RSS

«Ոչխարների խուզում» փառատոն

«Խուզ` կենդանիների մազածածկույթի հեռացում` բուրդ ստանալու (ոչխարներից, այծերից, ուղտերից), ինչպես նաև մաշկի խնամքի, բուժման, ջերմատվության ուժեղացման (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր), որոշակի տեսք տալու (շների որոշ դեկորատիվ ցեղեր) նպատակով» – ահա այսպիսի բացատրություն կարելի է գտնել «խուզ» որոնողական առաջին իսկ փորձից:

Ոչխարների խուզը կատարվում է հիմնականում գարնանը: Եթե նրբագեղ և կիսանրբագեղ ոչխարները խուզում են տարվա մեջ մեկ անգամ` գարնանը, ապա կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարները՝ գարնանը և աշնանը։ Ներկա տեխնիկայի զարգացման դարաշրջանում խուզն հիմնականում մեքենայացված է, բայց հին ժամանակներում ու թերևս Հայաստանում այն իրականացվում է հատուկ մկրատի միջոցով:

«Խոյերի խուզ», Թոմ Ռոբերտս, 1890թ.

Արդյո՞ք մեքենայացված է լինելու ոչխարների խուզը Տաթևի հովտում ս.թ. մայիսի 3-ին կազմակերպվող մրցույթի ժամանակ «Ոչխարների խուզում» փառատոնի շրջանակում` կիմանանք փառատոնի կազմակերպիչներից, իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչպիսի ընկալում ունի ոչխարների խուզման գործընթացը միջազգային հարթակներում…

Պարզվու~մ է, որ…

… երբ 2012թ. Լոնդոնում անցկացվում էր Օլիմպիական խաղերը, Նոր Զելանդիայի «Federated Farmers» ֆերմերների միավորումն հանդես եկավ առաջարկությամբ` ոչխարների խուզումը ներառել Օլիմպիական խաղերի ծրագրում:

… ոչխարների խուզումը «Նոր Զելանդիա Սպորտ» կազմակերպության կողմից ճանաչված է որպես սպորտաձև:

… իսկ 2008թ. Ավստրալիայում խուզման սպորտային կոմիտեն, որը կարգավորում է երկրում մրցույթի կազմակերպումն ու անցկացումը, առաջարկել էր սպորտաձևը ընդգրկել Պեկինյան օլիմպիական խաղերի կազմում:

«Արդեն ժամանակն է բարձրացնել «ոչխարների խուզում» սպորտաձևի կարգավիճակը միջազգային հարթակներում», – նշել է Ժանետ Մաքսվելը, «Federated Farmers» ֆերմերների միավորման մամուլի խոսնակը: Նա համարում է, որ ոչխարների խուզման համար պահանջվում է ֆիզիկական մեծ ուժ…»:

Որքան էլ զվարճալի հնչի «ոչխարների խուզում»-ը որպես օլիմպիական սպորտաձև, թեկուզ և ցուցադրական, ճանաչելը` այնուամենայնիվ, երևույթը որպես սպորտաձև ունի համաշխարհային ընկալում ու սահմանվում են ռեկորդներ: 2012թ. տղամարդկանց համաշխարհային ռեկորդը պատկանում է իռլանդացի Իվան Սքոթին, ով ութ ժամվա ընթացքում խուզել է 744 ոչխար, իսկ կանանց ռեկորդը` նոր զելանդացի Քերրի- Ջո Տե Հուային, ով գերազանցելով նախորդ ռեկորդը 37-ով` ութ ժամում խուզել է 507 ոչխար:

Իսկ թե ո՞վ է լինելու առաջին հայ ռեկորդակիրը «Ոչխարների խուզում» մրցույթի ժամանակ, կիմանանք մասնակցելով մայիսի 3-ի փառատոնին: Փառատոնի շրջանակում մրցույթը անցկացվելու է 3 փուլով:

«Բարի» լեզուները ասում են, որ հետաքրքիր ու հագեցած գրաֆիկ է սպասվում բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր ս.թ. մայիսի 3-ին կլինեն Տաթևի հովտում:

Վերծանելով փառատոնի օրակարգը և հովտում նրա տեղաբաշխվածության քարտեզը` հայտնի է դառնում, որ միջոցառումների շարքը մեկնարկվելու է առավոտյան ժամը 11-ից ու երգ ու պարի, հյուրասիրության ու մրցության մթնոլորտում հանգուցալուծվելու է երեկոյան ժամը 18:00-ին: Կազմակերպիչները ամեն հնարավորը ձեռնարկում են` տեղում զբոսաշրջիկների հանգիստը արդյունավետ ու հարմարավետ կազմակերպելու համար:

«Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները ջանքեր չեն խնայում 1-ին անգամ Հայաստանում, Սյունիքի մարզում, Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կազմակերպելու «Ոչխարների խուզում» փառատոնը, որտեղ սեփական տաղավարներով հանդես են գալու Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները`  ցուցադրելով գյուղական սեփական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ, ինչպես նաև ապահովվելով համայնքի բնակիչների մասնակցությունը ոչխարների խուզման մրցույթին:

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

Օրը առավել հագեցած ու բազմաբնույթ դարձնելու համար սեփական տաղավարով հանդես կգա Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնը, որը ցուցադրելու է իր հաճախորդ կանանց ձեռագործերը` գորգեր, տիկնիկներ և այլ փափուկ խաղալիքներ… Այցելուները տեղում կարող են մասնակիցը դառնալ բրդից-թել-գորգ պատրաստման գործընթացին. փառափոնի տաղավարներից մեկը գորգերի «արտադրությամբ» է զբաղվելու:

Դուք երբևիցե՞ տեսել եք հին կաշվե կոշիկ: Գյուղացիները դրանց տրեխ են ասում: Տաթևացի Մարդուց Ազատի ընտանիքը` պարոն Ազատը, տիկին Ծաղիկը և որդին` Արմենը, մասնակցում են փառատոնին. նրանք պատրաստում ու փառատոնին կներկայացնեն կաշվե տրեխներ` կանաչ կարմիրը կապած:

Ցանկանու՞մ եք համտեսել «ոչխարի» թխվածքաբլիթ… Զվարճալի է չէ՞ հնչում… Տաթևացի տիկին Զարինեն այդ օրը բոլորին կհյուրասիրի իր «ոչխարի» թխվածքաբլիթներով: Հանկարծ չմտածեք, թե այն պատրաստված է լինելու ոչխարի մսից կամ կաթից, ինչպես հայկական ավանդական խաշլաման, կամ ոչխարի մածունը, այլև այդ թխվածքաբլիթները կունենան ոչխարի տեսք… իսկ ինչ թխվածքաբլիթ առանց թեյի ու այն էլ Տաթևի խոտաբույսերով: Օրվա կազմակերպիչները խոստանում եմ առատ թեյախմություն` «մասնագիտացված» տաղավարի շուրջ:

Թեև 2014-ի ձմեռը արդեն անցյալում է, բայց չէ՞ որ 2015-ի, 16-ի և գալիքի բոլոր ձմեռները դեռ գալիք են…Իսկ տաթևացի տիկին Անուշի գուլպաները խոստանում են տաք ու ցրտահարությունից ապահովագրված ձմեռներ:  Բրդյա հագուտների ջերմությունը և էկո-որակը գնահատողներին հրավիրում ենք մասնակցելու փառատոնին:

Բրդյա գուլպաներ

Բրդյա գուլպաներ

Մայիսյան այդ օրը անպակաս է լինելու նաև երգն ու երաժշտությունը: Վերջապես առիթ կունենաք ունկնդրելու Տաթևի սոխակներին. փառատոնի համերգային օրակարգում Տաթևի մանկական երգչախմբի կատարումներն են հնչելու: Մեզ իրենց ակնկրկնելի պարերով կհիացնեն «Կարին» պարախումբը և, իհարկե, անմասն չեն մնա ակումբային երաժշտության սիրահարները. DJ Vakcinan «թեժ» օր է խոստանում բոլորին:

Հալիձորցի Համբոն հիանալի փայտագործ է ու կարողանում է փայտի միջոցով կյանքի կոչել իր յուրաքանչյուր գաղափարը: Ասում են` Համբոն չուներ համապատասխան գործիքներ պատրաստելու այն ամենը, ինչ ցանկանում էր ցուցադրել մայիսյան այդ գեղեցիկ օրը: Իսկ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը` հետապնդելով տարածաշրջանում ցանկացած նածաձեռնության զարգացումը հանուն համայնքի բնակչի բարօրության, Համբոյի համար ձեռքբերեց համապատասխան գործիքներ ու նա անհամբերությամբ է պատրաստվում ներկայացնելու իր ձեռագործ փայտե գործերը փառատոնին:

Փառատոնին իրենց փայտագործության նմուշներըով այցելուներին կհիացնեն գորիսեցի հայր և որդի  Նորայրն ու Լևոնը: Նրանց մշակած փայտե կահույքի պարագաները` աթոռակներ, հագուստի կախիչներ և այլն, հնարավոր կլինի գտնել միայն փառատոնի տաղավարներից մեկում: Ինչպիսի բացառիկ առիթ կլինի այդ օրը բնության ու կենդանիների սիրահարներին գտնել կենցաղային բազմապիսի պարագաներ բնության թեմատիկ բովանդակությանը համահունչ: Ինչու չէ նաև ներկայացված նմուշները հիանալի կահ-կարասի կարող են լինել մանկական սենյակների ու սրահների ձևավորման համար:

Սիսիանից Վահագն ու Զարինե ամուսիները, ովքեր ունեն իրենց խեցեգործական արհեստանոցը, փառատոնին կներկայացնեն իրենց կերամիկական աշխատանքերը` կավից պատրաստված սուրճի գավաթներ, թեյի բաժակներ, պնակներ և այլ կենցաղային պարագաներ օրվա թեմատիկ բովանդակությանը համահունչ:

Եվ, ի վերջո, հարց է ծագում` ու՞մ է պատկանում նման հետաքրքիր ու իր տեսակի մեջ եզակի այս փառատոնի կազմակերպման ու անցկացման գաղափարը: «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Արեն Ապիկյանի հետ իմ զրույցի ժամանակ հայտնի դարձավ, որ գաղափարը պատկանում է Թիմոթի Սթրայթին, Հայաստանում Նորվեգիայի Թագավորության Պատվավոր Հյուպատոսին, ով իր գաղափարը ներկայացնելով «Տաթևի վերածնունդ» հիմնադրամին` հավանության է արժանացել և «մենք ողջունեցինք գաղափարը և մեծ ուրախությամբ աջակցում ու ձեռնամուխ ենք լինում փառատոնի կազմակերպման ու անցկացման գործին», – պատմում է Արենը:

Գաղափարի իրականցմանը աջակցում են նաև ԱՄՆ ՄԶԳ/USAID առաքելության հայաստանյան գրասենյակը, SDA-ը, «Կիլիկիա գարեջուր» և «Հյուր Սերվիս» ընկերությունները: Վերջինս ապահովելու է զբոսաշրջիկների տեղափոխությունը Երևանից-Հալիձոր-Երևան ուղղություններով: Շտապեք ամրագրել ձեր տեղերը` այդ օրը Տաթևի հովտում հիանալի այս միջոցառման մասը կազմելու համար:

«Տոնը կազմապերպվում է համայնքի բնակիչների ու զբոսաշրջիկների համար: Այս փառատոնը ևս մեկ հնարավորություն է համայնքների բնակիչների համար` ցուցադրելու իրենց տաղանդը ու արտադրանքը», – ներկայացնում է Արենը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ու ու՞մ համար է կազմակերպվում այս փառատոնը: «Փառատոնի անցկացման համար մենք ընտրեցինք, հատկապես, Տաթևի հովիտը ու ապահովում ենք շրջակա գյուղերի ակտիվ մասնակցությունը, քանի որ այս տարածաշրջանը համարվում է Սյունիքի մարզում ամենաակտիվ զբոսաշրջային գոտին և, իհարկե, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման բազմաբնույթ նախաձեռնություններով, մասնավորապես` «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, ամենաերկար հետադարձելին աշխարհում, Տաթևի վանական համալիրում գտնվող ձիթարանի վերականգումը և, իհարկե, շարունակվում է Տաթևի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները», – պատմում է Արենը:

Արենը համոզված է, որ այս միջոցառման կազմակերպումը, որը առաջինն է, բայց ոչ վերջինը, «մենք պլանավորում ենք նմանօրինակ փառատոններ կազմակերպել տարեկան առնվազն 3-4 անգամ», միջոց է ներկայացնելու Տաթևի զբոսաշրջային գոտին ոչ միայն որպես Տաթևի վանք և «ՏաԹևեր» ճոպանուղի, այլ հարուստ բանահյուսություն ունեցող, արհեստագործ համայնքի բնակիչների, ովքեր իրենց սոցիալ-տնտեսական բարեկեցությունը ապահովվելու համար` կարող են գործի դնել իրենց «ոսկե փեշակները» (մասնագիտությունը):

Հեղինակ` պապս սիրում էր ասել` արհեստավորը մինչև կեսօր է սոված մնում, կեսօրից հետո նա անպայման վաստակում է իր հացը:

Կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել ամենամյա, որը կարծում եմ խթան կլինի հովտի բնակիչների համար առավել ոգևորվածությամբ պատրաստվելու հաջորդ տարվա փառատոնին:

Ես ինքս մասնակցելու եմ փառատոնին ու հույս ունեմ այնտեղ տեսնել շատ ու շատ զբոսաշրջիկների:

Համեցեք ու զգացեք մեր հողն ու ջրի համն ու հոտը:

Լուսինե Հարությունյան

 

One response to “«Ոչխարների խուզում» փառատոն

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: