RSS

Մովսես Տաթևացի

Նա Աստվածային շնորհք ուներ ու տասնհինգ տարեկանից փոքր էր, երբ նրան տվեցին քահանայության աստիճան և օրհնեցին կուսակրոն աբեղա/1592թ./: Նա աշակերտեց վարդապետ Սրապիոնին/1606թ./, իսկ վերջինս մահից առաջ կանչեց իր ավագ աշակերտ կեսարացի Գրիգոր վարդապետին և հանձնարարեց. «Սրան քեզ եմ հանձնում, որպեսզի իմ փոխարեն սրան հովվելով պահես և հասցնելով արբունքի հասակի և վարդապետական ուսման տաս, գավազան ու պատիվ, իսկ իմ օրհնությունը լինի քո և սրա վրա»:

Այդ շնորհաշատ պատանին Մովսես Գ Տաթևացին էր /Մ. Գ Սյունեցի, Աճարաննցի, Խոտանանցի/, որ  ծնվել էր 1578թ. Սյունիքի մարզի Խոտանան գյուղում, որ կրթություն ստացել է Տաթևի վանքում, կարգվել Ամենայն հայոց կաթողիկոս 1629թ-ից` հաջորդելով Դավիթ Դ Վաղարշապատցուն:  Նա մահկանացուն կնքել է 1632թ. Երևանում և ամփոփվել Կոզեռնի գերեզմանոցում:

Իր առաջին ուսուցիչ Սրապիոն վարդապետի մահից հետո, մի քանի տարիներ աշակերտելով վարդապետ Գրիգորին, Մովսես Տաթևացին մեկնում է Երուսաղեմ/1610թ./, լինում է Եգիպտոսում, շրջում ղպտիների վանքերն ու անապատները, վերադառնում նորից Երուսաղեմ և դառնում Ս. Հարություն տաճարի լուսարար: Երուսաղեմում նա հանդիպում է Սաղմոսավանքի Սարգիս վարդապետին ու Կիրակոս Տրապիզոնցի քահանային, ովքեր «շրջում էին Երուսաղեմում, հունաց վանքերում, Հորդանան գետի եզրերին, Փորձության լեռան վրա` որոնելով ուշադրությունից զերծ ու անգայթակղիչ անապատի տեղ, բայց ըստ պատշաճի չէին գտնում»:

Այստեղ է, որ Մովսես Տաթևացին նրանց խորհուրդ է տալիս. «Այդպիսի տեղ, որ որոնում եք, [հայոց] արևելյան երկրում շատերը կան, մանավանդ Սյունյաց աշխարհում, որոնց ես իսկն ականատես եմ. այն աշխարհում շատ ավելի պատշաճ է անապատ շինել, որովհետև բուն Հայաստանն է. վանքեր, գյուղեր ու քրիստոնիա ժողովուրդ շատ կան, ուստի անապատի կարիքները կլրացվեն»:  Իսկ 1611թ. վերոհիշյալ 2 կրոնավորների նախաձեռնությամբ կառուցվեց Տաթևի Մեծ Անապատը, թերևս պատմության էջերում արձանագրվել է մեկ այլ տարեթիվ /1610թ./ Անապատի հիմնադրման համար:

1613թ. Մովսես վարդապետը վերադարձավ Տաթևի վանք մի քանի տարիներ Կոստանդնապոլսում, Տիգրանակերտում, Վասպուրականում, այնուհետև Թավրիզում քարոզչությամբ զբաղվելուց հետո: Տիգրանակերտ այցելության առավել հիմնավոր պատճառներից մեկը ուսուցիչ Սրապիոն վարդապետի տապանին այցելությունն էր:

Չնայած 1613թ. Մովսես Տաթևացու գալուստը Մեծ Անապատ մեծ ուրախություն պատճառեց տեղի միաբանններին, բայց շատ շուտով նա ընդդիմության արժանացավ իր միաբան հավատակիցների կողմից. նրանք չընդունեցին վարդապետի քարոզչությունները: Մ. Տաթևացին տեղափոխվեց Մեծ Անապատ և այստեղ դադար առնելով երկար տարիներ աստծո պատվիրանն էր քարոզում ժողովրդին: Մ. Տաթևացին զորավիգ ունենալով Պողոս վարդապետին, վերին երկրի /Սյունքի/ հոգևոր հայրերից մեկին, շրջեց հայոց մի շարք գավառներում ` ամենքին քարոզելով ճշմարտությունը, շինեց եկեղեցիներ, կարգեց վարդապետներ, հիմնեց դպրոցներ, կրթեց տեղի բնակչությանը:

Այնուամենայնիվ, այս ամեն ագզանպաստ գործունեությանը զուգահեռ չէին դադարում հալածանքները Տաթևացու նկատմամբ, որն էլ հանգեցրեց նրա որոշմանը արևելյան երկրից տեղափոխվել արևմտյան երկիր` Թեոդապոլիս` Կարին քաղաք:

Այդ ժամանակ Երևանի և Արարատյան աշխարհի մեծ ու հզոր իշխանն էր Ամիրգունա խանը /1620-ական թթ./, որի հավանությանն էր արժանացել Մովսես վարդապետը: Խանի հորդորով վարդապետը չլքեց Երևանը. վերաշինեց Սբ. Անանիա առաքյալ անապատը, կարգավորեց Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացեց Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները:

1623թ. Մովսես Տաթևացին ձեռնադրվեց եպիսկոպոս Մելիքսեթ կաթողիկոսի օրհնությամբ: 1626թ. եղել է Սպահան քաղաքում ջուղայեցի վաճառականների, տեղի քահանաների և աշխարհականների հորդորով: Նա հյուրընկալվում է խոջա Սաֆրազին, որդին խոջա Նազարի, որոշ ժամանակ զբաղվում քարոզչությամբ և մեծ փառքով վերադառնում  Հայաստան, Երևան: Այդ ժամանակ էր, որ պարսից արքա մեծ Շահ-Աբաս 1-ինը հրովարտակ ուղղեց Ամիրգունա խանին Մովսես վարդապետի վերաբերյալ. «Ամիրգունա խան, ճանաչիր Մովսես անունով վարդապետին, որ բնակվում է քո քաղաքում` քեզ մոտ, շտապ նրան ինձ մոտ ուղարկես, ուր որ լինեմ, թող գա ինձ գտնի»:

Մովսես Տաթևացուն որոնելու պատճառը մոմի սպիտակեցման արհեստն էր. Երուսաղեմում գտնվելու տարիներին Մովսես վարդապետը սովորել էր մոմ սպիտակեցնելու արհեստը և ամեն տարի նա եկեղեցական բոլոր ժամերգություններին վառում էր սպիտակամոմ և մեծ հանդիսությամբ կատարում էր տերունական և նշանավոր սրբերի տոները:

Թե ինչպես իմացավ Շահ-Աբաս արքան սպիտակ մոմի մասին, վկայում է մի պատմություն 21 մոմերի մասին. Դա այն ժամ էր, երբ պարսիկ Բայինդուր բեկը և Ամիրգունա խանը այցելեցին Անանիա առաքյալ անապատը, ուր բնակվում էր Մովսես Տաթևացին: Ի շնորհ նրանց այցելության վարդապետը նրանց յուրաքանչյուրին նվիրեց 7-ական սպիտակ մոմ, իսկ վերջիններիս սպիտակությունը այնքան «հրճվալի, պայծառ ու չքնաղ էր», որ պարսից իշխանականները որոշեցին. «…պահեմ սա և տանեմ նվեր մատուցեմ շահին», «… նվեր մատուցվի թագավորի առջև»: Այդ ամենին լրացում Մ. վարդապետը ասաց. «Որովհետև այդպես արիք, 7 մոմ եւս բերում ավելացնում եմ դրանց վրա, այդպես կմատուցեք թագավորին»: Սա էր այն միակ պատճառը  թագավորի հրովարտակի` Մովսեսին շտապ իր մոտ կանչելու:

Այդ ժամանակաշրջանին հաջորդող 8 ամիսներին Մովսես վարդապետը 100 լիտր մոմ /1լ = 4800 գրամ, կամ 12 ֆունտ/ վերցնելով թագավորական 3 ծառաների հետ սպիտակեցրեց մոմը, սովորեցրեց ծառաներին, ավարտից հետո մեկնեց Ֆահրապատ, ուր ձմեռում էր Շահ-Աբաս արքան:

Մեկ այլ դիպված, որ եղավ 1627թ. հուվարին, Սբ. Ծննդյան հայտնության տոնն էր, որին ներկա էր Պարսից շահը: Արքան մեծ հաճույք է ստանում տոնախմբությունից և առաջարկում է խոջա Նազարին. «Մեր վարդապետը ինչ խնդրանք ունի, որ կատարենք, գանձ, կալվածք կամ ուրիշ որևէ բան, ինչ ինքը կամենում է»: Խոջա Նազարը առաջարկեց. «Նա այնպիսի մարդ է, որ աշխարհն ու նրա հարստությունը զանց է արել, և դրանից ոչ մեկի պետքը չունի: Իսկ եթե շնորհ անես, սրան ինբրև պարգև տուր Էջմիածնի լուսարարությունը, որպեսզի այնտեղ եկեղեցուն սպասավորելով` աղոթի թագավորի կյանքի համար»:

1627թ. վերանորոգվել է Սբ. Էջմիածնի վանքը, վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպը: Իսկ 1926թ. հունվարի 7-ին, երբ պարսից շահ օծվեց Շահսեֆ թագավորը, հիանալի պահ եղավ 100 թուման տուգանքը վերացնելու խնդրանքով հանդես գալու. Էջմիածնի Սուրբ աթոռի համար ծանր բեռ էր 100 թուման տուգանքը, որը պատրաստվում էր վճարել պարսից շահին: Խոջա Նազարը, որ բարեկամ էր Մովսես վարդապետին հանդես եկավ խնդրանքով Շահսեֆ արքային` տալ թագավորական կնիքով հրովարտակ 100 թուման տուգանքը վերացնելու մասին, և Մովսես վարդապետին տալ կաթողիկոսության իշխանություն: Արքան կատարեց հայերի խնդրանքը. «… թող վերացվի 100 թուման տուգանքը, որը մեր թագավորներից է դրված ձեր Էջմիածնի վրա, այլև տրվի հրաման Մովսես վարդապետի կաթողիկոսության` ըստ ամենայն հայոց ազգի խնդրանքի»:

1629թ. հունվարի 13-ին Մովսես Տաթևացի հայր սուրբը «օծվեց հայոց ազգի հայրապետ` պայծառ և պանծալի ժառանգորդ Սուրբ Էջմիածնի բարձրագահ աթոռի»:

Նյութի համար աղբյուր ծառայեց Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գիրքը, 1988թ.

 

Leave a comment