RSS

ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

English version 

1658թ. ավերիչ երկրաշարժը կործանեց Հալիձորի Սյունյաց Մեծ Անապատը /նաև անվանում էին Հարանց Անապատ/: Վերջինս լուրջ առիթ հանդիսացավ Նոր Անապատի կառուցման գաղափարի համար. XVII դարի 2-րդ կեսին Հակոբ Դ Ջուղայեցին որոշեց կառուցել Տաթևի Մեծ Անապատը /Տ.Մ.Ա./: Այն գտվնում է Տաթև գյուղից հարավ-արևելք, Որոտան գետի աջ ափին, Տաթև սարի ստորոտում: Մեծ Անապատի շինարարությունից հետո այնտեղ տեղափոխվեցին Հարանց Անապատի միաբանությունը: Երբեմն պատմության էջերում այս 2 անապատները /Հարանց Անապատ և Տաթևի Մեծ Անապատ/ շփոթվում են: Իրականում 1660թ. է սկսվել Տ.Մ.Ա. -ի շինարարությունը, իսկ Հարանց Անապատի կործանման պատճառը 1658թ.-ի երկրաշարժն էր: 1663թ. նույն Անապատում կառուցվում է Սբ. Աստվածածին եկեղեցին, իսկ 1668թ. Անապատը արդեն ուներ 70 միաբան: Г-աձև հատակագծով բնակելի սենյակների մասնաշենքը կառուցվեց 1682թ. տեղի միաբանության համար:

1669թ. վախճանվում է Տ.Մ.Ա. -ի հիմնադիր Արիստակես վարդապետը և թաղվում եկեղեցու մատուռ-դամբարանում: 17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը Անապատում կատարվել են մի շարք կառուցումներ` սեղանատուն, պարիսպ /1711թ./, եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար գավիթ-սրահ /1743թ./:

Սբ. Աստվածածին եկեղեցին` 2 զույգ մույթերով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկ է, որը տեղակայված է համալիրի հարավ-արևմտյան մասում:

Հարավային պարսպին կից կառուցվել է  խոշոր սեղանատունը. թաղածածկ մի դահլիճ ` քարե նստարաններով ու սեղաններով. բավականին լուսավոր շինություն, որտեղ համաձայն Տ.Մ.Ա. կանոնադրության նախքան ճաշի նստելը միաբանները կարդում էին Սուրբ Գիրքը:

Տ.Մ.Ա.-ի  համալիրի բարձր պարիսպները ամբողջովին անջատում են անապատային կյանքը «արտաքին աշխարհից». պարսպապատերի վրա չկա ոչ մի բացվածք, որը բխում է անապատային առանձնահատկությունից. առանձնություն, ճգնում, ապաշխարհանք, մեկուսացում աշխարհիկ կյանքից, բնությունից:

 

Leave a comment