RSS

ՀՈՎԻՎՆ ՈՒ ՆՐԱ ՀՈՏԸ

Նյութի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է «Քրիստոնյա Հայաստան» Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթին, թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։

ՀԱՆՑԱՆՔ ԵՎ ՊԱՏԻԺ.

ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ԽՐԱՏՈՒՄ

Ձեր հարցերին պատասխանում է Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

– Մարդկային բառապաշարի համակարգում ամենից տարածված արտահայտություններից են «պատիժ», «դատաստան», «պատուհաս» եզրերը, որոնք մարդու գիտակցության մեջ ուղղակիորեն պատճառահետեւանքային կապով աղերսվում են մեղքի, հանցանքի գիտակցության հետ, այսինքն` պատիժը, դատաստանը ընկալվում են իբրեւ հատուցում մարդու գործած այս կամ այն մեղքի, հանցանքի: Պատժի, դատաստանի երեւույթն առկա է Աստվածաշնչի առաջին իսկ էջերում: Աստված պատժեց մեր նախահորը՝ անհնազանդության, պատվիրանազանցության պատճառով` վտարելով նրան դրախտի պարտեզից։ Սակայն Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Աստված ոչ թե պատժում, այլ խրատում է:

Հա՛յր սուրբ, փորձենք հասկանալ՝ Աստված պատժո՞ւմ է, թե՞ խրատում։

– Քանի որ Աստված գթառատ Հայր է, ուստի պատժելով խրատում է: Ինչպես մեր երկրավոր, մարմնավոր հայրերն են իրենց զավակներին պատժում` խրատելու համար, այնպես էլ մեր երկնավոր Հայրը: Քրիստոսն ասում է. «Դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքան եւս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Նրանից ուզում են» (Մատթ. Է 9-11): Նա սուրբ է ու բարի, ուստի պատժելով, տանջելով ու չարչարելով` խրատում է ու միշտ բարին կամենում Իր զավակներին: Աստված պատժում է նյութական իրողությունների միջոցով. զրկում է ինչ-որ բանից, պատճառում մարմնական, նյութական վնասներ։ Եվ եթե մարդն այդ նյութական իրողություններից կարողանա վեր կանգնել, հավատքով տեսնել աստվածային գութն ու ողորմությունը, նրա համար պատիժն իբրեւ խրատ կդիտվի:

– «Աստծո դատաստան», «պատիժ» արտահայտություններն այսօր հաճախ են հնչում մարդկանց շուրթերից, մինչդեռ Աստված նաեւ մարդասեր, գթառատ Հայր է: Ինչպե՞ս համադրել։

– Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Աստված ունի երկու կամք` թույլատու եւ բուն կամք: Թույլատու կամքն արտահայտվում է չարը թույլ տալով: Աստված միայն բարին է կամենում, սակայն թույլ է տալիս, որ չարը լինի, չի արգելում: Եվ պատժի առկայությունը հենց Աստծո թույլատու կամքի արտահայտությունն է:

– Հա՛յր սուրբ, հիվանդությունը, ցավը կարո՞ղ են պատիժ համարվել։

– Այո՛, Աստված կարող է թե՛ հիվանդությամբ, թե՛ հաշմանդամությամբ խրատել մարդկանց: Հիվանդությունն ամենամեծ ողորմությունն է մարդու համար, ապաշխարություն, եթե մարդն առանց տրտնջալու, բողոքելու տանում է այն: Այդ դեպքում իր մեղքը քավվում է: Իսկ եթե տրտնջա, բողոքի, վարձք չի ստանա, որովհետեւ յուրաքանչյուր փորձության մեջ մեծ վարձք կա:

– Աստված մարդու ուժերից վեր փորձություն տալի՞ս է։

– Ո՛չ, ուժերից վեր չի տալիս: Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ «Աստված փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս» (տե՛ս Ա Կորնթ. Ժ 13): Երբ մարդը հավատի մեջ տկարանում է, թուլացնում է իր հույսն առ Աստված` խճճվելով այդ փորձությունների ու հիվանդության մեջ, իրեն թվում է, որ այդ ամենն իր ուժերից վեր է: Բայց եթե հավատքով, հույսով դիմի Աստծուն, ապավինի Նրան, իր վրա դրված բեռը՝ փորձությունը, կթեթեւանա, ու նա կկարողանա սիրով հաղթահարել:

– Պատիժ հասկացությունը միայն Աստծուն չի վերաբերում: Մարդն էլ պատժում է մարդուն` ուղիղ ընթացքի բերելու համար (նկատի ունեմ արդարադատության մարդաստեղծ համակարգը): Մարդը կարո՞ղ է դատել ու պատժել իր նմանին` ըստ Աստծու: Ո՞րն է տարբերությունը։

– Այո՛, մարդը կարող է դատել, քանի որ Աստծու հրամանով Հին Ուխտում մարգարեներ ու դատավորներ կարգվեցին` Իսրայելի ցեղին դատելու համար: Այսօր նույնպես, եթե դատաստանը լինի արդարամտությամբ, անաչառորեն եւ շնորհով, այսինքն` երբ դատավորն ինքնակոչ չէ ու պահում է օրենքը, ապա տեղի է ունենում աստվածային վճռի կայացում, որովհետեւ Աստված կամենում է, որ չարը պատժվի, որպեսզի կանխվի հետագա ավելի մեծ չարիքը:

– Մենք հաճախ մեզ անվանում ենք քրիստոնյա ազգ եւ գիտենք, որ ամենակարեւորն Աստծու դատաստանն է, ապա ինչո՞ւ որպես քրիստոնյաներ չենք ձգտում մեր աշխարհիկ օրենքներն ու պատժի մեխանիզմները գոնե փոքր-ինչ մոտեցնել դրան, թե՞ արդեն մոտեցրել ենք. ի՞նչ եք կարծում։

– Ազգը կարող է քրիստոնյա լինել՝ քրիստոնեական կարգերն ու բարքերը պահելով միայն: Ցավոք սրտի, աստվածային պատվիրանները պահելու տեսանկյունից մենք այնքան էլ քրիստոնյա ազգ չենք: Բնականաբար, նույն թերացումներն էլ տեղի են ունենում նաեւ մարդկային դատարանների պարագայում:

– Անդրադառնանք անմեղ երեխաներին պատահող դժբախտություններին, մասնավորապես՝ մահվան դեպքերին: Այստեղ կա՞ պատժի հանգամանքը։

– Եթե հոգեւոր տեսանկյունից նայենք հարցին, ապա պիտի ասենք, որ մանկան պարագայում այդ պատիժը շնորհ է, աստվածային ողորմություն, որովհետեւ մահվամբ նա այս վշտերի, չարչարանքների կյանքից տեղափոխվեց հավիտենական, երկնային ուրախություն: Իսկ եթե նայենք մարդկային տեսանկյունից, ապա արժի հիշել Ավետարանից ի ծնե կույրի բժշկության դրվագը (տե՛ս Հովհ. Թ 3): Հրեաները հարցրին Քրիստոսին, թե ո՞ւմ մեղքն է, որ նա կույր է ծնվել` ծնողների՞նը, թե՞ իրենը: Եվ Տերը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ո՛չ էլ իր հորն ու մորը, այլ` որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն»: Օրինակ՝ սուրբ Գր. Տաթեւացին ասում է, որ ծնողների մեղքի պատճառով Աստված պատժում է զավակին, որպեսզի տեսնելով վերջինիս չարչարանքները՝ նրանք տառապանքով քավեն իրենց կատարած սխալները, մեղքերը ու ակամա ապաշխարեն` դառնալով Աստծուն: Ուրեմն, երբ մարդը կամավորապես չի ապաշխարում, Աստված ակամա ապաշխարությամբ է նրան փրկության մղում:

– Հա՛յր սուրբ, մի այսպիսի մտայնություն կա մեզանում, որ Հին Ուխտի Աստվածը վրեժխնդիր, դաժան ու ոխակալ Աստված է, ինչը չի կարելի դնել Նոր Կտակարանի կողքին, որը սիրո, գթառատության, ներողամտության մարմանվորում է: Այս մասին ի՞նչ կասեք։

– Աստված չի փոխվել երբեք: Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարաններում Աստված նույնն է: Սակայն մարդկային ընկալումները պատժի եւ ողորմության նկատմամբ տարբեր էին: Ինչո՞ւ էր Աստված նման կերպերով ու օրենքներով խոսում Հին Ուխտի ժողովրդի հետ. որովհետեւ նրանք դեռեւս չէին հասունացել հոգեւորապես, խոր խավարում էին, աշխարհը բարոյական ցածր չափանիշներով էր ապրում, դրա համար էլ գերակա էր պատժի օրենքը: Իսկ Քրիստոսը եկավ ոչ թե ջնջելու, այլ լրացնելու (տե՛ս Մատթ. Ե 17):

– Քրիստոսն ասաց. «Չեկա արդարների, այլ մեղավորների համար»: Նա 99-ին թողեց եւ գնաց 1 կորածի հետեւից: Մեկի հետեւից գնալու, մեկ անձի մեջ ողջ մարդկությանը տեսնելու վեհագույն գաղափարն արդյո՞ք գիտակցված է մեր հասարակության մեջ։

– Քրիստոնեական կրոնի մեծությունը կայանում է նրանում, որ այն վերաբերում է բոլորին եւ հատկապես` յուրաքանչյուր մեկին: Ցավոք սրտի, այսօր մեր հասարակության մեջ այս բանը չենք տեսնում: Մարդիկ հաճախ են բողոքում երկրի վիճակից: Մինչդեռ այն սկսվում է յուրաքանչյուր անձի վիճակից, որովհետեւ քրիստոնեական հավատքը վերաբերում է նախ յուրաքանչյուր անձի, ապա այդ գիտակցությամբ միավորված բոլոր քրիստոնյաներին: Եվ Ավետարանը յուրաքանչյուր մեկի կենսագրությունն է: Այն իմ մասին է գրվել, ուստի առանց խորությամբ, ի սրտե այն ընթերցելու՝ ես իմ մասին ոչինչ չեմ իմանա: Խորհուրդ կտամ մեր ընթերցողներին, որ ընթերցեն Ավետարանն իբրեւ իրենց կենսագրությունը. նրանք շատ բաներ կգտնեն այնտեղ իրենց մասին:

 

One response to “ՀՈՎԻՎՆ ՈՒ ՆՐԱ ՀՈՏԸ

Leave a comment