RSS

Ճգնավորների կացարանը

Նյութի նկատմամբ հեղինակային իրավունքը  ImYerevan.com”–ի ` տեղեկատվական-ճանաչողական-ժամանցային յուրահատուկ պարունակությամբ ինտերնետային պորտալ հայկական աշխարհի մասին:

Հայկական պոեզիայի դասական Համո Սահյանն իր ժամանակակիցներից մեկի մասին մի անգամ ասել է. «Գիտե՞ք՝ նա իրականում շատ լավ արձակագիր է: Ուղղակի բախտը չի բերել ու Հրանտ Մաթևոսյանի հետ նույն ժամանակ է ծնվել»: Տաթևի Մեծ Անապատ վանքի ճանապարհին ամբողջ ժամանակ այս տողերի մասին էի մտածում: Այս գողտրիկ վայրում ասես տանն ես. այն չի բղավում, չի կանչում, չի շլացնում: Ուղղակի սպասում է մեկին, ով կնկատի իրեն Որոտանի կիրճի խորքում, որի զառիվայր ու քարքարոտ լանջը վեր է խոյանում Անապատի վրա ու ձուլվում հռչակավոր Տաթևի պատին:

Տաթևի Մեծ Անապատ

Անապատ վանք տանող արահետը սկսվում է Սատանի կամրջից: Եթե ճանապարհից գետի հոսանքի ուղղությամբ մի քիչ հեռանաք, էլ չեք մտածի, թե ինչու են այս բնական կամրջին նման անուն տվել: Ձախ կողմում՝ քարերին սերտաճած մեծ ու հոսուն ջրով լի ավազաններում, մեկնվել են նրանք, ովքեր փնտրում են բոլոր հիվանդությունների առավել հաճելի բուժումը: Աջ կողմում ահռելի քարե գավաթի հատակով հոսում է գետը: Այն ավելի հեշտ է լսել, քան տեսնել, քանի որ ամբողջ կիրճը ծածկված է իրար վրա կուտակված ու տարբեր ձևեր ստացած ժայռերով: Բնական է, որ այսպիսի տարօրինակ վայրում կառաջանար առասպել, այն էլ, իհարկե, սիրո մասին: Հնագույն ժամանակներում կիրճի երկու կողմերում երկու գյուղ կար. մեկում քաջազուն երիտասարդն էր ապրում, մյուսում՝ գեղեցկուհին: Նրանք գաղտնի հանդիպում էին երկու ափերն իրար միացնող նեղ կամրջի վրա: Բայց մի անգամ երկրաշարժը կործանեց կամուրջն ու ընդմիշտ բաժանեց սիրահարներին: Երկար ժամանակ ժայռերի գլխին նստած՝ միմյանց էին նայում ու չէին կարողանում հագենալ: Հանդիպելու ոչ մի հնարավորություն չկար: Ու երբեք չէր լինի: Սակայն մի անգամ կիրճի ուղղաբերձ լանջերի վրա սկսեցին ժայռեր աճել ու միանալով՝ վեր ածվել կամրջի: Սիրահարները կրկին հանդիպեցին ու էլ չբաժանվեցին: Բայց նրանց երջանկությունը երկար չտևեց. ամուսնությունից շատ չանցած՝ նորապսակ կինն իմացավ, որ իրենց հանդիպումը սատանայի միջոցով էր տեղի ունեցել, ով իր օգնության համար տղայի հոգին էր ստացել:

Հիմնական ճանապարհը Սատանի կամրջից սկսում է գալարներով բարձրանալ դեպի Տաթև, իսկ մենք իջնում ենք դեպի գետն ու ափամերձ արահետով քայլում նրա հոսանքին հակառակ: Մի քիչ հետո արևն այրելու փոխարեն սկսում է շողալ՝ մեզ ծածկող կանաչ սաղարթին ու կապույտ երկնքին հաղորդելով տարբեր երանգներ: Այնքան հեշտ է քայլել ու այնքան զվարճալի է քարից քար թռնել, գետն անցնել, որ սկսում է անհավանական թվալ, որ երրորդ անգամն ենք փորձում Անապատ հասնել:

Վանքի ճանապարհը
Առաջին անգամ անցած ամառ փորձեցինք: Մտանք գյուղական ճանապարհն ու գնացինք մինչև Սատանի կամուրջ: Երբ տեսանք, որ մեքենայով առաջ ընթանալն արդեն անհնար է, ոտքով շարունակեցինք ու այդպես մի քանի կիլոմետր էլ անցանք: Հասանք մի փոքր տնակի: Տանտերերը Վանես պապն ու Շուշո տատն էին. թթի օղի էին քաշում: Բակում տարօրինակ սարք էր դրած, որը նրանք ակնածանքով «գործարան» էին անվանում: Միջից բարակ շիթով անուշահոտ խմիչքն էր հոսում:

– Այո, այո… Մի ժամանակ այստեղ ճոպաններից կախված վագոնով կարող էիք գետի մյուս կողմն անցնել: Բայց հիմա ճոպաններից բացի ոչինչ էլ չի մնացել: Չգիտեմ՝ կկարողանա՞ք դրանցով անցնել. տեսեք՝ գետն ինչպես է վարարել: Մի ճանապարհ էլ կա, բայց միևնույնն է՝ գետը պետք է քարերի վրայով անցնեք, որոնք հիմա հաստատ ջրի տակ են: Անապատն էլ մոտիկ է՝ երկու քայլ է այստեղից:

Հայկը՝ մեր լուսանկարիչը, փորձեց գետն անցնել: Կանգելով ստորին ճոպանների վրա ու բռնվելով վերիններից՝ սկսեց քայլ առ քայլ առաջ գնալ: Այդ ընթացքում ես, ավելի մոտ նստելով Վանես պապին, փորձեցի պարզել, թե արդյոք այլ ճանապարհ չկար: Մեր իմացած միակ ուղին Տաթևից էր իջնում: Բայց այդ դեպքում ինչպե՞ս էինք հետ մագլցելու. կոտորածից փրկվող վանական չենք, կարող ենք կես ճամփին մնալ: Ի դեպ, վանքերից երկուսն իրար հետ կապված էին սողանցքով: Արժեր այն փորձել զուտ հետաքրքրության համար: Խնդիրն ուղղակի այն է, որ ոչ ոք չգիտի՝ որտեղ է նա սկսվում, ու չի կարող ասել՝ եթե մտնես, արևի լույս էլ ընդհանրապես կտեսնե՞ս, թե ոչ:

Վանեսն էլ թափ է տալիս ձեռքերը.
– Ծերունիներն իրենց հետ գերեզման տարան ճանապարհի գաղտնիքը. երևի արդեն վտանգավոր էր դարձել: Անապատ արահետով էլ կարելի է հասնել. տեսնում ե՞ս՝ ա՜յ այնտեղ՝ հանդիպակաց լանջին: Հուսամ՝ անձրևները չեն ողողել. այս տարի շատ անձրև եկավ…
Ես ամեն դեպքում մտապահեցի, որ արահետը սկսվում է լեռնային ճանապարհի չորրորդ գալարից. տեսնում էի, որ Հայկի ամեն քայլից ճոպանն ավելի ուժեղ էր ճոճվում: Նրա առաջ գնալն արդեն վերածվել էր տղամարդկային ինքնասիրության հարցի ու սպորտային արկածախնդրության:

Վանքի ճանապարհը. երկրորդ ուղու վրա
Վանես պապն անվրդով շարունակեց իր զրույցը.
– Գիտե՞ս՝ վանքը մի ժամանակ ներքևում է եղել, գետի հոսանքի ուղղությամբ: Այո՛, այդպես է եղել: Անունն էլ Անապատ Սյունյաց Մեծ էր: Բայց 1658-ի երկրաշարժն այն ավիրեց, ու Արիստակես վարդապետը հավաքեց բոլորին…
– Սպասի՛ր, – ընդհատեց Շուշոն: – Լավ չես պատմում՝ ես կպատմեմ: Առաջին երկրաշարժի ժամանակ վանքը չքանդվեց, ուղղակի մի քիչ վնասվեց: Պարզվեց, որ կանգնած էր մի մեծ քարի վրա, որը երկրի ցնցումից սահել, գնացել էր գետը: Վանականները բոլորը ողջ էին մնացել, ուղղակի, կներե՛ս, Աստվա՛ծ ջան, մի քիչ գլորվել էին: Ամեն դեպքում, այդտեղ արդեն մնալու չէր: Այդպես էլ բոլորը լքեցին սրբավայրը: Ասում են՝ միայն մի ծերունի մնաց: Ասել էր, «Շա՛տ եմ ծեր, ու կյանքս կդատարկվի այնպես, ինչպես վանքը, եթե բոլորս գնանք: Երկուսիս մեկ կյանք էր հասել, ուրեմն մահն էլ թող այդպես լինի»: Հուզիչ է, չէ՞, ասել, – Շուշոն շորի փեշով սրբեց քիթը: – Ու այդպես էլ չկարողացավ նրան ոչ ոք համոզել՝ մնաց վանքում: Մի քանի օր հետո էլի երկրաշարժ եղավ: Այս անգամ վանքը փլուզվեց, այդ բարի մարդն էլ մահացավ:

Վանեսի դեմքին հայտնվեց համբերատար արհամարհանքի արտահայտություն. «Ահա՜ թե ինչ մանրուքներով է տարվում կինը, բոլո՜ր կանայք: Մենք խոսում էինք վանքի մասին, ոչ թե ծերունու»: Ու շարունակեց այնպես խոսել, ասես չէր էլ ընդհատվել.
– Արիստակես վարդապետը հավաքեց բոլոր վանականներին ու ճգնավորներին ու նրանց հետ բարձրացավ Որոտանի հոսանքն ի վեր: Հասան այս հարթ տեղն ու որոշեցին, որ այստեղ էլ կկառուցեն նոր Անապատը: Անունը դրեցին Հարանց Անապատ: Կառուցվել է 1660-ին: Աստված տա, վանքին որ հասնեք, կտեսնեք՝ եկեղեցու բակում թաղված է Արիստակեսը:
– Ճանապարհի մեկ երրորդն անցա: Ճոպաններով ավելին գնալ հնարավոր չէ, – ասաց Հայկը՝ ցամաք վերադառնալով: Մի կում թթի օղի խմեց բարեհաջող վերադարձի առթիվ, ու գնացինք առաջ՝ ընտրելով ուրիշ ճանապարհ:
Երկրորդ փորձն արեցինք Տաթևի վերելքի չորրորդ ոլորանի մոտ: Սկզբում բավականին լավ էինք առաջ գնում, բայց լերկ բլրի գագաթը հասնելուց հետո արահետը կորցրինք, հողն էլ սկսեց ոտքերի տակից գնալ: Ասես՝ գետնինք չէինք կանգնած: Ջուրը քշել-տարել էր ճանապարհը:
– Միայն թե հասնենք գետին, – անհանգստացավ Հայկը: – Նստի՛ր այստեղ, ես մի վայրկյանից կգամ: Միգուցե կարողանամ արահետի պոչը բռնել:
Ու գնաց: Անցավ տասը րոպե, տասնհինգ, քսան… Այդ ի՞նչ պոչ ուներ արահետը, որ այսքան երկար ժամանակ չէր կարողանում բռնել: Կես ժամ անցավ՝ Հայկը չկա: Երևակայությանս մեջ ինչ ասես չպատկերվեց. սոթ է տվել, ընկել է ձորն ու արնաշաղախ մնացել, իսկ ես այստեղ նստած՝ ծխում եմ… Հետ եմ վազում ճանապարհին սպասող վարորդի մոտ: Չեմ գտնում, նորից վերադառնում եմ մեր պայմանվորված տեղն ու անունս եմ լսում. նա է գոռում: Այդպես ամբողջ ձորով մեկ իրար վրա գոռացինք ու դուրս թափեցինք մեր վախը, հանգստացանք ու թեթևացած շարունակեցինք Տաթևի ճանապարհը:

Վանքի ճանապարհը. անապատը թույլ է տալիս, որ մոտենանք
Հիմա հեշտ ենք բարձրանում լանջը: Այնքան զարմանալի է, որ այս հեշտության պատճառը ոչ թե ճանապարհն է, այլ ինքը՝ վանքը: Այն ժամանակ չէր ուզում մեզ տեսնել, իսկ հիմա թույլ տվեց, որ մոտենանք:

Դռներն ինքնարար են, մետաղալարով միացված միմյանց, բայց դարպասների վրայի կամարին նայելով՝ կարելի է ենթադրել, որ առաջ այստեղ ուրիշ դռներ են եղել: Հայտնվեցինք ամայի քառակուսի բակում, որտեղ տեսանք վանքի խցերը՝ բոլորը նույնատիպ կամարներով: Միանգամից նստեցի քարի վրա: Հասանք: «Անապատ» բառացիորեն նշանակում է «անկառուցապատ, լքված»: Հիմա, թերևս, կարելի է ասել «լքված», բայց «անկառուցապատ»-ն այդքան էլ չի սազի… Այստեղ սովորական վանականներ չէին ապրում՝ ճգնավորներ էին. մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էին աշխարհիկ կյանքից: Բայց վատ չէին ապրել, ինչպես տեսնում եմ: Խցերը հարմարավետ են: Յուրաքանչյուրն ունի քանդակներով զարդարված պատի վառարան, գրքի ու պարզ կենցաղային իրերի համար դարակաշար ու փոքր պատուհան: Ամեն խցի առջև փոքր կամարակապ «պատշգամբ» կա, որ տանում է դեպի բակ:

Վանքի բակի մեջտեղում վեր է խոյանում բազիլիկային եկեղեցին. մի քիչ «գեր» է, բայց մեկ է՝ նրբագեղ է: Գավիթը, որն ակնհայտորեն ավելի ուշ են ավելացրել, մի քիչ խախտում է բակի ճարտարապետական ընդհանուր տեսքը. նրա ու դարպասի աջ կողմի խցերի միջև մնացել է անիմաստ մի լուսանցք: Բազիլիկայի պատերի կիպ կպցված ու հղկված քարերի արանքից թզենի է դուրս եկել. անհասկանալի է, թե որտեղ են նրա արմատները տեղավորվում: Բակի խորքում չորացած աղբյուրի վրայի կամարը մասամբ քարերով է ծածկված: Նրանից անմիջապես հետո սկսվում է տնտեսական ու արտադրական սենյակների շարքը՝ ճաշարան, խոհանոց, հացի փուռ… Փոքր դարպանսերով դուրս ենք գալիս դեպի պարիսպը: Առանձին հաճույք կռահել, թե այստեղի շինություններն ինչ նպատակի են ծառայել: Սա, օրինակ, ամենայն հավանականությամբ ախոռն է եղել: Դրա մասին վկայում են խոտի համար հատուկ ամաններով պատերի խորշերը: Իսկ սա… Այստեղ՝ պատի մյուս կողմում, թվում է՝ մի ամբողջ քաղաք է եղել: Անապատն, ընդհանրապես, շատ լավ է պահպանվել: Մեր առջև ոչ թե ավերակներ են, այլ իսկական վանք՝ զուրկ ժամանակակից միջամտության հետքերից: Այդ պատճառով էլ այստեղ ամեն շրշյունից շրջվում ես՝ ակնկալելով, որ տերերն ամեն պահ կվերադառնան՝ սև պարեգոտներով, թևերի տակ անավարտ մատյաններ: Բայց նրանք չեն վերադառնում: Հանկարծ հասկանում ես, որ վանքը նման է Բերմուդյան եռանկյունուց դուրս եկած նավի տեսիլքի. ամեն ինչ նույնն է մնացել, բայց մարդիկ էլ չկան: Մենք էլ ենք, ահա, հեռանում: Երբ Հայկը պինդ-պինդ ոլորում է դարպասի մետաղալարը, հիշում ենք՝ ինչ էր մեզ ճանապարհելիս Շուշո տատն ասել, «Եթե կարողանաք հասնել Անապատ, վանքից դուրս գալիս չմոռանաք պինդ փակել դարպասը, թե չէ կովերին եթե մնաց՝ սուրբ տեղն ամբողջովին կաղտոտեն. վանքին անվայել է, մեզ համար էլ՝ ամոթալի…»: Զվարթ արահետը կիրճով՝ գետի երկայնքով, տանում է մեզ հետ: Անապատը նորից մնաց մենության մեջ: Մտածում եմ՝ ինչքա՜ն պարզ ու անհամ կլիներ ամեն ինչ, եթե այստեղ հասնելու երրորդ փորձն առաջինը լիներ:

«Ереван» անսագիր, 10(69), 2011

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: