RSS

Սուրբ Հաղորդություն

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂ ՈՒ ԴԱՐՄԱՆ Է ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՄԵՂՔԵՐԻ

Նյութի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է «Քրիստոնյա Հայաստան» Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթին, թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։

Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի հյուրն է Տաթեւի վանքի վանահայր հոգեշնորհ Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 7 սրբարար խորհուրդներից չորրորդը սուրբ Հաղորդությունն է, որը հաստատեց Տեր Հիսուս Քրիստոսը Վերջին Ընթրիքի ժամանակ: Ինչո՞ւ Տերը հաստատեց այդ խորհուրդը։

Հայր Միքայել/«Հայր Միքայել» ֆեյսբուքյան էջ

Հայր Միքայել/«Հայր Միքայել» ֆեյսբուքյան էջ

– Քրիստոսն Իր չարչարանքներից առաջ սեղան նստեց աշակերտների հետ, հաց վերցրեց, կտրեց, տվեց նրանց` ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»: Հետո վերցրեց գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց` ասելով. »Խմեցեք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»: Քրիստոսը նաեւ պատգամեց. «Այս արեք Իմ հիշատակի համար» (Ղուկ. ԻԲ. 19): Այնուհետեւ Քրիստոսը խաչը բարձրացավ. Նա Իր Մարմինն ու Արյունը տվեց՝ հանուն մեղավոր մարդկության փրկության: Քրիստոսի պատարագումի խորհուրդը մենք պետք է կատարենք մշտապես, մինչեւ աշխարհի վախճանը:

Քրիստոսն այն ժամանակ պատարագվեց խաչի վրա, այսօր էլ պատարագվում է եկեղեցիներում՝ քառանկյուն սուրբ Սեղանի վրա: Այն ժամանակ Գողգոթայում Իր Մարմինն ու Արյունը զոհաբերեց մարդկության մեղքերի քավության եւ թողության համար: Այսօր էլ պատարագի ժամանակ պատարագվում են հացն ու գինին, որոնք աղոթքներով Աստծո կողմից փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի եւ Արյան: Քրիստոսը զգուշացնում է Ավետարանում. «Եթե չուտեք Մարդու Որդու Մարմինը եւ չըմպեք Նրա Արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. Զ 54):

– Փաստորեն, սուրբ Հաղորդությունը սուրբ Պատարագի արարողության բուն առանցքն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը` Անմահ Գառը, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է ս. Սեղանի վրա: Ինչո՞ւ է Հաղորդության խորհուրդն անվանվում նաեւ Անարյուն Պատարագ:

– Հին Ուխտի բոլոր պատարագները կատարվում էին արյան հեղմամբ, որը տեսանելի էր բոլորին: Պողոս առաքյալն ասում է, որ մեղքերի թողություն առանց արյան հեղումի չէր լինում: Այսօր մեղքերի թողությունը լինում է Անարյուն Պատարագով. հացի եւ գինու բաղադրությունը մնում է նույնը, հացը մնում է հաց, գինին` գինի, սակայն խորհրդով դրանք փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի եւ Արյան: Միս չէ, որ մենք ընդունում ենք` ճաշակելով ս. Հաղորդությունը, այլ ուտում ենք հաց եւ գինի, սակայն խորհրդավորապես ընդունում եւ հավատում ենք, որ Քրիստոսի Մարմինն ու Արյունն են:

– Հա՛յր սուրբ, մարդն իր սահմանափակ, տկար մտքով կարո՞ղ է ըմբռնել այս խորհուրդն ամբողջությամբ:

– Անշուշտ` ոչ: Մեծ հավատ է պետք, աներկբա հավատ: Հաղորդությանը մոտեցող յուրաքանչյուր ոք պետք է հավատա, որ դրանք իսկապես Քրիստոսի Մարմինն ու Արյունն են: Եկեղեցու սուրբ հայրերն այս սուրբ խորհրդին չհավատացողներին զրկում էին հաղորդությունից:

– Իսկ ինչպե՞ս պետք պատրաստվել հաղորդությանը մոտենալուն, ի՞նչ է հրահանգում Եկեղեցին:

– Սա, թերեւս, ամենից ցավոտ եւ քննարկման արժանի հարցն է, որը պետք է պարզաբանվի: Հաղորդությանը մոտեցող յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ուղղափառ հավատքի դավանություն, ուղղափառ հավատքի ճիշտ պատկերացում: Մենք` քրիստոնյաներս, հավատում ենք Ս. Երրորդությանը` Հորը, Որդուն եւ Ս. Հոգուն, Քրիստոսի կյանքի տնօրինական դրվագներին` ծնունդին, մկրտությանը, Հաղորդության խորհրդի հաստատմանը, մեզ համար չարչարվելուն, խաչվելուն, թաղվելուն, հարություն առնելուն, երկինք համբարձվելուն եւ երկրորդ գալստյանը։ Հավատում ենք հանդերձյալ կյանքին, մեռելների հարությանը, արդարների` երկնքի արքայություն մտնելուն եւ մեղավորների` հավիտենական տանջանքների դատապարտվելուն: Այս հավատքը պետք է ունենա պարզ քրիստոնյան: Այս հավատքի հիմքի վրա ենք կատարում Մկրտության խորհուրդը, որը նաեւ ս. Հաղորդությանը պատրաստվելու մի մաս է կազմում, քանի որ չմկրտված մարդը չի կարող հաղորդություն ստանալ: Ս. Հաղորդությանը մոտեցող մարդը չի կարող չընդունել հանդերձյալ կյանքի գոյությունը, որովհետեւ հաղորդությունը հենց հանդերձյալ կյանքի թթխմորն է, որը, ինչպես ասում են Եկեղեցու ս. հայրերը, դրվում է մեր մեջ եւ խմորում մեր ողջ մարմինը` ընդունակ դարձնելով այն Քրիստոսի երկրորդ գալստյանը հարություն առնելուն եւ նրա առջեւ կանգնելուն: Հաղորդվող մարդը պետք է ունենա քրիստոնեական մաքուր վարք, կենցաղ, հեռու լինի մեծամեծ մեղքերից՝ շնությունից, գողությունից, հարբեցողությունից, թմրամոլությունից, ոգեկոչությունից, գուշակությունից, կախարդությունից…. Այս մեծ մեղքերի մեջ եղող մարդիկ չեն կարող հաղորդվել, որովհետեւ Հաղորդությունը նրանց համար դատապարտություն կլինի: Այլ պետք է խոստովանել այդ մեղքերը. արտասուքներով զղջալ, մեզ վրա դրված ապաշխարությունը հանձն առնել, իսպառ մաքրվել եւ իրապես թեթեւացած խղճով ու քահանայի օրհնությամբ մոտենալ ս. Հաղորդությանը:

Իսկ այն քրիստոնյաները, ովքեր ունեն ուղղափառ հավատք, հաղորդության գիտակցություն, եւ, ինչպես ս. Գրիգոր Տաթեւացին է ասում, «փոշետեսակ մեղքեր», այսինքն` երբեմն սուտ են խոսում, բամբասում, դատում, բարկանում, բայց փորձում են ողջ էությամբ պայքարել դրանց դեմ, պետք է մոտենան ս. Հաղորդությանը: Գր. Տաթեւացին ասում է, որ այս փոշենման մեղքերը մաքրվում են խոստովանությամբ, եկեղեցական ժամերգություններին, պատարագներին մասնակցելով, աղոթքներով եւ ս. Հաղորդությամբ: Եթե մարդն իրապես փափագում եւ ձգտում է Քրիստոսի Մարմնի եւ Արյան հետ հաղորդվել, ապա այդ մեղքերը չեն կարող արգելք հանդիսանալ: Այդպիսի մարդն անտարբեր չի մեղքերի մեջ: Մինչդեռ շատերը մանր մեղքերի մեջ անտարբեր են, չեն պայքարում դրանց դեմ եւ չեն մոտենում Հաղորդությանը: Սա ճիշտ չէ:

Սուրբ Հաղորդությանը մոտենալիս պետք է ունենալ լրջություն եւ աղոթասիրություն: Պետք է պահել եկեղեցու կարգն ու սարքը, պահել օրապահքերը (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի) եւ շաբաթապահքերը, պահել աղոթքով, պատրաստվել ու առավոտից ծոմապահությամբ գնալ եկեղեցի: Շատ ջերմեռանդ քրիստոնյաներ ծոմ են պահում նախորդ օրվա երեկոյից սկսած, որը գովելի, դրվատելի է: Բավարար պայման է առավոտից ծոմապահությունը, ցանկալի պայման է երեկոյից ծոմապահությունը: Հաղորդությանը մոտեցող մարդը պետք է մաքուր լինի ոչ միայն հոգեպես, այլեւ մարմնապես: Պարզ առօրյայով ապրող քրիստոնյա մարդու համար այսքանը բավարար է: Հանդգնություն է, երբ մարդը, ով ոչ աղոթք է արել, ոչ պահք պահել, ոչ պատրաստվել, գալիս եւ հաղորդություն է ստանում: Իսկ եթե պատրաստվել ես, բայց էլի չես մոտենում, ընկնում ես ծայրահեղության մեջ:

– Ս. Գրիգոր Նարեկացին ասում է, որ «ս. հաղորդությունը մեր անբուժելի ախտերին ու մեր ամենօրյա մեղքերին դեղ ու դարման է» (Բան ԾԳ Դ), սակայն, ինչպես արդեն ասացիք, անպատրաստ մոտենալու դեպքում այն դատապարտություն է լինում ստացողի համար: Շատ քրիստոնյաներ հաճախ իրենց հեռու են պահում հաղորդությունից` անպատրաստ համարելով: Ինչպե՞ս կարող է քրիստոնյան հասկանալ` պատրա՞ստ է ս. խորհրդին մոտենալուն, թե՞ ոչ:

– Մինչ այժմ խոսեցինք հաղորդությանը պատրաստվելու ձախ կողմի մասին, այժմ խոսենք աջ կողմի մասին: Այո՛, այսօր շատ քրիստոնյաներ իրենց ետ են պահում հաղորդությունից`անարժան համարելով: Սա հաղորդությունից ետ կանգնելու աջակողմյան արգելքն է, որը ճիշտ չէ: Հաղորդությունը դեղ ու դարման է, առանց որի մեղքի պայքարը մղել չենք կարող: Այս կերպ վարվող քրիստոնյաներն ուզում են նախ մեղքի պայքարը մղել, նոր միայն մոտենալ հաղորդությանը: Այդպես չի լինում: Մենք պետք է պայքարենք մեղքի դեմ «արյուն թափելու աստիճան» եւ զուգահեռ սուրբ հաղորդություն ստանանք: Մնացած պակասը ս. հաղորդությունն է լրացնելու` օգնելով հաղթահարել մեղքը:

– Ի՞նչ հաճախականությամբ պետք է քրիստոնյան հաղորդություն ստանա:

– Թերեւս 40 օրը մեկ պարտադիր է, եթե մարդն ապաշխարության շրջանի մեջ չէ: Թեեւ ես կարծում եմ, որ քրիստոնեական ընթացք ունեցող մարդու համար 40 օրվա հաճախականությունը ուշ է, որովհետեւ հոգին կտկարանա: Օրինակ` ինչպե՞ս կարող է մարդը 40 օր ոչինչ չուտել, նույնպես եւ հաղորդության պարագայում… Հաղորդությունը հոգու փրկության դեղ է, զորացնում է մարդուն: Ս. Գր. Նարեկացին «Սա վեր է դասում նահատակների արյամբ կատարած վկայությունից, մարտիրոսությունից…, ամեն ինչից» (տե՛ս Բան ԾԳ. Դ): Ոչինչ չի կարող համեմատվել ս. հաղորդության հետ, սրանով ենք հաղթում սատանային: Ես կարծում եմ, որ մարդը, ով հեռու է մեծամեծ մեղքերից, ունի ուղղափառ հավատ, քրիստոնեական ընթացք, ապա կարող է նույնիսկ ս. Պատարագի ընթացքում պատրաստվել Հաղորդությանը. մի սրտի հառաչանք եւ մի սրտի արտասուք (եթե ոչ արտաքնապես, գոնե սրտով արտասվել): Ուրեմն հեռու մնանք հաղորդությանը մոտենալու 2 թերացումներից` հանդգնությամբ հաղորդվելուց եւ անընդհատ հաղորդությունից հեռանալուց:

– Հա՛յր սուրբ, թերեւս պակաս կարեւոր չէ նաեւ հաղորդությունից հետո հաղորդվողի պահվածքը, այնպես չէ՞։

– Սուրբ հաղորդությամբ նորոգված մարդն այնքան զորավոր է մեղքի դեմ պայքարում, որ արդեն ոչ թե ինքը, այլ իր մեջ եղած Քրիստոսն է անում ամեն բան: Սրանում է խորհուրդը. պետք է պայքարել մեղքի դեմ, ս. հաղորդությամբ զորանալ, ինքնազոհաբերությամբ հանձնվել Քրիստոսին եւ Նրանով հաղթահարել ամեն բան: Կարեւոր է, որ մարդ ունենա արթուն եւ ճիշտ գիտակցություն: Մեր խիղճը պետք է կարողանա ճիշտ զատորոշել մեղքերը եւ ազատվել դրանցից: Հայրերն առանձնացնում են խղճի 3 տեսակ: Նրանք խիղճը համեմատում են ցանցի հետ, որն ունի տարբեր` մեծ, միջին եւ փոքր չափի անցքեր: Խիղճը մեր հոգու մեջ դրված ցանց է, որի միջով անցնում են մեղքերը: Եթե ցանցի անցքերը մեծ են, մեծամեծ մեղքերը հեշտությամբ անցնում են դրանց միջով: Սա լայն անցքերով ցանցի օրինակ է եւ պատահում է այն մարդկանց մոտ, ովքեր չունեն քրիստոնեական կենցաղ եւ աղոթական կյանք, ովքեր մեղքերի մեջ լինելով` իրենց անմեղ են կարծում: Նեղ անցքերով ցանցով խիղճ ավելի հաճախ պատահում է քրիստոնյաների մոտ, ովքեր ամեն մի մանրուքը մեծ մեղք են համարում: Օրինակ` մեկին նեղացրել են, ամիսներով հաղորդություն չեն ստանում: Սխալ է: Նեղացրեցի՞նք, գնանք, ներողություն խնդրենք, ինչպես ասում է ս. Պողոս առաքյալը. «Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփես. Դ 26): Պետք է մեղքից դուրս գալու արվեստն իմանանք` զղջանք, խոստովանենք, մաքրվենք ու թեթեւանանք: Մեղքերի գիտակցությունը չպիտի շատ ծանրանա մեզ վրա, որպեսզի հաղորդությունից էլ ետ չպահի: Միջին անցքերով խղճի ցանցը մեղքի ճիշտ, ուղղափառ գիտակցությունն է, որով քրիստոնյան կարող է մեղքերից ձերբազատվել, խոստովանությամբ թեթեւանալ, մաքրվել ու մոտենալ ս. Հաղորդությանը:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: