RSS

Քրիստոնեական ներողամտության մասին

Նյութի հեղինակային իրավունքը պատկանում է Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Տաթևի վանքի Վանահորը: Նյութը հրապարակվել է http://ter-hambardzum.net էլեկտրոնային կայքում

Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքները:
Մատթ. 6;14

Աղոթողը/ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԵՐ

Աղոթողը/ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԵՐ

Ներողամտության հոգին մարդու մեջ աստվածադիր է: Եւ Քրիստոս իր քարոզչության ընթացքում խրատներով փորձում էր արթնացնել մարդկանց մեջ այդ թմրած հատկանիշը:
Մարդու աստվածանմանության կարեւոր արտահայտություններից է մարդասիրությունն ու ներողամտությունը: Մարդասեր լինել նշանակում է նմանվել Աստծուն: Ցավոք, խորապես քննելով մեր ներաշխարհը, պետք է խոստովանենք, որ մեր մարդասիրության շրջանակները խիստ նեղ են, եւ ներառում են միայն ծնողներին, զավակներին, բարեկամներին, հարազատներին ու ընկերներին: Այսպիսով մենք դառնում ենք ծնողասեր, որդեսեր, ընկերասեր, բայց ո՛չ մարդասեր:
Տերը մարդասիրության գագաթնակետը` կատարելության աստիճանը համարեց թշնամիների հանդեպ սերը: Այս ճանապարհով Նա փորձում էր մեր մեջ դաստիարակել մարդասիրության նոր չափանիշներ: Եթե մինչեւ Փրկչի գալուստը հրեաներն էին համարվում Աստուծո սեփական ժողովուրդը, ապա Քրիստոսով բոլորը մեկ դարձան. այլեւս խտրություն չկա ոչ հրեայի, ոչ այլազգու, ոչ ծառայի, ոչ ազատի, ոչ արուի եւ ոչ էլ էգի:
Նույն այդ տիեզերական մարդասիրության ու ներողամտության ոգին Տերը դրսեւորեց իր երկրային կյանքի ընթացքում: Նա չխորշեց մաքսավորների ու շնացողների հետ շփումից, հրեաների կողմից պիղծ համարվող սամարացի կնոջ հետ զրույցի բռնվեց եւ Մեսիայի հանդեպ հավատքի լույսով լուսավորեց, հասարակությունից վտարված ու մերժված բորոտների վրա ձեռք դրեց եւ նրանց բժշկեց եւ, ի վերջո, հանձն առավ խաչվել ողջ մարդկության` վերջին հանցավոր մարդասպանների եւ իրենց արդար համարող փարիսեցիների մեղքերի համար: Քրիստոս ասել է, որ ավելի մեծ սեր չկա, քան եթե մեկն իր անձը դնի իր բարեկամների համար, ուստի իրագործեց Իր իսկ խոսքը` մատնվելով անարգ խաչի մահվան, հանուն Իր բարեկամների` մարդկանց փրկության:
Ներողամիտ լինելու Տիրոջ պատգամն իրագործեցին առաքյալները, որոնք հալածանքների մեջ գոհություն էին մատուցում, որ Նրա անվան համար նեղությունների ենթարկվեցին: Մարդասիրության պատերազմում հավատքի հաղթող մարտիկներ եղան հատկապես մարտիրոսներն ու նահատակները, որոնք աղոթում էին իրենց չարչարողների ու սպանողների համար:
Նահատակները երբեք իրենց սուրբ ու արդար չէին համարում եւ իրենց դեմ հարուցված հալածանքները` անիրավացի, այլ Բաբելոնի հնոցում այրվող երեք երիտասարդների նման վկայում էին, որ այս բոլոր նեղությունները պատահում են իրենց գործած սխալների ու հանցանքների համար: Եւ իրենց մեծ խոնարհության, մարդասիրության ու համբերության շնորհիվ, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, դարձան խաչակիցը Քրիստոսի: Նույնպիսի կենցաղավարություն դրսեւորեցին նաեւ անապատական ճգնավոր հայրերը: Ընկերոջը չդատելու Քրիստոսի պատվիրանը խորապես ըմբռնելով ու կատարելով` նրանք դարձան քրիստոնեական հավատքի ջահեր եւ լուսավորեցին ու առաջնորդեցին ոչ միայն իրենց աշակերտողներին, այլեւ հետագա դարերի բազմաթիվ սերունդների: Որպեսզի լավ ընկալենք, թե ինչ հարազատորեն էին հասկացել ու իրագործել անապատական հայրերը ներողամտության պատգամը, նրանց կյանքից երկու օրինակներ բերենք:
Եղբայրները գալիս են Հայր Պիմենի մոտ եւ ատյան կանչում` մի եղբոր կատարած հանցանքը դատելու: Սուրբ Հայրը, մի քանի անգամ մերժելուց հետո, ստիպված է լինում նրանց հետ գնալ: Նա պատրաստվելու համար մի փոքր ժամանակ է խնդրում եւ եղբայրներին ներկայանում է հետեւյալ կերպ` մեջքին գցած ավազով լի մի պարկ, որը ներքեւից անցք ուներ, եւ ավազը կամաց կամաց թափվում էր գետնին: Եղբայրները հարցնում են, թե ինչու է նա այդ պարկը, որը ծակ է ու միջի ավազն էլ թափվում է, վերցրել ուսին: Սուրբ հայրը պատասխանում է.«Որդյակներ, սրանք իմ մեղքերն են, որոնք իմ հետեւից են գալիս, եւ ես դրանք չեմ տեսնում, սակայն այսօր գնում եմ դատելու եղբորս մեղքը, որն իմ առջեւն է, եւ ես այն տեսնում եմ»: Կրոնավորները, հասկանալով իրենց սխալը, ներողություն են խնդրում Հայր Պիմենից եւ հրաժարվում եղբորը դատելուց:
Հայր Գերասիմոսը խցում մի հին ձեռագիր ավետարան ուներ: Մի մարդ այցելության է գալիս նրան եւ, գայթակղվելով ավետարանի հնությունից, գողանում է այն: Իսկ հայրը բնավ կատարվածից չի խռովվում: Գողացողն ավետարանը տանում է շուկա վաճառելու եւ որոշակի գին է սահմանում դրա համար: Մի առեւտրական համաձայնվում է գնել այն հետեւյալ պայմանով. նա պետք է ավետարանը տաներ որեւէ վանականի մոտ եւ ստուգեր դրա հնությունն ու արժեքը: Աստվածային նախախնամությամբ ավետարանը բերվում է հենց Հայր Գերասիմոսի մոտ: Միայնակյացն այն տեսնելով կրկին չի հուզվում ու չի հայտնում, որ դա իրենն է, այլ ասում է, որ այն շատ արժեքավոր է եւ ավելին արժե: Առեւտրականը վերադառնում է եւ հայտնում, որ ինքը ավետարանը տարել է Հայր Գերասիմոսի մոտ, եւ որ նա վկայել է դրա հնության եւ արժեքավորության մասին: Գողը նույն պահին քար է կտրում ու սարսուռով հարցնում, թե նա ուրիշ բան չասա՞ց, առեւտրականը պատասխանում է, թե ուրիշ ոչինչ չասաց: Գողն անմիջապես խլում է ավետարանը եւ ասում, որ ինքն այլեւս չի վաճառում: Նա վազում է Հայր Գերասիմոսի մոտ, նրա ոտքերն ընկնում եւ ներողություն խնդրում, ուխտում է հրաժարվել չար գործերից եւ դառնալ կրոնավոր: Մինչեւ կյանքի վերջ մնում է անապատում եւ ապաշխարում իր գործած հանցանքների համար:
Վերը բերված օրինակներից երեւաց, որ ներողամտության շնորհիվ անապատական հայրերը ոչ միայն իրենց հոգին ազատեցին եղբորը դատելու մեղքից, բարկությունից եւ վրեժխնդրությունից, այլեւ մյուսներին փրկեցին մեղքի անդունդը գահավիժելուց:
Նույն պատվիրանն այսօր ուղղված է մեզ. ողորմություն անել մարդկանց ավելի շատ հոգեւորապես, քան մարմնապես, որովհետեւ եթե մենք հնարավորություն չունենք մարդկանց կարիքները հոգալ, ապա նրանց համար աղոթել միշտ կարող ենք, հավատքի մեջ տկարացածին հուսադրել, մարդկանց վշտերն ու նեղությունները համբերատարությամբ լսել, անգետին լուսավորել, նեղվածին ու ընկճվածին մխիթարել` կարող ենք, եւ ի վերջո, շրջապատի մարդկանց հանդեպ կատարած առաջին եւ ամենակարեւոր ողորմությունը սեփական անձը մեղքերից մաքրելն ու Սուրբ Հոգու ընտրյալ անոթ դարձնելն է:

Սուրբ Տաթեւի վանքի վանահայր  Տ. Միքայել աբեղա Գեւորգյան

See more at: http://ter-hambardzum.com/news/2013-01-11-1391#sthash.xJKKp7Lb.dpuf

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: