RSS

Category Archives: Ժողովրդագրություն

Մի փառատոնի պատմություն

Ասում են ոչխարների խուզման փառատոն կազմակերպվում է Ավստրալիայում, Նյու Զելանդիայում ու մեկ էլ Հայաստանում: Իսկ Հայաստանում՝ միայն Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի հարևանությամբ:

ՙՙՙ փառատոն«Ոչխարների փուզում» փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց 2014թ. մայիսի 3-ին Տաթևի հովտում Հալիձոր գյուղի հարևանությամբ, որը չնայած իր առաջինը լինելու հանգամանքին, ունեցավ մեծ թվով զբոսաշրջիկների այց, մեծ հնչեղություն և շատերի կարծիքով 2014 թվականի լավագույն փառատոններից մեկն է համարվում:

Քանի դեռ փառատոնը 2-րդ անգամ կազմակերպելու  նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձենք զրուցել անցյալ տարվա փառատոնի հետ ուղղակիորեն կապ ունեցող մի քանի անձնանց հետ՝ հասկանալու միջոցառման տնտեսական ու սոցիալական ազդեցությունն ու առհասարակ զբոսաշրջային նշանակությունը տարածաշրջանի համար:

Հալիձորի գյուղական համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կարծիքով` «Անցած տարվա փառատոնը կարևորվում էր նրանով, որ բացի իր բուն թեմայից` խուզից, տարածաշրջանը իր բնակիչներով կարողացավ ևս մեկ անգամ կոնկրետ տեղում ներկայանալի դառնալ իր ավանդույթներով` ճաշատեսակներ, տնական խմիչքներ, յուրահատուկ չրեր՝ հոն, թութ, ամենատարբեր տեղական մրգերով և հատապտուղներով մուրաբաներ, ձեռագործ աշխատանքներ և այլն: Որպես սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն բնականաբար ունեցավ, քանի որ  վերը նշված բարիքների վաճառքից ստացված եկամուտները ամբողջովին համայնքաբնակներինն էին, իսկ կազմակերպչական և ընթացիկ հարցերում վճարովի հիմունքներով ընդգրկված էին որոշ մարդիկ»:ՙՙՙ փառատոն

Անցյալ տարի ոչխարների խուզման մրցույթում 1-ին տեղի համար պայքարում էին Տաթև, Հալիձոր և Խոտ համայնքների բնակիչները:  «Հալիձորի համար յուրահատուկ էր նաև «Ոչխարների խուզում» մրցույթի առաջին տեղի մրցանակը: Ճիշտ է նման մրցույթները մարդկանց սոցիալական խնդիրը չեն լուծում, բայց այդ ամենը ինչ-որ մի տեղ խրախուսանք է, որպեսզի ժողովուրդը ցանկանա ապրել այստեղ և զբաղվել նմանատիպ գործերով», – հավատացնում է գյուղապետը:

Գերասիմյանի հավաստիացմամբ համայնքապետարանը մշտապես պատրաստ է տարածաշրջանում կազմակերպվող ցանկացած միջոցառմանը մասնակցել և աջակցել կազմակերպչական հարցերում»: Նա ավելացրեց նաև, որ սպասում են միջոցառումը կազմակերպող հիմնական թիմի տարածաշրջան գալուն. մնացած հարցերը տեղում կքննարկվեն և կլուծվեն: «Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքները՝ փառատոնին Հալիձորը ևս կունենա իր տաղավարը: Ներկայացված ենք լինելու բոլոր տեսակի բնական մթերքներով, որոնք հատուկ են տարածաշրջանին: Որպես ճաշատեսակ ներկայացված է լինելու ոչխարի, խոզի և տավարի խորովածը» – վերջում ավելացրեց Մ. Գերասիմյանը:

Ակամայից հիշեցի IDEA հիմնադրամի աշխատակիցներից Տարոն Պապիկյանին, ով այն հարցին, թե փառատոնին մատուցվող ուտելիքներից ամենաշատն ի՞նչն է հավանել, միանշանակ պատասխանեց՝ գառան խորովածը գարեջրի հետ:

Իսկ իմ համար ամենատպավորիչներից էր Տաթևացի տիկին Անուշի եփած կուրկուտը: Մի զարմացե՜ք, ամբողջ կյանքս ապրել եմ Տաթևում, բայց կյանքումս կուրկուտ կերած չկայի: Հորդոր ունեմ այս տարվա փառատոնի բոլոր մասնակիցներին՝ առաձին-առանձին մոտենալ տարածաշրջանի բոլոր գյուղերը ներկայացնող տաղավարներին. Տաթևը իր կուրկուտով, Տանձատափը իր կիրմիզանով (այլ կերպ ասած՝ սինդրիկը), լոբիով ու անպակաս տնական գինիով:Հայկական պարը,  պարի համույթ

Թե անցյալ տարի առատ էր գարեջուրը, ապա այս տարի անխնա հոսելու է գինին – ի՞նչ է պետք քեֆ անողին – գինի, հայկական զուռնայի խրոխտ ձայն, հայկական խորովածի անուշաբույր… ու քեֆ անողին քեֆ չի հասնի…

Շարունակելով գնահատել սոցիալ-տնտեսական այն ազդեցությունը, որ փառատոնը ունեցավ տարածաշրջանի վրա, Տարոնը կարծում է, որ «փառատոնը հիանալի հնարավորություն էր տեղացիների համար սեփական արտադրանքը ներկայացնելու ու վաճառելու համար: Բավականին բարձրացավ հանրության իրազեկվածությունը համայնքների մասին, իսկ այդ օրերին հյուրանոցա-հյուրատնային մեծ զբաղվածությունը ֆինանսական լայն շրջանառություն ապահովվեց տնտեսվարողների համար»:

Բացի սոցիալ-տնտեսական ազդեցությունից – փառատոնը արկածախնդիրների համար միանգամայն այլ հիշողություններ է արթնացնում: Այդ օրերին Հարժիս գյուղից դեպի Տաթև 12 և ավելի կմ արշավի դուրս եկած երիտասարդնեերից Աննան ասում է՝ «երբ լսում եմ «փառատոն» – ոտքերս սկսում են ցավել»: Նրա կարծիքով «ընդհանուր տպավորությունները լավն են, եթե հաշվի չառնենք, որ փառատոնը առաջին անգամ էր կազմակերպված և հետագա զարգացումների անհրաժեշտություն ունի»:

Փառատոնի մասին խոսելուց չի կարելի չհիշել եղանակային այն «անոմալիան», որ րոպեների ընթացքում «կյանքով լեցուն» փառատոնը վերածեց «քամուց ու անձրևից քշվածների»: «Ես չգիտեմ, թե ինչքանով է տեղանքի եղանակը կանխատեսելի, բայց եղանակը զգալիորեն վատ հիշողություններ է առաջացնում» – ավելացնում է Աննան ու առաջարկում, որ «փառատոնի կազմակերպիչները` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, կարող են անձրևանոցների ծառայություն ունենալ մասնակիցների համար, կամ առաջարկել մասնակիցներին անհրաժեշտ իրերի փաթեթ»:

9291_747274065387330_918219906731079227_n

Այս տարի «Ոչխարների խուզում» փառատոնը կայանալու է հունիսի 6-ին, նույն տեղում, նույն գյուղերի մասնակցությամբ, միայն ժամը՝ 12:00-ին: «Այս տարի բացի երգ ու պարից, համով ուտելիքներից նաև նախատեսվում է հիմնական ելույթների ժամանակ ներկայացնել համայնքներից յուրաքանչյուրի պատմությունը – հակիրճ տեղեկատվություն տարածաշրջանի  տեսարժան վայրերի, նշանավոր դեմքերի և դեպքերի մասին»  – տեղեկացանք Հալիձորի գյուղապետից:

Ինչ է մնում զբոսաշրջիկին անել… ինչպես ասում են, հունիսի 6-ին բոլորս դեպի Տաթև…

 Լուսինե Հարությունյան

 

 

Tags: , , , , , , ,

Ֆիլմ «Տաթև» (հատված)

Ռեժիսոր և սցենարիստ ՎԱՐԴուհի Սիմոնյան

 

Tags: ,

«Ոչխարների խուզում» փառատոն

«Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները ջանքեր չեն խնայում 1-ին անգամ Հայաստանում, Սյունիքի մարզում, Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կազմակերպելու «Ոչխարների խուզում» փառատոնը, որտեղ սեփական տաղավարներով հանդես են գալու Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները`  ցուցադրելով գյուղական սեփական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ, ինչպես նաև ապահովվելով համայնքի բնակիչների մասնակցությունը ոչխարների խուզման մրցույթին: Կարդալ ավելին

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

 

Tags: , , , , ,

Կոտապ

… կամ այլ կերպ ասած Ժանգալավ հաց…

Բարի ախորժակ, անուշ լինի

Բարի ախորժակ, անուշ լինի

Ողջ հայությունը կանաչիներից պատրաստված կարկանդակին «Ժանգալավ հաց» է ասում ու միայն տաթևացին է, որ ասում է «Կոտապ»…

Կոտապ թխելու համար շատ կանաչեղեն պետք չէ. բավական է ունենալ պանջար (եղինջ), կանձմանձուկ (չգիտեմ ինչպես է գրական անվանումը 🙂 ) և իհարկե շատ ու շատ կանաչեղեն – սողան (սոխ), սավզի (համեմ)…

Գյուղում ամենալավ կանձմանձուկը քաղում էինք Կամարից: Վայրը Կամար է կոչվում, որովհետև այնտեղ է գտնվում գյուղի կամարաձև աղբյուրը ու ավելին, այնտեղ է հոսում գյուղի ամենասառնորակ ջուրը: Պապս միշտ կուզեր Կամարի սառը ճուր (ջուր) խմեր 🙂

Լավ կանձմանջուկ նաև ջբուռտակերին էր լինում (այգու մասրենու չորացած ճյուղերից պատրաստված ցանկապատի տակ): Հազար անգամ ձեռքներս արյունոտելով կանձմանձուկ քաղած կլինենք մեր հարևան Արևհատի ջբուռին տական… 🙂

Իսկ պանջար ամեն գյուղի տան բոստանում միշտ լինում էր… Տատս խորհուրդ կտար միշտ

Կարագով ավելի համով է...

Կարագով ավելի համով է…

առանց ձեռնոցների քաղել. «…դրա ծակածը օգտակար ա, թող մի քիչ էլ մռմռա…»:

Եվ այսպես  կանաչեղենը մշակելուց (մաքրել և լվանալ) հետո` մանր կտրատում ենք ու խառնում իրար` համեմելով աղով, սև ու կարմիր պղպեղով ու ավելացնում ձեթ (ըստ նախընտրության):

2 տարբերակ կա այն պատրաստելու` կամ տապակվում է ձեթի մեջ կամ ջեռոցում, որից հետո տաք-տաք վիճակում ճեղք բացելով` պատրաստի կոտապի վերևի անկյունում կարագ ենք դնում… (իմ ամենասիրած տարբերակը 🙂

Դե, բարի ախորժակ, թող անուշ լինի…

Լուսինե Հարությունյան

Տեսահոլովակ / Պատկերասրահ

 

Tags: , ,

Գյուղի լավաշի իսկական համն ու հոտը…

Իսկ դուք զգացե՞լ եք գյուղի թոնրի լավաշի իսկական համն ու հոտը: Չեմ ուզում ասել շատ բան է կորցրել ձեր քիմքը, բայց այսօրվա լավաշը ու~ր, էն ժամանակվա գյուղի լավաշը ու~ր… «Հե~յ, գիդի օրեր», – տատս կասեր հին օրերի երգը մրմնջալով քթի տակ:

Հայկական հաց

Հայկական լավաշ

Ասում են մեր տան լավաշը Թոխի զիզին է թխել միշտ: Ես նրան չեմ հիշում թոնրի պռնգին նստած, բայց հիշում եմ այդ կորացած մեջքով տատիկին (նրա կերպարը անցնում է հուշերիս ճամփեզրով), ով այնքան ղոնաղասեր էր (հյուրասեր), այնքան բարի, որ մինչ հիմա մեր մանկության հուշերի ամենավառ օրինակն է:

Ես հիշում եմ իմ տատիկին, Կոճանց Սոնիկին, ով յուրաքանչյուր մի հատիկ լավաշի համար գլխիվայր մոտենում էր կրակի թեժ լավաներից կարմրաթուշիկ թոնրի պատերին ու… թըմփ, թըմփ, թըմփ – լսեցիք ուժգինից դեպի մարող պատին ծեփված հում լավաշի ձայնը…

Իսկ դուք գիտե՞ք, թե քանի անգամ էր հացթուխը իջնում թեժ թոնրի մեջ գյուղական մի սովորական ընտանիքի համար հաց թխելուց…

«Թաժա հացի հոտ ա կյամ, տեսնաս ո՞վ ա հաց թխում…»

Հացատանը կախված ճոճքի վրա չորացրած հացի վերջին շարքը կամաց-կամաց իջնում է… «մամա~, հացը պրծնումա~…»

Հացի հոգս քշելու վախտն էր:

Տաթևացի հացթուղ Աիդան

Տաթևացի հացթուղ տիկին Աիդան

Ու~խ, աչքիս է~ կիրակի օրը հաց ենք թխիլու:

Մի ամբողջ ընտանիք ու բարեկամ կանայք լծվում էին այդ բավականին աշխատատար ու ժամանակատար, բայց և ամենասպասված ու ուրախ տոնին…

Ու~խ, աչքիս է~ կիրակի օրը թաժա հաց ենք օտիլու:

5-7 հոգանոց գյուղական մի ընտանիքին մեկ ամիս մշտական հաց ունենալու համար 6 փաղաղ հաց էր պետք:

Ի՞նչ ասել է «փաղաղ»,  – հարց կծագի յուրաքանչյուրիդ մտքում:

Ի՞նչ է փաղաղը – մի վեդրա (դույլ) գոլ ջուր, մի հափուռ (բուռ) աղ, մի փոքրիկ պուլ (գունդ) խաշ (թթխմորը)  ու այնքան ալյուր մինչև ստացվի խինդ խմոր: Read the rest of this entry »

 

Tags: , , , , , ,

Տաթևի երգչախումբը

 

Tags: , ,

Օրվա նկարը…

Հայ կանայք ազգային տարազով

Հայ կանայք ազգային տարազով` Տաթևի վանական համալիրում, 1970թ.

Աղբյուրը` Goris NEWS

 
 
%d bloggers like this: