RSS

Տաթևը լուսանկարչի ֆոտոխցիկից անդին

Հարցազրույցը անցկացվեց Էդգար Արշակյանի հետ, ով Տաթև էր գնացել լուսանկարներ անելու նպատակով:

Որքա՞ն տեղյակ եմ բավականին մեծ է տարբերությունը առաջին անգամ ու օրեր առաջ Տաթևում լինելու միջև ընկած ժամանակահատվածի` արդյո՟ք մանկության հուշերը այնքան վառ են, որպեսզի համեմատեք այնօրվա Տաթևն այսօրվա Տաթևի հետ:

Երբ եղել եմ Տաթևում իմ մեջ դեռ լուսանկարիչը չէր ապրում ու դա մանկության օրերին էր. երեխա էի ու ատում էի երկար ճանապարհը ու առաջին փորձությունը 9-ժամանոց էր:  Ավտոբուսով հասանք Սիսիան ու ամեն 15 րոպեն մեկ հարցնում էի` «մամ’, չհասա՞նք»: Դրանից հետո բազմիցս առիթ եղել է կրկին Տաթևում լինել: Նախավերջին անգամ 2 տարի առաջ փետրվարյան մի մռայլ օր հասանք Սիսիան ու անսպասելի էր մետրով ձյուն տեսնել այնտեղ, իսկ Տաթևում արևոտ եղանակ էր: Այս անգամ կարծես պատկերը նույնն էր. Սիսիանում համեմատաբար ամպամած` Տաթևում ավելի մեղմ եղանակ, որը չէր կարելի ասել հաջորդ օրվա մասին. լուսաբացը անձրևոտ էր, տեղ-տեղ ձյուն ու կարկուտ` քամու ուժգնությամբ:

Տաթևյան համայնապատկեր

Տաթևյան համայնապատկեր, նկարը «ՏաԹևեր» ճոպանուղուց, ձորում տեսանելի է Տաթևի Մեծ Անապատը ու Տաթև տանող ճանապարհը

Երբ Տաթև այցդ գործնական չէ, ապա կարողանում ես վայելել վանքը, բնությունը –  բարձրանում ես պարիսպներին, պառկում խոտերի վրա ու զրուցում այն փոքրիկ աղջնակի հետ, ով նույնպես այցելել էր վանք: Իսկ այս անգամ չկար այդ հաճելին` պարիսպների վրա բարձրանալու ժամանակ չկար, ավելին` անվտանգության նկատառումներով փակ էր դեպի պարիսպ որոշ մուտքեր` փոքրիկ աղջնակը նույնպես չկար, ու ինձ մնում էր միայն բացահայտել Տաթևի գաղտնիքները, որ այն ժամ մեզ թույլ չէին տվել` կրկին անվտանգության նկատառումներով:

Հեղինակ` վանքում վերջին տարիներին տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո այցելուների համար փակվել են որոշ մուտքեր` անվտանգության նկատառումներից ելնելով:

Տաթևի վանքի «գաղտնիքների բանալին» մեզ էր հանձնված ու մենք անցանք գործի: Միակ ցավալին այն է, որ ինձ չհաջողվեց մտնել Սբ. Լուսավորիչ եկեղեցու խորանի գաղտնարան: Այնտեղ մտնելու համար, ըստ Հայր Միքայելի, 2 հոգի բավարար էր:

Հեղինակ` հոգու խորքում Էդգարը վիրավորված էր, որ իրեն չընձեռնվեց այդ հնարավորությունը:

Գյուղացիների հետ շփվել հաջողվե՟ց: Ի՟նչ կասեք տաթևացիների մասին, ձեզ լա՟վ հյուրասիրեցին: Հյուրասե՟ր ժողովուրդ են:

Երբ հասանք Տաթև բավականին ուշ էր, սարսափելի ցուրտ ու մռայլ եղանակ: Մեզ իրենց տանը հյուրընկալեց գյուղացիներից մեկը. վաղուց  գյուղական միջավայրում չէինք ընթրել… թեև այն սովորական ընթրիքից ոչնչով չէր տարբերվում, բայց գյուղի լավաշի համն ու հոտը ու տնական հոնի օղին այն յուրահատուկ դարձրին J»: Առավոտը շատ մռայլ բացվեց… ոչինչ անելու հույս չկար…  արևածագի հույս չկար, բայց, ի վերջո մի քանի ժամից արևը երևաց ու նույնիսկ մինչև վերջ նախաճաշել մեզ չհաջողվեց…

Տաթևյան համայնապատկեր

Տաթևյան համայնապատկեր

Որքա՟ն հասկացա, ձեր այցը Տաթև արկածային բնույթ է ունեցել… սար ու ձոր, կածաններ, գաղտնի ու վտանգավոր մուտքեր ու ելքեր… «Տուր-թև»-ի հովանավորվածությունը զգացվու՟մ էր:

Այո’, Տաթև գնալը արկածային էր ու ավելի շատ նպատակ էր հետապնդում՝ լուսանկարել վանական համալիրն ու գտնել գաղտնուղիները, որոնց միջոցով ժամանակին մարդիկ իջել են Տաթևի Մեծ Անապատ:

Առավոտյան ամպերի տակից ծիկրակած արևը մեզ հետաքրքիր օրվա հույս ներշնչեց ու սպասումներով լի անմիջապես անցնանք «գործի»: Իջնելով վանք՝ Գավազան Սյան արևմտյան կողմում գտնվող սեղանատան գաղտնի մուտքով իջանք ձոր: Ձորը աննկարագրելի անմատչելի էր, բայց դա չէր, որ վախեցնում էր, այլ այն, որ գետինը խոնավ էր ու սղալու հավանականությունը հավասար էր գահավիժմանը դեպի ձոր: Բացի այն, որ մենք պետք է ապահովեինք մեր անձնական անվտանգությունը` մեր հետ ունեինք մեծ թվով տեսա-լուսանկարչական տեխնիկա` իրենց օժանդակ սարքավորումներով: Չէ՞ որ մեր նպատակը Տաթևի գաղտնիքների մասին տեսանյութ պատրաստելն էր:

Նկարում Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին է/ձախից/, հարակից` Սբ. Լուսավորիչ եկեղեցին, Գրիգոր Տաթևացու դամբարանը և Գավազան Սյունը /ձախից/

Նկարում` Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին/ձախից/, հարակից` Սբ. Լուսավորիչ եկեղեցին, Գրիգոր Տաթևացու դամբարանը և Գավազան Սյունը /ձախից/

Այն ինչ երևում է վանքի բարձրությունից` բոլորովին չի արտացոլում այն անմատչելիությունը ու նույնիսկ վտանգավոր դիրքն ու կառուցվածքը, որը ձորը ունի… Երբ հայտնվեցիք մի դժվարամատչելի ժայռի գագաթին` կարծես  կանգնած էինք «թերակղզու վրա», որի շուրջը ձորի անհունն էր` մի կողմում «Տաթև» ջրվեժն էր գահավիժում, մյուս 2 կողմերում` անդդախոր ձորը. այլևս տեղ չկար առաջանալու… Փոքր-ինչ աջ կամ ձախ ու միայն գահավիժում… սաստիկ քամի էր ու ոչ մի նկար նկարել ինձ չհաջողվեց: Միայն որոշակի առաջ թեքվելով կարելի էր տեսնել ջրվեժի անկումը, որի խորությունը անզեն մտքով պատկերել անգամ հնարավոր չէր:

Էդգար Արշակյան

15 րոպեով մեզ «հյուր» եկած արևը այնպես հաճելիորեն ջերմացրեց մեզ, որ մոռացանք ամբողջ օրվա ցուրտն ու սառնությունն ու փոքր-ինչ շեղվեցինք դեպի այն կածանը, որը մեզ հարևան Տանձատափ գյուղն էր տանում… Այն ինչ զարմացրեց ինձ` դիմացի սարալանջին «թիկնած» այգիներն էին. մի պահ մտածում ես` ինչպիսի ծանր աշխատանքի արդյունքում կարող է գյուղացին հողը մշակել այդպիսի թեքության վրա ու բարիք ստանալ…

Տանձատափ գյուղ տանող կածանին, վանքի պարիսպներից տեսանելի հատվածում մի խոնարված փոքր մատուռ կա, իսկ մատուռին դեմ հանդիպման (անբացատրելի մոտիկ տարածության վրա) մի խաչքար է կանգնեցված: …կարծես դարերից ի վեր սկսված նրանց զրույցը դեռ մինչ օրս չէր ավարտվել… ինձ նույնիսկ չհաջողվեց հարմար դիրքավորվել` լուսանկարելու համար: Ու այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչու էին իրար այդքան մոտ խաչքարն ու կիսաքանդ մատուռի պատը:

Այն լարվածությանը, որ քամուն գումարած ձյունախառն անձրևն էր ստեղծել, մեզ ստիպեց բարձրանալ ձորն ի վեր, քանի որ ոչինչ անել չէինք կարող այլևս:

Տաթևի վանքի դիրքը ձորից

Տաթևի վանքի դիրքը ձորից

…ձորից վանքը մեկ այլ վեհություն ունի… բայց երբ բարձրացանք` անձրևը արդեն շատ էր ուժգնացել ու թեքությամբ էր տեղում, որի արդյունքում հետաքրքիր տեսք էր ստացել Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին՝ կարծես անձրևի շիթերը ուղիղ գծով տարանջատել էին այն` հարավային թաց ու հյուսիսային չոր հատվածների:

Տաթև վանական համալիրը, կենրոնում` Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին

Տաթև վանական համալիրը, կենտրոնում` Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին

Ձորում մեզ ոչինչ գտնել չհաջողվեց… ոչ մի վկայություն այն մասին, որ այդտեղով դեպի Տաթևի Մեծ Անապատ գաղտնուղի է անցել…

Ինչևիցե, մեզ վերադառնալ էր պետք. վանքում դեռևս շատ անելիքներ կար:

… չնայած Լուսավորչի խորանի գաղտնուղին իմ համար նորություն էր, բայց մենք նախապես գիտեինք, որ Տաթևում կան մի քանի գաղտնուղիներ ու Տաթև գնալու մեր նպատակը դրանք բացահայտելն էր:  Խորանի տակ  գտնվող գաղտնարանի պատերի վրա «գրագրություն էր արված». դա վանդալիզմի դրսևորում էր, որ կարելի է հանդիպել հայկական շատ եկեղեցիներում… անգամ մինչև գմբեթի տակը (եկեղեցու ներսում) առաջին հայացքից անհնարին թվացող տեղում արված «նկարչության» եմ հանդիպել տարիներ առաջ Գտչավանքում (Հադրութի շրջան, Գտիչ գյուղ), բայց եթե այդտեղ կարելի է ասել, որ վանդալիզմը ադրբեջանցիների ձեռքի գործն էր, ապա Տաթևում, միանշանակ, հայի «ձեռքի աշխատանքն» է, ու, իհարկե, անընդունելի…

Իմ համար անընդունելի էր նաև այն, որ վանքից Մեծ Անապատ տանող գաղտնուղին (թերևս այդպես է ներկայացվում) մի քանի մետր խորության վրա բետոնապատված էր… կարծում եմ անվտանգության տեսանկյունից կարելի է արդարացնել այդ քայլը, բայց մյուս տեսանկյունից սահմանափակված է այդ գաղտնուղու մասին ավելին իմանալու հնարարավորությունը: Կարծում եմ` այն ավելի պակաս վտանգավոր դարձնելով, կարելի էր հասանելի պահել մարդկանց համար, հատկապես` համոզված եմ, որ ոչ բոլորը կունենան այդ քաջությունը իջնել այնտեղ:

Հեղինակ` Տաթևում ապրելու տարիներին մենք ընկերներով հաճախ էինք լինում վանքում ու գիտեինք վանքի բոլոր գաղտնարանների տեղը… նույնիսկ հարևան գյուղ (Տանձատափ) էինք գնում ու հետաքրքրությունից դրդված մտնում որոշ գաղտնարաններ: Այսպիսի մի գաղտնի մուտք կա նաև Տաթև գյուղում գտնվող Սբ. Մինաս եկեղեցում: խցերից մեկում գտնվող գաղտնի մուտքը տանում է դեպի եկեղեցու տանիք, որը, ըստ մեր մանկության հետախուզական հուշերի, սենյակի տեսք ունի ու այնտեղ «քարե բազմոցներ» կան, որտեղ կարելի է անկողին բացել ու հանգստանալ: Այն ժամ այդ ամենը մեկնաբանում էինք որպես ապաստարան:

«Այդյո՞ք զգացվում էր «տուր-թև»-ի հովանավորչությունը» դժվար է ասել (ծիծաղում է), բայց ձորը այնքան «շունչ կտրող էր», որ կարծես չէիր հասցնում մտածել ձոր գլորվելու ու «լավագույն դեպքում հազար կտորների վերածվելու մասին»… ուզում ես հասնել այդ անհունին  և այդ ամենը քո աչքերով տեսնել ու զգալ այդ ազատությունը:

Ձոր իջնելու համար որքան քաջություն կամ արկածախնդրություն չէ ,որ պետք է, այլ կամքն ու սառը դատելու ունակություն պետք է ուղեկցեն մարդուն, ով գնում է  անդունդին ընդառաջ:

Վանքի բացառիկ դիրքերից ու, հատկապես, ձորից նկարելու համար` Տաթև պետք է գնալ երևի մայիս ամսին` մեկ շաբաթվա եղանակային կանխատեսումով, լիովին պատրաստված, քանի որ յուրաքանչյուր քայլ, որ արվում է ձորում` լի է վտանգով ու գլորվելու հավանականությամբ:

Տաթևը լուսանկարչի աչքերով: Ի՟նչ կար Տաթևում, որ Հայաստանի մյուս զբոսաշրջային գոտիներում հնարավոր է չհանդիպել: Ինչպիսի՟ զգացողություններ ունեցար, որ միայն, այս պահի դրությամբ այցելած ոչ մի այլ տեղ չես ապրել:

Վանքում լուսանկարեցի այն ինչ հնարավոր էր ու թերևս միայն բարենպաստ եղանակը կարող էր օգնել ավելի շատ ժամանակ անցկացնել վանական համալիրի տարածքում ու նրա շրջակայքում ավելի հետաքրքիր լուսանկարներ անելու համար: Ամեն դեպքում անձրևի տակ լուսանկարելը այդքան էլ հաճելի չէ:

Որոշակի ժամանակ անցկացրել եմ ձիթարանում. հաճելի մենություն էր. Հետաքրքիր էր լուսանկարել այդ երբեմնի հին ու բարդ մեխանիզմը:

Տաթևի ձիթարանը

Տաթևի ձիթարանը

«Ի՞նչ կար Տաթևում, որ Հայաստանի մեկ այլ վայրում չկար»` դժվար է տարբերակել: Լինելով Հայաստանի և Արցախի բազմաթիվ նշանավոր պատմամշակութային վայրերում`  պետք է նկատել, որ յուրաքանչյուրը բացառիկ է իր դիրքով ու պատմամշակութային նշանակությամբ ու բնաշխարհով, բայց Տաթևը միանշանակ ունի իր տեղը ամենագեղեցիկ վայրերից մեկը կոչվելու համար, և նաև պետք է աշխատանքներ տարվի այն իր «ամենա-ամենա» կարգավիճակին հասցնելու համար:

Վերջին հարցը, որ կուզենայի տալ… ի՟նչն էր գերիշխում Տաթևում` աշխարհի՟կը, հոգևո՟րը, թե առեղծվածայի՟նը:

… բարդ հարց է… կարծում եմ` յուրաքանչյուր մարդու համար պատասխանը սուբյեկտիվ է… կախված, թե ինչի հետևից ես գնացել ու ինչ ես ուզում տեսել Տաթևում… Ամեն դեպքում Տաթևում իմ համար կար և’ աշխարհիկը, և’ հոգևորը, և’ առեղծվածայինը, իսկ ավելի կոնկրետ Տաթևը իմ համար մարդկային ոգու, կամքի ու ֆիզիկական ուժի համախմբություն է: Ամեն մարդ, ով ցանկանություն ունի նման ճանապարհ անցնել, հաղթահարել այդպիսի անմատչելիություններ, պետք է պատրաստ լինի ու վստահ` պատասխանատվություն կրելու ոչ միայն իր անձի, այլև իր ընկերակիցների համար:  Կարևոր չէ այդ ճանապարհը անցնում ես 2, թե 10 հոգով, բոլորը պետք է ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ լինեն ու պատասխանատվություն կրեն մեկը մյուսի համար:

Տաթևի հովիտը, Բարձրավան  /հեռվում - ձախից/ և Հալիձոր գյուղերը /աջից/

Տաթևի հովիտը, Բարձրավան /հեռվում – ձախից/ և Հալիձոր գյուղերը /աջից/, լուսանկարը «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանից

Հեղինակ` ամեն դեպքում «տուր-թև» լենգենդը դեռևս հովանավորում է Տաթևին ու նրա այցելուներին:

Հեղինակ` Լուսինե Հարությունյան

Հ.Գ.  հարցազրույցը հեղինակելու իրավունքից օգտվելով` տեղեկացնում եմ, որ նյութը սիրողական ու ստեղծագործական բնույթ ունի ու այն երբեք ուղեցույց չի կարող լինել Տաթև այցելող զբոսաշրջիկների համար: Նրանք ովքեր նյութում արծածված գաղտնուղիների հետքերով կայցելեն Տաթև` այցի համար անձամբ կրում են պատասխանատվություն:

 

Leave a comment