RSS

«Գավազան Սյուն»

Տաթևի վանական համալիրում յուրահատուկ տեղ է գրավում Սուրբ Երրորդությանը նվիրված «Գավազան սյունը»  հայտնի հուշարձան-կոթող ընդգրկված  Հայաստանի ութերորդ հրաշալիքների թվում: «Գավազան սյունը» կանգնած է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց  հարավ և իրենից ներկայացնում է ճարտարապետական մի գեղեցիկ կերտվածք, նաև հայկական ինժիներական անկրկնելի ստեղծագործություն, որը կառուցվել է 906 թվականին Հովհաննես Եպիսկոպոսի օժանդակությամբ ` Սբ. Պողոս Պետրոս տաճարի շինարարությունը ավարտելուց հետո:

Սյունը կառուցված է կրի և քարի շաղախով և երեսպատված է մանր սրբատաշ  քարերով: Այն ութանիստ է` յուրաքանչյուր կողմը 36 սմ լայնությամբ, սյան շրջանագիծը 2.88 մ է, բարձրությունը`  9 մետր: Գավազանը հենվում է երկաստիճան, նույնպես, ութանիստ պատվանդանի վրա: Մոտովորապես մեջտեղում նա եզերված է ուռուցիկ նեղ գոտիներով: Մոտ 6.5 մ բարձրության վրա բունը պսակվում է խոյակներով, որն իր վրա կրում է վարդիկներով զարդարված անոտ, ապա գալիս է մի գունդ` զարդարված պարզ նախշերով և լայն եղջրաշրջանակի մեջ դրվագված խաչքարեր`  մոտ 1.05 մ բարձրության վրա: Նրա գագաթին ամրացված է փորակավոր զարդաքանդակներով խաչքար:

Ասում են , երբ սյունը հրում էին, նա ճոճվում էր հիմքի վրա և նորից վերադառնում իր  ուղղահայաց դիրքին: Մանր քարերով երեսպատված նրա զանգվածի մոնոլիտությունը ձեռք է բերվել միջուկը կազմող որակի շնորհիվ, որով բացատրվում է, թե ինչու ճոճումն ու տատանումները չէին խախտում սյան կառուցվածքի ընդհանուր կայունությունը:

 

Leave a comment