RSS

ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

English Version

21-րդ դարի նախաշեմին բոլորեց Տաթևի 1700 ամյակը.

Հայոց աշխարհի դրամատիկ անցքերով հարուստ պատմության մեջ Սյունիքը մի առանձնահատուկ տեղ է գրավում:

Հին Հայաստանի նախարական տների մեջ Սյունյաց տոհմն ուներ վերապատիվ դիրք և երկրի քաղաքական կյանքում ոչ միայն ակտիվ մասնակից էր, այլև հաճախ հանդես եկող վճռական դերակատար: Պատմական Սյունիքի նախաթոռը Ծղուկն էր, որը երբեմն կոչվում էր Սյունիք կամ Սիսական: Ծղուկն Սյունյաց իշխանների բուն գահատեղն էր և զբաղեցնում էր Սյունյաց աշխարհի կենտրոնը` տարածվելով Որոտան գետի աջ ափի երկարությամբ: Նա ընդգրկում էր ժականակակից աջափնյա ողջ Սիսիանը, Գորիսի շրջանի արևմտյան և Կապանի շրջանի հյուսիսային կողմի մի քանի գյուղեր: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Ծղուկ գավառի կյանքում պատմական կարևոր դեր է ունեցել Շաղատն ու Տաթևը, սակայն Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո հետզտհետե բարձրացավ Տաթևի դերն ու մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին նա դառնում է ոչ միայն ողջ գավառի, այլև ամբողջ Սյունյաց աշխարհի հոգևոր, քաղաքական ու մշակույթային կյանքի կենտրոն` պահպանելով այդ դիրքը երկար ժամանակ:

Տաթևի անունը և հիմնադրման թվականը հայտնի չէ, սակայն պատմական փաստերը վկայում են, որ հինավուրց այս բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ. թ. 3-րդ դարից առաջ: Ինչպես նաև,  Ներսեսի գահնամակում հիշատակվում է Տաթևյանք իշխանական նախարարական տոհմը, որից հետևում է, որ Տաթևը հնագույն իշխանական բնակավայր էր դեռևս հեթանոսական ժամանակներից:  Ավանդությունները պատմում են, որ Տաթև անունը կապված է Սուրբ Թաթևոս առաքյալի աշակերտ Եվստաթևի կամ Ստաթևոս անվան հետ, ով Սյունիքում տարածել է քրիստոնեությունը 3-րդ դարի վերջին և այստեղ էլ նահատակվել: Ժամանակի ընթացքում Ստաթևոս անունը ձևափոխվել է Տաթև անվան: Իսկ IV դարի սկզբներին Տաթև անունը հիշատակվում է Եղիշեի գահնամակում:

Տաթևի նշանակության բարձրացման մեջ կարևոր դեր է խաղացել երկու հանգամանք` բնական շռայլ գեղեցկությունն ու աներևակայելի անառիկ ամրոց հիշեցնող նպաստավոր դիրքը և Տաթևի վանքը, որը հետագայում Արևելյան Հայաստանի հոգևոր կենտրոն լինելուց բացի դառնում է գիտական ու մշակույթային ամենանշանավոր օջախներից մեկը:

Պատմության էջերը վկայում են, որ 3-րդ դարից Տաթևում գործում էր  մի եկեղեցի, որը իր շրջակա հողերով 889 թ. Սյունյաց Եպիսկոպոս Դավիթը գնել է Սյունյաց Փիլիպպ Նահապետից:  5 տարի հետո Փիլիպպեն Տաթև գյուղը նվիրում է վանքին:

Բնության անկրկնելի մի հրաշալիք հիշեցնող այն  սարահարթը, որտեղ տեղեկայված է Տաթև գյուղն ու համանուն վանքը,  Սյունյաց աշխարհի ամենագեղանիստ վայրերից մեկն է: Աղեղնաձև ձգվող լեռների պարը երեք կողմից պարփակում է սարահարթը արևելքից թողնելով դեպի անծայրածիր հեռուները նայող մի նեղ տարածություն. ժայռահարթակ, որի տակ գետն է գահավիժում դեպի անդնդախոր ձորը: Ահռելի է թվում նայողին այդ ձորը և անհասանելի. հարավ-արևմուտքում դեպի երկինք է խոյանում հեթանոսական աստվածների հայր Արամազդի անունը կրող լեռը: Առաջին անգամ Տաթև այցելած մարդուն թվում է` ինքը բարձրացել է տանիքն աշխարհի ու երկիրն Արամազդից անդին էլ ձեղուն չունի:

Եվ այնտեղ, ուր լեռնապարի ծայրերն ստեղծում են բաց մի տարածություն անդնդախոր վիհերից ի վեր, եռանկյունաձև ժայռեղեն մի թերակղզու վրա բնության այս հրաշալիքն հրաշակերտվեց մարդկային ևս մեկ ձեռքագործով. կառուցվեց հռչակավոր Տաթևի վանքը:

Բ. Հարությունյան

<a href="http://www.circle.am/?w=*6438*">
	<img src="http://www.circle.am/service/?sid=*6438*&amp;bid=435" alt="Circle.Am" />
</a>
 

One response to “ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Leave a comment