RSS

«Տաթևի վերածնունդ», 2013

https://tatevvillage.wordpress.com բլոգային հարթակի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» հարցումը իրականցվել է «Տաթև զբոսաշրջային կենտրոն» այցելած զբոսաշրջիկների շրջանում` նրանց Տաթև գյուղ և տարածաշրջան, Տաթև վանական համալիր այցելության ընթացքում ստացած տպավորությունների վերաբերյալ: Հարցումը անցկացվել է 2013թ. օգոստոս – 2014թ. փետրվար ամիսներին, որին մասնակցել են 63 զբոսաշրջիկ: Հարցումը կատարվել է օնլայն տիրույթում և ոչ մի ուղղակի շփում տեղի չի ունեցել զբոսաշրջիկների հետ: Բլոգային հարթակը իրականցնում է իր թվով 2-րդ հարցումը: Առաջին հարցումը իրականացվել է 2011թ., որին մասնակցել է 54 զբոսաշրջիկ:

2-րդ հարցման հարցաթերթիկը բաղկացած է եղել 12 հարցից, որոնք պայմանականորեն կարելի է  բաժանել 2 մասի` 1-8-րդ հարցերը, որոնք վերաբերվում են զբոսաշրջիկի ստացած  տպավորություններին, իսկ 9-12-րդը` զբոսաշրջիկի անձնական տվյալներին:

 1-ին հարց` «Վերջին անգամ ե՟րբ եք այցելել Տաթև»:

Հարցը ենթադրում էր 4 պատասխանի ընտրություն, որին զբոսաշրջիկները պատասխանել են հետևյալ կերպ` Տաթևում «Այս տարի» է եղել 35 հոգի, «Անցյալ տարի»`13 զբոսաշրջիկ, 11 հոգի` «2 և ավելի տարի առաջ» և  «Երբեք չեմ այցելել» պատասխանել է 4 հոգի:

Հարց 1` «Վերջին անգամ ե՟րբ եք այցելել Տաթև»

2-րդ հարց ` «Ո՟րն էր ձեր այցելության նպատակը»:

63 հարցվողներից 11-ը Տաթև այցելել է «Գործնական այց» նպատակով, «Ընկերներով արշավ» են գնացել 18 հոգի: Տաթևում «Հանգստանալու» նպատակ են ունեցել 13 զբոսաշրջիկ, իսկ 3 հոգի` «Հոգևոր» նպատակով: 44 հոգի Տաթև է այցելել Տաթևի վանքը տեսնելու համար և 23 հոգի` նստելու «Տաթևեր» ճոպանուղին: Մեր հարցման մասնակիցները ունեին մեկից ավելի պատասխան ընտրելու հնարավորություն:

Ո՟րն էր ձեր այցելության նպատակը

3-րդ հարց` «Որքա՟ն եք մնացել Տաթևում»:

63 հարցվողներից 48 հոգի Տաթև այցելել է 1 օրով` վերադառնալով նույն օրը: 2 օր մնացել է 3 հոգի,  3 օր` 6 հոգի ու մեկական հոգի էլ` 13 և 15 օրեր, համապատասխանաբար:

Որքա՟ն եք մնացել Տաթևում

4-րդ հարց` «Ո՟րն է Տաթևի զբոսաշրջային գրավչությունը»:

Բոլորովին էլ նորություն չէ, եթե փաստենք, որ Տաթև գյուղը իր տարածաշրջանով ունի հարուստ բնաշխարհ և համանուն վանական համալիրը համարվում է Հայաստանի կարևորագույն պատմամշակութային ժառանգություններից մեկը: Այստեղ է կառուցվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին և տեղացի բնակիչները միշտ էլ ուրախությամբ են ողջունում ու դիմավորում իրենց հյուրերին: Սա ավելի քան թվերի տեսքով արդարացվեց մեր հարցման արդյունքում: Նշեմ, որ հարցվողները ունեին մեկից ավելի պատասխանի հնարավորություն: 43 հոգի համարում է` Տաթևի գրավչությունը նրա բնաշխարհն է, ինչպես նաև 42 հոգի Տաթևը առանց նրա պատմամշակութային ժառանգության գրավիչ չի համարում, իսկ 50 հոգի միայն կարծում է, որ Տաթևը գրավիչ է իր վանական համալիրով: Եկեք համաձայնվենք, որ «Տաթևեր» ճոպանուղու կառուցումը նոր մի զբոսաշրջային գրավչություն տվեց Տաթևին, որի հետ համաձայն է նաև մեր հարցվողներից 35 հոգի: Շատերին է հայտնի «Սատանայի կամուրջ» բնական հուշարձանը, որը ոչ այնքան բարեկարգ ու զբոսաշրջիկների համար անվտանգ կարգավիճակով, դեռևս մեր հարցմանը մասնակցած 27 հոգու համար համարվում է գրավչություն: 10 հոգի կարծում է, որ Տաթևի հյուրասիրությունը/մարդիկ են Տաթևի զբոսաշրջային գրավչությունը: Տաթևը իրենից ներկայցնելով, հատկապես, գյուղական գողտրիկ անկյուն` բավականին աշխատանքներ ունի կատարելու զբոսաշրջիկ-տեղաբնակ կապի ամրապնդման ու ջերմացման ուղղությամբ: Հարցվողներից մեկը Տաթևի «զբոսաշրջային գրավչություն» համարում է Հայր Միքայելին: Փոխելով հարցման ձևակերպումը` համոզմունքով կարելի է համաձայնվել այս տեսակետի հետ. Հայր Միքայելը` Տաթևի վանական համալիրի վարդապետը, վայելում է վանք այցելուների հարգանքն ու սերը, և բոլորը բավականին մեծ ոգևորվածությամբ ու խոնարհումով են պատմում նրա մասին:

grapha 4

Մեր հարցման մասնակիցներին, «Կա ի՟նչ-որ բան, որ ձեզ դուր չի եկել» 5-րդ հարցի շրջանակում, կարելի է բաժանել 2  հավասարազոր խմբի` նրանցից 28 հոգի Տաթևից վերադարձել է ոչ լիովին գոհացած, իսկ 30 հոգի հավանել է ամեն ինչ այնտեղ: Այնուամենայնիվ, 14 հոգի գանգատվել է «Հեռավորությունից, ճանապարհից ու նրա որակից»,  11 հոգի` չի հավանել «Մատուցվող ծառայությունների որակը և բարձր գները»: 11 հոգի գոհ չէր «Շրջակա միջավայից ու նրա աղտոտվածությունից»: Տաթևը «Աղմկոտ ու մարդաշատ» վայր է համարում 2 հոգի, իսկ մեկական հոգի կարծում են, որ Տաթևում բացակա է «Ակտիվ հանգստով զբաղվելու հնարավորությունները», «բիոզուգարանը», «Հյուրասիրույությունը/մարդիկ»:  Զբոսաշրջիկներից մեկին դուր չի եկել վանական համալիրի որոշ սենյակների մութ լինելը` «Լուսավորություն չկա ու դժվարությամբ ես ինչ-որ բան տեսնում»:

Հարց 6` «Ի՟նչը ձեզ դուր չեկավ»

7-րդ հարց` «Ի՟նչ կառաջարկեք տարածաշրջանի կառավարման, զբոսաշրջային, տնտեսական, ծառայությունների մատուցման ոլորտի դերակատարներին»:

Հարցաթերթիկի կարևորագույն հարցերից մեկը համարվում է 7-րդը, որին պատասխանելով զբոսաշրջիկները հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց առաջարկությունները: Ստորև ներկայացվում են դրանք առանց լուրջ բովանդակային լրամշակումների`

  • Ճանապարհների նորոգում,
  • Որ մեր պատմամշակութային արժեքը բիզնեսի առարկա չդարձնեն,
  • Կցանկանայի նշել բիո-զուգարանի չաշխատելու հանգամանքը,
  • Խմբագրված` հարցվողը դժգոհում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչություններից ու բաժիններից` ոչ արդյունավետ գործունեւության համար և, ավելին` նրա դժգոհության մեծ պատճառ է հանդիսանում «տարիներ շարունակ անիմաստ տեղադրված, չաշխատող, միլլիոններ արժեցող բիոզուգարանը»,
  • Մատուցվող ծառայությունների կուլտուրա և մատչելի գներ,
  • լինել ավելի պրոակտիվ, մասնակցեն տարբեր վերապատրաստումների, որը կօգնի հասկանալ զբոսաշրջության ողջ կարևորությունը տարածաշրջանում,
  • Նախ և առաջ անհապաղ պետք է ազատել բնությունը աղտոտվածությունից, ինչ ասես որ չէր կարելի գտնել այդ չքնաղ տարածքում, էլ չեմ ասում զուգարանային հոտը, ման ես գալիս տարածքում`հիանալու բնության հրաշքներով, փորձում ես քիթդ փակած արագ տեսնել, նկարվել ու շուտ դուրս գալ տարածքից, որ հանկարծ զուգարանային հոտից չխեղդվես,
  • Կառաջարկեի նաև, չնայած կարծում եմ արդեն ուշ է, որ ճոպանուղու ուղին ավելի հետաքրքիր դարձվեր, օրինակ կանգառներ լինեին տարբեր գեղեցիկ վայրերում, մասնավորապես մյուս եկեղեցիներում նաև, ու Սատանի կամուրջում, կարելի է նաև այդ հրաշք լեռների վրա զարգացնել լեռնագնացություն, մասնավորապես` պարաններով մագլցում լեռներ: Վստահ եմ շատ ու շատ տուրիստներ կգան հենց լեռնագնացության համար,
  • «Գրեթե չկային ճանապարհային ցուցանակներ: Շատ չէին տեղերը, որտեղ կարելի էր կանգնել և հանգստանալ երկար ճանապարհից (սրճարան, արագ սննդի կետ, և այլն): Ճոպանուղու սրճարանն ահավոր թանկ էր (մեկ բաժակ սև, սովորական թեյը 700 դրամ): Թանկ էր նաև ճոպանուղու վարձը, որի համար էլ վերադարձանք ավտոբուսով, որը համալիր էր հասել մեծ դժվարությամբ և նույնպես էլ իջել էր: Հենց համալիրի տարածքն էլ աղտոտ էր, մանավանդ ջրի աղբյուրը»,
  • Այս ամենն ասում եմ օգնելու և բարելավելու նպատակով: Մենք շատ լավ ժամանակ անցկացրինք և հաճույք ստացանք թե’ համալիրից, թե’ ճոպանուղուց, և թե’ ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ: Սակայն մեր ընկերները, որ դեռ չէին եղել այնտեղ, իմանալով գները, հրաժարվեցին գալ (գոնե այս անգամ): Նվազագույն գումարը ավտոբուսով` անձը 7500 դրամ + 6000 ճոպ. + 1 օրվա սնունդ + ըմպելիք և այլն: Այսինքն խմբով գնալը բավականին թանկ է,
  • Ճոպանուղու կառուՑումը խելացի ներդրումների ու զբոսաշրջության խթանման լավագույն օրինակ է: Կարելի է դիտարկված տարածքում առկա հուշահամալիրների զարգացման խելացի ծրագիր մշակել: Տաթևի վանքի շրջակա ու մոտ գտնվող տարածքը կարելի է զբոսաշրջիկների համար ավելի հարմարավետ դարձնել: Կարելի է բարեգործական կամ պետական գումարներով վանական համալիրում մշտական անվճար հիմունքներով արհեստավարժ էքսկուրսավար ունենալ, որը կոնկրետ ժամերի կներկայացնի համալիրն ու շրջակայքը: Սատանայի կամրջի մաքրության ապահովման խելացի տեխնոլոգիաներ ստեղծել՝ միաժամանակ ապահովել ժամանցի առավել հարմարավետ պայմաններ: Դեռ շատ բան կարելի է ձեռնարկել, հատկապես, երբ պատմությունն ու լեռները ճչում են այստեղ…»,
  • Больше вкладывать в инфраструктуру, чтобы путь из Еревана в Татев занимал не пять, а, скажем, 3 часа. /ավելի շատ ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, որպեսզի Երևանից Տաթև ճանապարհը թևի ոչ թե 5 այլ ասենք 3 ժամ/,
  • We don’t have many historical old heritages in Armenia preserved due to well-known reasons, but whatever is left, needs to be taken good care of and made attractive for tourism. This includes the good organization of the trip to Tatev, starting from the queuing for the tickets, which is always painful especially when it’s sunny /Հայաստանում մենք չունենք պահպանված շատ պատմական հնավուրց ժառանգություններ հայտնի պատճառներով, բայց այն ինչ մնայուն է պետք է պահպանվեն և գրավիչ դառնան զբոսաշրջիկների համար: Սա ներառում է նաև լավ կազմակերպված այցելություն Տաթև` սկսված տոմսերի հերթերից, որը միշտ ցավալի է լինում, հատկապես երբ արևոտ է/,
  • Organize a post-office, sell stamps, postcards, pictorial covers and let tourists to send letters and postcards postmarked with a special cancellation “Tatever” or “Tatev Monastery” /կազմակերպել փոստային ծառայություն, վաճառել դրոշմանիշներ, բացիկներ, նկարազարդ ծրարեր և հնարավորություն տալ զբոսաշրջիկներին ուղարկել նամակներ և բացիկներ «Տաթևեր» կամ «Տաթևի վանք»  հատուկ դրոշմանիշներով/:

8-րդ հարց` «Ի՟նչ է Տաթևը ձեր համար» – ստորև ներկայացված դիագրաման ներկայացնում է պատասխանների բաշխվածությունը: 

Հարց 8` «Ի՟նչ է Տաթևը ձեր համար»

Ինչպես նաև կային հետևյալ պատասխանները`

«Ամեն ինչ»,

«Ինքդ քեզ հետ մնալու, ամեն ինչից կտրվելու, միայն բնությամբ հիանալու և բնության հրաշքները տեսնելու վայր»,

«Խաղաղության հանգրվան և խոշոր ուխտատեղի»

«Հոգևոր  հզոր  կենտրոն, որտեղից  կապն  Արարչի հետ  ավելի արդյունավետ  է»

“Hometown” /ծննդավայր/

9 -12-րդ հարցեր` «Ձեր սեռը», «Ձեր տարիքը», «Ի՟նչ կրթություն ունեք» և «Ո՟ր երկրի քաղաքացի եք»: 

Հարցմանը մասնակցել են 15 արական և 46 իգական սեռի ներկայացուցիչներ, որոնց տարիքային շեմը հետևյալն է` 15-25 տարեկան`19 հոգի, 25-35 տարեկան`35, 35-45 տարեկան`4, 45-60 տարեկան`2 և 60+ տարեկան`1: Հարցվողներից 43 հոգի ունեն բարձրագույն կրթություն, 9 հոգի` գիտական աստիճան, 4 հոգի` միջին մասնագիտական և 4 հոգի ունեն միջնակարգ կրթություն: Հայաստանից հարցմանը մասնակցել է 52 հոգի,  2-ական հոգի` ԱՄՆ-ից և Ռուսաստանից, 4 հոգի` Էստոնիայից և մեկ հոգի` Կանադայից:

Օնլայն հարցաթերթիկ`

Հայերեն` «Տաթևի վերածնունդ» 

Русский – Возрождение Татева

English – Tatev Revivial 

German – Wiedererstehung von Tatev

 

One response to “«Տաթևի վերածնունդ», 2013

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: