RSS

Տաթևի «ՎՏԱՆԳԱՎՈՐ» գեղեցկությունը

/Իր տպավորություններով կիսվում է Աննա Նալբանդյանը` «ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» արշավների ակումբի անդամ, Երիտասարդ Առաջնորդների Դպրոց, 10-րդ հոսք/

Սա ձեր առաջի˚ն այցն էր Տաթև: Կկիսվե˚ք տպավորություններով:

Տաթև առաջին անգամ էի այցելում… Առիթ ունեցել եմ լինել Գորիսում, Խնձորեսկ գյուղում, բայց Տաթևի վանքում չէի եղել… Ճանապարհը շատ երկար էր ու դժվար. արժեր անցնել այդ ճանապարհը Տաթևը տեսնելու համար… իզուր չէ, որ Տաթևը հենց այդտեղ են կառուցել` դժվարամատչելի, անառիկ ինչպես ամրոց… ու հայտնի է` եկեղեցիները միշտ էլ անմատչելի վայրերում են կառուցվել…

Եթե ձեզ տրվեր բացառիկ հնարավորություն փոփոխություններ մտցնել Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Որո˚նք կլինեն ձեր առաջնահերթությունները:

Փոփոխություննե˚ր մտցնել… շատ կուզեի այդ փոքրիկ ճանապարհահատվածը բարվոք վիճակում տեսնել… Լեռնային գոտիներում փորձ չունեցող վարորդների համար դժվար է հաղթահարել ձորի-բերան ճանապարհների վայրէջքն ու վերելքը… Շատ լավ կլիներ, որ ինչ-որ չափով ապահովված լիներ ճանապարհային անվտանգությունը, հատկապես դեպի անդունդը բաց ճանապարհներին… Ինչքան էլ հրապուրիչ լինի Տաթևը իր շրջակայքով, այնուամենայնիվ վտանգավոր է. ՏԱԹԵՎԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ…

Չեմ կարող անտարբեր լինել վանքի տարածքում գտնվող վերամբարձ կռունկի նկատմամբ… /ծիծաղում է/ …աղավաղվում է այն հիանալի տպավորությունը, որ թողնում են նկարները, որտեղ հիանալի վարպետությամբ այդ վերամբարձ կռունկը չի երևում: Հնարավոր չէ որևէ նկար առանց այդ կռունկի… չնայած գիտեմ, որ վերականգնողական աշխատանքները ժամանակատար են, բայց… /ափսոսանք է արտահայտում նրա դեմքը/

Ձեր պատկերացումներում արդյո˚ք տեսանելի է Տաթևը վերածնված:

Կարծում եմ Տաթևն արդեն վերածնված է… այն իր մեջ պարունակում է հին ու նոր մշակութային տարրեր… մի քիչ դժվարանում եմ ասել, որն գծերն են գերակշռող. չունեմ ճարտարապետական գիտելիքներ… թվում է` այն շատ վաղուց չէ, որ կառուցվել է…

Հեղինակային խոսք – Տաթևի մասին պատմության էջերում դեռևս խոսվել է 4-րդ դարից, բայց որպես Տաթև վանական համալիրի շինարարական աշխատանքներ սկսվել են 9-րդ դարից ու մինչ 13-րդ դարը արդեն գոյություն ունեին այն բոլոր կառույցները, որ հիմա առկա են համալիրում… Սակայն վանական համալիրը մի քանի անգամ ենթարկվել է ավերիչ երկրաշարժների ու ամենավերջինը, որ գրեթե հիմնովին ավիրել էր Տաթևի վանքը, 1931թ. երկրաշարժն էր… բազմիցս կատարված վերականգնողական աշխատանքները աղավաղել են նրա միջնադարյան տեսքը` իրենց հետ բերելով ժամանակի ճարտարապետական շունչը…

… Տաթևի վերածնունդը որպես զբոսաշրջության կենտրոն… – համոզված եմ, որ նա արդեն հայտնի է որպես Հայաստանի նախընտրելի տեսարժան վայր: Եթե կա տենդենց Հայաստան ժամանած ցանկացած զբոսաշրջիկի/այցելուի առաջարկել լինել Գառնի-Գեղարդում, ապա երկարատև այցի ժամանակ ցանկացած ոք լինում է նաև Տաթևում:

Վերջերս Մոսկվայից իմ ծանոթն էր եկել ու այցելել Տաթև. նա հիացած էր ու Տաթևը ներկայացնելու համար նրան միայն մի բառ էր պետք. «…հրաշք է…, հաջորդ անգամ նորից Հայաստանում լինելուց անպայման կայցելեմ Տաթև»: Նա պատրաստ էր նորից անցնել այդ ահավոր-դժվարամատչելի ճանապարհը…:

Շատ եմ կարևորում գիդերի/ուղեկցորդների դերը Տաթևում: Մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ կարդալ Տաթևի մասին նախքան այնտեղ գնալը, բայց այնուամենայնիվ նրանց կարիքը շատ է զգացվում` Տաթևի վանական համալիրի ողջ առեղծվածը բացահայտելու համար …

Օրինակ, մեզ հաջողվել էր իմանալ Տաթի անվան ստուգաբանության 3 վարկածների մասին` համաձայն Վահե սրկ. Ենգիբարյանի մշակած նյութի.

·         Ըստ Ղևոնդ Ալիշանի` Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեն կամ Ստաթեն քարոզչություն էր  ծավալել ու  նահատակվել Սյունիքում, և նրա անունը ժողովրդի բերանում աղավաղվելով դարձել էր Տաթև:

·         Մեկ այլ ավանդություն պատմում է, որ Տաթև անվան ստուգաբանությունը մեկնաբանվում է «տա – թև» արտահայտությամբ, որը  անշուշտ ժողովրդագրական ծագում ու մեկնություն ունի:

·         Համաձայն մեկ այլ բացատրության` “Տաթև” բառն ունի փոքրասիական ծագում` խեթո-լուվիական երկնքի ու ամպրոպի աստված Դաթայի կամ Տատաի անունից:

Հեղինակային խոսք` Ժողովուրդը ունի Տաթև անվան ստուգաբանության իր տարբերակը. Ավանդությունը պատմում է, որ վանքի գլխավոր տաճարի կառուցումն ավարտված էր: Միայն պետք էր տեղադրել գմբեթի խաչը: Շինարարությունը ղեկավարող վարպետի աշակերտներից մեկը գաղտնի, տաճարի տեսքին արժան մի գեղեցիկ խաչ ձեռքին, ժամ առաջ` գիշերով,  բարձրանում է գմբեթի վրա ու տեղադրում այն` չհասցնելով աննկատ իջնել: Տեսնելով զայրացած վարպետին` աշակերտը գմբեթից վախից ցած է թռչում ուղիղ անդունդը.  գոչելով` “Տա-թև, տա-թև”…

3 ամենատպավորիչը, որ տեսաք Տաթևում:

Ավելի քան տպավորված եմ վանական համալիրի մայր տաճարով, հատկապես, երբ մենակ ես լինում այնտեղ ու թվում է`դու աշխարհից կտրված ես. մենք երեկոյան հասանք վանք` շրջապատում ոչ ոք չկար… Չափազանց խորհրդավոր է տաճարի լռությունը, Գրիգոր Տաթևացու տապանաքարը մթության մեջ…

Տպավորիչ էին համալիրում գտնվող փոքրիկ եկեղեցիները… Չեմ կարող մոռանալ այն, որ ծածուկ մուտքերով հայտնվեցինք անդունդ-բացվող պատուհանի առջև կանգնած. աշխարհը մեր ափի մեջ էր… չերգել չէի կարելի… երբ այցելում ենք եկեղեցիներ, սովորության համաձայն երգում ենք “Սարերի հովին մեռնեմ” ստեղծագործությունը, բայց Տաթևում երգեցինք “Տեր ողորմյա”-ն. եկեղեցիներում ձայնի ելևէջները  ավելի քան ազդեցիկ են լինում: Նույնիսկ մեզ համար զարմանալի էր, որ դա մենք ենք երգում ու մեր ձայնի լսելիականությունը /ակուստիկան/ կարող է այդքան տպավորիչ լինել…

Հետո եղանք ձիթարանում… անմոռանալի ու զվարճալի տպավորություն թողեց փայտյա պտուտակը… Չնայած անձրևներից ամենուր թաց էր ու ջրափոսեր կային, բայց իմ համար շատ հետաքրքիր էր այդ ամենը ու անտարբեր անցել կողքով չէի կարող:

Հայտնի արվեստագետներից մեկը ասել էր. «Հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել»: Կհամաձայնվե˚ք այս արտահայտության հետ:

Միանշանակ կհամաձայնվեմ ասվածի հետ… որպես հավաստիք մեր երգն էր…ամեն տեղ չէ, որ հաջողվում է երգել… ամեն ինչ չէ, որ ներշնչում է…բնության զարթոնքը, կանաչ բուսականությունը… իրական մուսսա ստեղծագործելու համար…

3 ամենացավալի փաստը, որ հիասթափեցրեց ձեզ` Հայաստանի քաղաքացուն:

Շատ էի լսել «Սատանայի կամուրջ»-ի մասին ու անհամբեր սպասում էի տեսնելու այն…կարծում էի համահունչ կլիներ իր անվանը, բայց այն ինչ տեսա ավելին չէր, քան սովորական մի կամուրջ:

Հիասթափություն բառի բուն իմաստով չապրեցի… միայն ճանապարհների նկատմամբ փոքր ինչ ուշադրություն պետք է դառձնել…

Գիտեմ, որ հաճախ եք այցելում  Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:  5 բալանոց սանդղակով գնահատենք նրանք, և ո˚ր երորդ տեղը կզբաղեցնի Տաթևը:

Իմ համար Հաղարծինը ամենահիասքանչն է ու նախընտրելին Հայաստանի եկեղեցիների շարքում… Ինչպես Տաթևում, այնտեղ էլ վերականգնողական աշխատանքներ են տարվում ու փոքր ինչ համաձայն չեմ տարվող աշխատանքների հետ. աղավաղվում է հնադարյան շունչը… չնայած չեմ ժխտում, որ համալիրները որոշակի շինանարարական շտկումների կարիք ունեն:

Տաթևը իմ համար, եթե ոչ 2-րդը, ապա թվով 3-րդն է Հայաստանում …

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: