան տևեց իմ վիրահատությունը, միայն այն եմ հիշում, որ մի դիմակ դրեցին քթիս ու խոսեցնում էին ինձ… երևի քնեցի…:

Արցունքոտված երախտագիտությամբ էր պապը հիշում իրեն խնամող  բուժքրոջը,  «Հարազատ քրոջ նման էր նա ինձ վերաբերում»,  – պատմում էր պապը:

Երկարատև հորդորներից հետո Հրանտ պապին ուղարկեցին թիկունք:

–         … մեկ ամիս գնացքով գնացինք ու հասանք Ուլանուդե, Բույրաթ  – Մոնղոլիա, շարունակեց պատմել պապը  ու ավելացրեց, որ ձմեռ էր, ցուրտ ու սառնամանիք, –  …ես հոսպիտալում մրսեցի ու նորից ջերմությունս բարձրացավ… հոսպիտալում ծածկոց չկար…

Ծերունին ծիծաղով է հիշում, որ երբ մի անգամ բուժքույրը մոտեցավ իրեն ու հարցրեց ինչ կցանկանա խմել, պատասխանել է, – «Թան եմ ուզում, սառը թան, գիտե՞ս ինչ բան է թանը…», –  հարցրել էր ծերունին ռուս բուժքրոջը:

–         …ախորժակ չունեի…, – շարունակեց  պապը ու հիշեց կողքի մահճակալին պառկած ռուս վիրավորին, – …նա կորցրել էր ոտքն ու ձեռքը ու ինձ խորհուրդ էր տալիս կարագ ուտել շուտ լավանալու համար…:

Հրանտ պապ, իսկ ինչպե՞ս եղավ, որ վերադարձար տուն, նամակ ուղարկեցի՞ր հարազատներիդ,  – հարցրեցի պապին, փորձելով շեղել նրա մտքերը հիվանդանոցային կյանքից:

Դժվար էր կտրել ծերունու մտքի թելը. նրանք շատ ամուր հյուսված էին իրար ու նա շարունակեց:

–         Երբ նոր էի վիրավորվել, նամակ գրեցի տուն, բայց հետո իմացա, որ չեն ստացել, – արագ իմ հարցին պատասխանելով պապը շարունակեց պատմել:

–         …ես խնդրել  էի  մեկին ինձ համար ձեռնափայտ սարքել. մի բաժին հաց ու կարագ տվեցի նրան… Հետո մեզ ճանապարհեցին Մոսկվա. մի ամիս ճանապարհին էինք – այն ժամանակ գնացքները շատ դանդաղ էին գնում – ածուխով էին աշխատում: Հասանք Մոսկվա ու մեզ` ես էի ու  2 վրացի տղաներ` օդաչու ու շարքային զինվոր, ճանապարհեցին Կովկաս: Էդպես հասա Ղափան /այժմ Կապան/: Հազիվ էի քայլում ձեռնափայտի օգնությամբ – բարձրացա փոստի 2-րդ հարկ, զանգ տվեցի գյուղ ու խնդրեցի իմ համար էշ ուղարկել.  տուն գնալ էի ուզում: 3 օր հետո ինձ համար ջորի բերեցին, – ծիծաղում է պապը ու հիշում, որ Ալեքսանդրն /նորից չիմացա ով էր այդ Ալեքսանդրը/  էր բերել  ջորին ու հավաստել, որ ջորին շատ խելոք է ու նեղություն չի տա: Իսկ այդ չար ջորին իրեն բավականին չարչարել էր: Հիշում է, որ ճանապարհին հանդիպեց մի խումբ ձիավորների` հարևան Սվարանց գյուղից էին, – էն ժամանակ գյուղացիները գալիս էին Ղափան նավթ, հաց ու տան համար ուտելիք ու այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար, – պատառիկներ է հիշում պապը գյուղացիների կյանքից:

–         …ինձ ձի տվեցին ու ապահով հասա գյուղ – վանքի մոտ ես էլի նստեցի իմ պել /գիժ/ ջորին ու հասա տուն:

Ծերունու մտքերը կարծես հանգրվան գտան. նա տուն էր հասել: Հիշում էր, որ մայրը լաց եղավ որդուն վիրավոր տեսնելով, բայց եղածն եղած էր ու ոչինչ փոխել չէր կարելի:

Այսօր ծերունին 85 տարեկան է ու 63 տարի անց նա դեռ ցավ է ապրում երիտասարդ տարիներին իրեն ու իր համագյուղացի ընկերներին բաժին հասած կյանքի մասին:

Գյուղում 5 հոգի դեռ ապրում են նրա մարտական ընկերներից ու ամեն տարի իրենց երախտագիտությունը հայտնելու համար մարտի դաշտում իրենց կյանքը զոհաբերած ընկերներին` այցելում են գյուղի մուտքի մոտ կառուցված հուշարձան- կոթողին ծաղիկներ դնելու: 1965թ. Հայաստանի ու նախկին Սովետական Միության տարբեր բնակավայրերում ապրող տաթևացիների հանգանակությամբ կառուցվեց հուշարձանը`  ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված 300 քաջարի տաթևացիներին, որ ծիծաղի և ապրելու կարոտը սրտերում այդպես էլ  չվերադարձան տուն`  իրենց ընտանիքների գիրկը:

Հուշարձանը նախագծել էր գորիսեցի ճարտարապես Սուրեն Հարությունյանը, իսկ կառուցել էր տաթևացի վարպետ Լևոն Հակոբյանը /Դիլունց Լևիկը/: Հուշարձանի վրա 4 մակագրություն կա`

  1. Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտում ընկած բյուրավոր տաթևացիներին,
  2. Հանուն հայրենիքի, հանուն ազատության կյանքը զոհաբերած լեռնեցի քաջերին,
  3. Սիրով ու խորին երախտագիտությամբ նվիրում ենք համագյուղացիներիս այս հուշարձանը,
  4. Թող հավերժ արև փայլի մեր սերունդներին և թող խաղաղ լինի հողը հնազանդ…
 

2 responses to “Պատառիկներ 85-ամյա ծերունու հուշերից…

  1. Eduard L. Levanyan

    May 10, 2010 at 19:34

    Հիանալի է: Ապրես Լուսինե ջան:

     
  2. Լուսինե Հարությունյան

    May 11, 2010 at 10:09

    Շնորհակալ եմ🙂

     

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: