RSS

Տաթևը իմ տպավորություններում

«Տաթևը իմ տպավորություններում» – հարցմանը մասնակցել է 54 զբոսաշրջիկ: Հարցաթերթիկը բաղկացած է եղել 12 հարցերից, որոնցից 9-ը վերաբերում են Տաթև զբոսաշրջային կենտրոնի որակական և քանակական հատկանիշներին: Մյուս 3-ը զբոսաշրջիկի անձնական տվյալներին` բնակության վայրը, սեռը,  տարիքը, որը ձեզ չի ներկայացվի ոչ ավարտուն ու ամբողջական տեղեկատվության պատճառով:

1-ին հարցը`  «Ես այցելում եմ Տաթև հանգստյան գոտի»  փորձ էր պարզելու  այցելությունների հաճախականությունը`  54 հարցվողներից 36-ը պատասխանել է «1-ին անգամ» , իսկ «2-րդ անգամ»` միայն 5 հոգի, իսկ 12 հոգի Տաթև այցելում էր «3 և ավելի անգամ»:

Ես այցելում եմ «Տաթև» հանգստյան գոտի

Տաթև գյուղը և համանուն վանական համալիրը Հայաստանի պատմամշակութային, հոգևոր և կրթական կենտրոններից մեկն է, որը իր առանձնահատուկ բնական դիրքով ու հարուստ բնաշխարհով միշտ հիացրել է իր գրկում հանգստի ձգտող յուրաքանչյուրին:

Հարցաթերթիկի 2-րդ հարցի` «Որն էր հիմնական նպատակը այս հանգստյան գոտին ընտրելու/այցելելու համար»  պատասխանները հետևյալն են`

Ո՞րն էր հիմնական նպատակը այս հանգստյան գոտին ընտրելու/այցելելու համար

Տաթև զբոսաշրջային գոտին հարուստ է իր զբոսաշրջային հնարավորություններով, որ կարող է առաջարկվել յուրաքանչյուր անցելուին. թերևս կփաստեմ, որ չկա ավելի կանոնակարգված քաղաքականություն այդ հնարավորությունները զարգացնելու կամ որոշակի որակական մակարդակի հասցնելու համար. 2009թ. ի վեր հարավային Հայաստանում հայտարարաված է զբոսաշրջության վերածննդի ժամանակաշրջան և ՀՀ կառավարության և անհատ գործարարների ֆինանսական ու հոգատար ջանքերով քայլեր են ձեռնարկվում վերոհիշյալ հնարավորությունները զարգացնելու ու զբոսաշրջության համաշխարհային շուկայում մրցունակ դարձնելու համար: Այդ է վկայում 2010թ. ամենաերկար ճոպանուղում կառուցումը, տարածաշրջանում ենթակառուցվածների զարգացման ու նորի նախագծման պլանները, Տաթև վանական համալիրի վերանորոգման աշխատանքները,  վանքում հոգևոր կյանքի աշխուժացումը: Փորձելով բացահայտել, թե որ զբողաշրջային հնարավորությունն է զբոսաշրջիկին Տաթև բերում` հարցաթերթիկի  3-րդ հարցով` «Գնահատեք Տաթև հանգստյան գոտում առկա զբոսաշրջային հնարավորությունները»  5 -1 /5 – գերազանց, 1-վատ/ գնահատման սանդղակում, յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունեցավ գնահատել Տաթևի բնաշխարհը, պատմամշակութային ժառանգությունը, լեռնագնացությունը, հյուրընկալությունը/մարդիկ և ՏաԹևեր ճոպանուղին և ստացվեց հետևյալ պատկերը: Ներկայացված գրաֆիկը արտացոլված է միջին հաշվարկով 100% սանդղակում` 54 հարցվողների շրջանում, զբոսաշրջային հնարավորությունների նախընտրելիության վերաբերյալ:

Հարցմանը մասնակցած 54 զբոսաշրջիկից`

  • 33-ը գտնում է «Տաթևի բնաշխարհը»  «գերազանց»  որպես զբոսաշրջային հնարավորություն: Միայն 2 և 1 հոգի գնահատել են 4 և 3,  համապատասխանաբար:
  • 33 հոգի «Պատմամշակութային ժառանգությունը» գնահատում է «գերազանց», իսկ 2 և 1 հոգի` 4 և 1. hամապատասխանաբար:
  •  21 հոգի համարում է «Լեռնագնացությունը»  «գերազանց»  զբոսաշրջային հնարավորություն, 5 հոգի այն համարում է լավ հնարավորություն, իսկ 3 – 1 գնահատական են տալիս երեք, մեկ և երկու հոգի, համապատասխանաբար:
  • 23 հոգի կարծում է, որ Տաթևում մարդիկ և նրանց հյուրընկալությունը գտնվում է «գերազանց» մակարդակում, իսկ 4 հոգի ու մեկական զբոսաշրջիկ գնահատում են 4, 3 և 1, համապատասխանաբար:
  • 25 հարցվող համարում է` «ճոպանուղին» որպես զբոսազրջային հնարավորություն և նրա սպասարկման որակը «գերազանց», իսկ 5 հոգին, մեկական անձ և 2 հոգի գնահատում են այս հնարավորությունը 4, 3, 2 և 1:

attractions

Յուրաքանչյուր  ձեռնարկված քայլ ենթադրում է նպատակ և ակնկալիքներ և շատ ավելի լավ ու գոհացուցիչ են լինում արդարացված ակնկալիքները: Համոզված եմ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ այցելելով Տաթև ունենում է որոշակի նպատակ ու ակնկալիք, իսկ իմ և ձեր համար, որպես Տաթև զբոսաշրջային գոտու զարգացմամբ մտահոգ մարդ, ավելի շատ հետաքրքիր է` որքանով է արդարացվում Տաթև այցելող զբոսաշրջիկի ակնկալիքները. հարցաթերթիկի 4-րդ հարցի` «Որքանով արդարացան ձեր ակնկալիքները»  պատասխանները հանգեցրին  հետևյալ արդյունքին`

«Ամբողջովին», «Մեծամասամբ», «Մասնակի», «Որոշ չափով»  և «Ոչ մի կերպ» հնարավոր պատասխաններից  ոչ ոք չի նշել «Որոշ չափով» և «Ոչ մի կերպ»  տարբերակները:

Որքանով արդարացան ձեր ակնկալիքները

Եթե դուք եղել եք որևէ զբոսաշրջային գոտում և անմիջական շփում եք ունեցել տեղացիների հետ ու եթե առիթ եք ունեցել հյուրընկալվել նրանց օջախում կամ մասնակիցը լինել տեղական ավանդական հյուրասիրությանը, ապա համոզված եմ հրաժեշտի պահին հնչել է նույնքան ավանդական հարցը. «Մեզ էլի կայցելեք»  – նույն այդ տրամաբանությամբ և անուղղակիորեն լինելով Տաթև այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի հյուրընկալող տեղացին` իմ հետաքրքրությունը նույնպես մղեց ինձ նույն հարցին` 5-րդ հարց` «Նորից կայցելեք Տաթև առաջիկա 3 տարիների ընթացքում» և հարցին տրված պատասխաները ունեն հետևյալ արդյունքները` 54 հարցվողներից 49 հոգի պատասխանում է, որ նորից կայցելի Տաթև, 4 հոգի ունի տարակուսանք. այցելել, թե ոչ, քանի որ տվել է «չգիտեմ» պատասխանը և նրանք առաջին անգամ են լինում Տաթևում, ունեն մասնակի և մեծամասամբ արդարացված ակնկալիքներ, նրանց հիասթափեցրել է վանական համալիրի եվրոպականացված մուտքը, շրջապատում տիրող աղտոտվածությունը և առկա սանհանգույցի անմխիթար վիճակը:

Հերթական հարցը, որ պետք է հաջորդեր այցելության մասին դրական պատասխան ստանալուց հետո` 6-րդ հարցն է` «Որը կլինի ձեր հաջորդ այցելության նպատակը» և հարցին տրված պատասխանների ամփոփման պատկերը հետևյալն է`

Որը կլինի ձեր հաջորդ այցելության նպատակը

Եթե համեմատենք նույն այս հարցաթերթիկի 2-րդ հարցի արդյունքները 5-րդ հարցի պատասխանների հետ, ապա կարող ենք հանգել հետևյալ եզրակացությանը` 34 % մշակութային զբոսաշրջության նպատակ հետապնդող այցելությունը նվազում է 19 %-ով, քանզի հարցվողների միայն 15%-ը առաջիկա 3 տարվա մեջ կունանա Տաթև մշակութային այցի նպատակ: Տաթևը որպես Հայաստանի երբեմնի հնագույն մշակույթը կրող բնակավայր ու համանուն վանական համալիր` ունի մտագոհվելու կարիք և ավելին, առաջիկա տարիներին զբոսաշրջային հնարարությունների քաղաքականություն մշակողների համար սա խորհելու տեղիք է տալիս. քայլեր պետք է ձեռնարկել Տաթևը որպես մշակութային կետրոնի գրավչության նախընտրության աճի համար:  Առաջիկա 3 տարիներին Տաթև կրկին այցելող հարցվող-զբոսաշրջիկների 23%-ը պլանավորում է  ակտիվ հանգսիտ, որը 9%-ով պակաս էր 2011թ. այցելողների շրջանում:

Ցանկացած զբոսաշրջային գոտի գրավիչ է իր հնարավորություններով, որը կարող է պայմանավորված լինել իր պատմամշակութային ժառանգությամբ, հարուստ ու գեղատեսիլ բնաշխարհով, հոգևոր հարստությամբ, առկա ժամանակակից ենթակառուցվածքներով, հարակից համայնքով ու ավանդական հյուրասիրությամբ: Մեր հարցման կարևորագույն արդյունքներից են այն պատասխանները, որ ստացանք 7-րդ հարցից` «3 ամենատպավորիչը, որ ակնառու էր Տաթևում»: Ստորև ներկայացված գրաֆիկան արտացոլում է այն հիմնական գրավչությունները, որ զբոսաշրջիկին բերում են Տաթև:

Ինչպես ակնհայտ է գրաֆիկից Տաթև վանական համալիրը առաջատար գրավչությունն է, քանի որ այն հիմնական-կարևորագույն կառույցն է, որ հեռվից իր գիրկն է կանչում իրեն հավատարիմ այցելուին: Անտրամաբանական չէ, որ Տաթևի բնությունը և շրջակա բնաշխարհը այն 2-րդ գրավչությունն է, որ հրապուրում է զբոսաշրջիկին. Իզուր չէ մտավորականի այն խոսքը, որ հնարավոր չէ ապրել այս բնաշխարհում ու ստեղծագործել… 3-րդ պատվավոր տեղը, իհարկե, ՏաԹևեր ճոպանուղուն է տրվում, քանի որ այն իրապես 3-րդ գրավչությունն է, որ 2010թ-ից հանգրվանել է Որոտանի կիրճում ու խոստանում է արդարացնել իր ներկայությունը այդ հեռավոր բարձրունքին իր Տաթևյան վերածննդի առաքելությամբ:

Տաթև զբոսաշրջային գոտին նախքան «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկը այդքան էլ հոգատար ուշադրության չէր արժանանում պատկան մարմինների կողմից ու այնտեղ ամեն ինչ ընթանում էր իր բնականոն զարգացման հունով` վանական համալիրում վերանորոգումները կատարվում էին ըստ անհրաժեշտության, աղբահանությունը, որը խնդիր է ամբողջ Հայաստանում, ահագնացող էր Տաթևի շրջակայքում, ու անլուծելի, կամ անմխիթար վիճակում է, թերևս բացակա, հանրային զուգարանների առկայությունը. դեռ այսօր շարունակվում են վերոհիշյալ խնդիրները մնալ ակտուալ, քանզի մեր հարցվողների պատասխանները մեծամասամբ վերաբերում են հենց այս թերություններին, որոնք իրապես հիասթափություն են պատճառում: Ձեզ ներկայացվող գրաֆիկը հենց այդ արդյունքների արտացոլումն է, որ ստացվել է հարցաթերթիկի 8-րդ հարցից` «Ամենահիասթափեցնողը, որ տեսել եք Տաթևում»: Չնայած 54 հարցվողներից 17-ը /4 հոգի` չի տեսել և 13 հոգի ոչինչ չի նշել/ ոչ մի հիասթափեցնող հանգամանք չի մատնանշել, այնուամենայնիվ արդյունքները ահազանգող են, որը կհաստատեմ իմ անձնական դիտարկման արդյունքում. 2011թ. 2 անգամ այցելելով Տաթև ականատեսի վկայությամբ հաստանում եմ մեր հարցվողների պատասխանները. Սատանայի կամուրջի ու Դիտակետի շրջակայքը անմխիթար վիճակում է` այն չի թերանում աղբանոց կոչվել:

Ուրախությամբ ուզում եմ նշել վանքապատկան հատվածում ու նաև ճոպանուղու կայաններին հարող տարածքներում աղբի կուտակումներ չլինելու փաստը, որը մեր հարցվողները կողմից նույնպես չի մատնանշվել, իսկ այն որ լուրջ դժգոհությունների տեղիք է տվել վանքի տարածքում հնչող անորակ ու բարձր երաժշտությունը ու այդ մասին անձամբ կիսվել են իմ հետ – դա արդեն մտահոգիչ է. Տաթևի վանական համալիրը Հայասանի այն եզակի վայրերից մեկն է, որ գրավում է զբոսաշրջիկին իր հոգևոր ու պատմամշակութային հարուստ ժառանգությամբ – անարդար է ստվերել այդ հոգևոր հարստությունը անորակ – խնջույքային երաժշտությամբ: Զբոսաշրջիկների աչքից չի վրիպել նաև «Որոշ տեղերում մշակութային իրերի նկատմամբ անուշադրությունը»,  «Մարդկանց եկեղեցում ոչ վայել կերպով դրսևորումը», որը  նաև ինքս կհաստատեմ վանքի պատասխանատուների հետ իմ զրույցում. մտահոգիչ էր նրանց այն անհանգստությունը, որ երբեմն զբոսաշրջիկների մեծ հոսքի պարագայում անկառավարելի է դառնում բազմությունը ու ամեն վատը ու տհաճը չի բացառվում:

Գուցե ձեր համար զարմանալի թվա, թե ինչու ճոպանուղին, թերևս մեկ հոգու դիտարկմամբ, ընդգրկվել է հիասթափությունների շարքում, բայց հենց մեր հարցվող-զբոսաշրջիկը տվել է այդ պարզաբանումը` մեջբերում եմ ուղղակիորեն. «Ճոպանուղին, որ շատ մոտ էր ՀՐԱՇՔԻՆ, եւ կածես գմբեթից էլ բարձր է տեղակայված` խլացնելով առաջնային ընկալման վեհաշուք սպասումը…»:

Հարցաթերթիկի 9-րդ հարցի միջոցով հնարավորություն տրվեց մեր հարցողներին իրենց տպավորությունները արտահայտել մեկ նախադասության միջոցով` «Տաթևը Ձեր համար մեկ նախադասությամբ»: Տրված ձևակերպումների ամփոփ ներկայացումը հետևյալ հղման ներքո` https://tatevvillage.wordpress.com/survey/tatev-in-one-sentence: