RSS

Տաթևի գրադարանը 75-ամյա պատմություն ունի…

22 Feb

Սիրիր   գիրքը, կարդա այն ու 

  քո առջև  կփռվի  նրա  

անծայրածիր գաղտնիքները…

Մենք՝  հայերս, կարդացած ու կարդացող ազգ  ենք: Միշտ էլ հայկական մշակույթը  իր նշանակալի դերն ու տեղն է ունեցել համաշխարհային հարթակներում, հասել բազում նվաճումների: Հայ գրատպությունը այսօր 500 տարեկան է ու այն տոնվում ու մեծարվում է աշխարհասփյուռ հանրության կողմից. ունենք հարուստ գրադարաններ` մեր պապերից մեզ կտակված ամենաթանկ ժառանգությունն ու հպարտությունը: Սրբություն է յուրաքանչյուր հայի համար  մեր “Մշո  ճառընտիրը”: Ես հպարտորեն ուզում եմ փաստել, որ Հայաստանի մի շարք հարուստ գրադարանների  շարքերում  է  գտնվում  նաև մեր Տաթևի  գրադարանը:

Տաթևի 75-ամյա պատմություն ունեցող գրապահոցը հիմնադրվել է 1937 թվականին: Սկզբում այն  տեղակայված էր անհատ մարդկանց սենյակներում՝ շուրջ իր երկու տասնյակ գրքով: Գրքերը   տրամադրում էր պետությունը: Գրադարանի կյանքը վարում էին տարբեր  մարդիկ: Սակայն կոլտնտեսությունը  մի  օր  վճռեց, որ  այն սենյակը, որտեղ գրադարանն էր գտնվում, պետք  է վերածվի պահեստի: Տաթևացի  թոթունց  Սևիի  տանն  էր տեղակայված գրադարանը: Շատ  ծանր  էր  տաթևացու  առօրյան՝  լի  հոգսերով: Սկսվել էր  Հայրենական  մեծ  պատերազմը: Մարդիկ   հազիվ էին  հասցնում  հոգալ  հանապազորյան, բայց  չէին  մոռանում կարդալու  մասին: Այդ  ժամանակ  գրադարանում  աշխատում  էր  խնարած  Շամիրը: Վերջինս  թողնում  է  գյուղը,  գնում  Բաքվում  կրթություն ստանալու: 1945թ.-ին  պատերազմից վերադառնում է Բոգդան  Հարությունյանը,  հայրենականի 1-ին կարգի հաշմանդամ` վիրավոր  երկու  ոտքից  ու  միանգամից նշանակվում գրադարանավար: Ընկեր Հարությունյանը, այսպես էին նրան դիմում տաթևացիները, աշխատում էր մեծ ոգևորությամբ, տաթևացուն մագնիսի պես ձգում դեպի գրադարան ու ստիպում կարդալ: Կազմակերպում էր զեկուցումներ, գրքի քննարկումներ, զրույցներ: Նա արժանացել  է  Սովետական Հայաստանի վաստակավոր  գրադարանավարի  կոչմանը:  Նա իր կյանքի 45 տարիները անց է կացրել գրքի հետաքրքրաշարժ աշխարհում և հնարավորինս այդ աշխարհի հետ կապել գյուղի երիտասարդությանը:

Նրանից հետո որպես գրադարանավար աշխատել է Էրիկ Մկրտչյանը, իսկ այժմ` Սամվել Մկրտչանը:

Տարիների ընթացքում գրքերը  նորացվել են,  գրադարակները  լցվել  բազմաժանր  գրականությամբ: Ակսել  Բակունց, Սերո  Խանզադյան, Կոստանտին  Օրբելյան և ուրիշ շատ նշանավորներ  են  այցելել Տաթև և ունեցել  աջակցել մեր  գրադարանի զարգացմանը: Այսօր  էլ գործում է գյուղի գրադարանը: Տեղակայված  է գյուղի մշակույթի տանը, զբաղեցնում է մի ընդարձակ սենյակ, ունի  ընթերցասրահ: Ընդհանուր   գրաֆոնդը  կազմում  է  10 014  գիրք: Այստեղ  կարող  ենք  գտնել  ամենահետաքրքիրն  ու  զարմանալին:

Էրիկ Մկրտչյանից, ում հետ զրույց ունեցա գրադարանի 75-ամյա պատմության մասին, տեղեկացա, որ բացի հանրային գրադարանից գյուղում կային նաև մասնավոր գրադարաններ: Ամենահայտնի գրացանկը ունեցել է Գրիգոր Բեկ Օրբելյանը` Օրբելյանների հայտնի տոհմի ներկայացուցիչը:  Նա գրքերը  պահում էր  մի հսկա սնդուկում, տալիս էր միայն  շատ  խնդրելու  դեպքում ու պահանջում պահել գաղտնիությունը. քանզի  վտանգավոր  էր: Ընկեր Մկրտչյանը պատմեց,  թե ինչպես ինքը բազում անգամներ օգտվել է  Օրբելյանի անձնական գրապահոցից, վերնաշապիկի տակ թաքցրած գիրքը հասցրել է տուն, լամպի աղոտ լույսի տակ կարդացել, իսկ երբ քունը ուզում էր հաղթի իրեն, դրա դեղատոմսն էլ ուներ՝ ոտքերը սառը ջրի մեջ էր դնում:

Լսում էի ու ապշում… Արգելված էր գիրք կարդալ, բայց մարդիկ կյանքի գնով ձեռք էին բերում, անհագուրդ  կարդում, անգամ դրա համար պատժվում,  հեռացվում դպրոցից: Գիտենք, որ արգելված էր կարդալ մեր  շատ նշանավոր գրողների ստեղծագործությունները, բայց…

Իսկ այսօր… Այսօր նայում եմ դեպի գրադարան տանող ճամփան  ու  չեմ  տեսնում այն հոծ բազմությանը, որ կուզենայի տեսնել: Ինչով են զբաղված մեր երիտասարդները, պատանիները: Պատասխանը մեկն է՝ համացանց: Ահա թե որտեղ են բավարարվում այսօրվա մեր պատանեկության ու երիտասարդության հետաքրքրությունները:

Եկեք  միասին պայքարենք  ու  հասնեք նրան, որ  գրադարանը  դառնա   մեր  բոլորի  2-րդ   տունը:

…կարծես մշակույթ է դառնում իմ համար հանդիպել Տաթևի մշակութային կյանքում դերակատարում ունեցող անհատների հետ…

 Նունե Մինասյան,  հատուկ Տաթևից մեր ընթերցասեր հասարակության համար:

 

Tags: , , , , , ,

2 responses to “Տաթևի գրադարանը 75-ամյա պատմություն ունի…

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: