RSS

Category Archives: …թղթին հանձնված մտքեր…

Մոմավառություն Տաթևի համայնքում…

«ՀՒՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ»… Չնայած անբարենպաստ եղանակին Տաթևի Սբ. Մինաս եկեղեցու բակը մարդաշատ էր: Եկեղեցու բակից սկսվեց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը: Երթին մասնակից էին համայնքի բնակիչները, աշակերտները ու մանկավարժական կոլեկտիվը, համայնքի աշխատակազմը համայնքի ղեկավար Մ.Սիմոնյանի գլխավորությամբ: 18:30-ին երթի մասնակիցները Ս.Մինաս եկեղեցու բակից ուղևորվեցին դեպի Տաթևի վանական համալիր: Դպրոցի աշակերտները հանդես եկան փոքրիկ ելույթով: 19:15-ին 100 անգամ հնչեցին Տաթևի վանքի զանգերը: Բոլոր իրենց աղոթքը հղեցին առ Աստված, անմեղ զոհերի հիշատակն հարգեցին մեկ րոպե լռությամբ և խնկարկեցին լուռ: Տաթևի վանական համալիրում երթին միացավ փոխմարզպետ Վ.Դավթյանը:

23.04.2015թ.

Սկզբնաղբյուրը՝ «Տաթևի միջնակարգ դպրոց» ֆեյսբուքյան էջ

 

Tags: , , , ,

…պարզապես իմ մանկությունն եմ հիշել… (թարմացված)

Առաջին գրառումը՝ 2013թ. փետրվարի 19-ին:

Պապս Հայրենական Մեծ Պատերազմից առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո վերադարձավ գյուղ ու ավելի քան 45 տարի աշխատեղ գյուղի գրադարանում:

Որպես հայրենականի հաշմանդամ նրան «Զապառոժեց» մեքենա էին պարբերաբար նվիրում՝ դա նրա 2-րդ տեղաշարժվելու միջոցն էր հենակներից հետո:

Տաթևի գրադարանում

Անցյալ դարի ժառանգություն

Այնպես էր ստացվել, որ դպրոցից տուն վերադառնալու ճանապարհը անցնում էր գրադարանի կողքով:

Միթե՞ հնարավոր էր չօգտագործել այդ հնարավորությունն ու չայցելել պապիկին՝ մի քիչ վայելել գրքերի ներկայությունը:

 Դպրոցից տուն ճանապարհին պայուսակս պապիկի մեքենայում «պահ տալով»՝  վազում էի աստիճաններով վեր… զգուշորեն բացում էի դուռը… պապիկի մոտ միշտ գյուղի մեծերն էին. նրանք կա՚մ շախմատ էին խաղում, կա՚մ նարդի ու շաշկի, կա՚մ պարզապես լռության մեջ գիրք էին կարդում…

«Բարև ձեզ» ասելով մոտենում էի պապիկին ու ակնթարթներ անց՝ անհետանում գրապահարանների շարքերում…

 Մեր գյուղի գրադարանը մոտ 10 000 միավոր գրականություն ունի…

Վերադասավորում էի գրապահարանները, մաքրում կուտակված փոշին, օգնում պապիս` քանդելով ստացված նոր գրքերի կապերը, գրանցում գրամատյանում ու դասավորում յուրաքանչյուրը իր «ժանրային» և «այբբենական» կարգով:

Ամենաերանելին` գրքի ընտրությունն էր ու իմ իսկ ձեռքով անձնական թերթիկում այն լրացնելը (2014թ. երբ նորից գրադարարնում էի թերթիկս այդպես էլ չգտա). պապիկի ստորագրելուց հետո՝ դուրս էի փախչում… հարբած գրքերի բուրմունքից …

Գրադարանի պատերին ամենուր թեմատիկ պաստառներ էին` այս կամ այն հայտնի գրողին, կամ պատմական հերոսին

Հայ գրողներին նվիրված պաստառ, լուսանկարը 2014թ. հուլիս

Հայ գրողներին նվիրված պաստառ, լուսանկարը 2014թ. հուլիս

նվիրված ասույթներով կամ փոքրիկ պատմություններով: Ցավով եմ նշում, որ այդ պատկերների ոչ մի «թվային ապացույց չկա», թերևս լուռ վկայությունը դեռ առկա է իմ ու յուրաքանչյուր ավագ սերնդի ներկայացուցչի  հուշերում /համոզված եմ/… այդ տարիները հիշում եմ մանկությունս ու պատանեկությունս գունազարդող երանությամբ:

Հետաքրքիր էր պապիս «քաղաքականությունը» համոզվելու համար՝ արդյո՞ք գիրքն ամբողջությամբ ընթերցվել է. սկսում էր հարցեր տալ՝ մեկ գրքի սկզբից, մեկ գրքի վերջից ու հանկարծ կոնկրետ հարցով բացահայտում էր, որ գիրքը լավ չէր ընթերցվել:

Ու ժամանակը ձգվում էր դեպի «հավերժ» ընթերցանություն: Ու «հավերժ» է հիշողությունը գրքերի աշխարհում…

Ամռանը, հավանաբար կայցելեմ (2014թ. այցելեցի գրադարան) գյուղ ու անպայման կգնամ գրադարան. հնարավոր է հիշողության պատառիկներ դեռևս պահպանվում են… ու ինձ կհաջողվի «թվայնացնել» այդ պատառիկները` ի պահ սերունդներին…:)

Լուսինե Հարությունյան

Հ.Գ. Լուսանկարները արված են 2014թ. հուլիսին գրադարան իմ այցելության ժամանակ

 

Tags: , , ,

Զորակոչի օր Տաթևում

Տաթևի միջնակարգ դպրոցը ազգային բանակ ճանապարհեց իր սաներին:

Ձեզ խաղաղ ծառայություն սիրելի տղանե՛ր…

Զորակոչ

Արամազդի փեշերի տակ ծվարած Տաթև գյուղը, չնայած օրեցօր քչացող բնակչությանը, հետաքրքիր ավանդույթներ ունի:
Գյուղ մտնող ճանապարհը ճամփաբաժան ունի: Մի ճանապարհը գյուղ է մտնում, մյուսը` իջնում է Տաթևի վանական համալիր: Հենց այդտեղ ճամփաբաժան հատվածից են տարիներ ի վեր զորակոչիկներին բանակ ճանապարհում: Ճանապարհի վերևում Հայրենական պատերազմում զոհված տաթևացիների հուշարձան-կոթողն է, ներքևում` Սուրբ վանքը: Գուցե հենց խորհուրդը սրանում է. զոհվածների հուշարձանը արիության ու հերոսության, պատվով ծառայելու կոչ, իսկ վանքը` աստծո օրհնությամբ ծառայելու:
Զորակոչն ավարտվեց Տաթևում: Հայոց ազգային բանակ զորակոչվեցին երեքԶորակոչ նորաթուխ երիտասարդներ` Հայկ Վարդանյանը, Սևակ Պետրոսյանն ու Սևակ Հակոբյանը: 
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, համայնքի բնակիչները ուրախ երգ ու պարով ճանապարհեցին նրանց:

Խաղաղ ու ապահով ծառայություն բոլոր հայ զինվորներին:
Տաթևի վանքը թող պահապան լինի բոլորին:

Նորվարդ Մովսիսյան, Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրեն

 

Tags: , ,

Տաթև

Աստծո տուն տանող ոլորանները

Աստծո տուն տանող ոլորանները

Սատանի կամրջից մինչև Աստծո տուն –

դարս-դարս 16 ոլորաններ են

ճեմում կամակոր,

ամեն մի կորին՝ մի խնձորի ծառ:

Դեռ աղջիկ տատիս

չնաշխարհիկ ձեռքն

օրիորդաց բակից քաղած քաջվարդի

մի փուշ է ցանում

ամեն ծառի տակ՝

աշխարհը մահից ձերբազատելով:

Ամեն փշի հետ

(քորոցի հանգույն)

ծալ-ծալ բացվում են շառավիղները

կերպասե տատիս

շրջազգեստի՝

ապաշխարհումի ծոպերը վրան, –

որոնք գալարո՜ւն շրջադարձվում են

պորտալարի պես՝

զարթման պար բռնած

Երազի շուրջը…

Մինչև վարդը հասնի Աստծո դռներին

ու երկրպագի Դռների աստծուն…

Էդուարդ Հարենց

«Մանուշակագույն՝ թավջութակի և երգեհոնի համար» բաժին

«Ինտերմեդիա ջրերից» ժողովածու

 

Tags: , ,

Շախմատի աշխարհի չեմպիոնները Տաթևում

Տաթև վանական համալիր

Տաթև վանական համալիր

 

 

Շախմատի աշխարհի չեմպիոններ Մագնուս Կառլսենը, Լեւոն Արոնյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ կայցելեն Տաթեւի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։

Կարդալ ավելին` http://www.mediamax.am/am/news/society/10615/ 

 

 

Tags: , , ,

«Ոչխարների խուզում» փառատոն

«Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները ջանքեր չեն խնայում 1-ին անգամ Հայաստանում, Սյունիքի մարզում, Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կազմակերպելու «Ոչխարների խուզում» փառատոնը, որտեղ սեփական տաղավարներով հանդես են գալու Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները`  ցուցադրելով գյուղական սեփական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ, ինչպես նաև ապահովվելով համայնքի բնակիչների մասնակցությունը ոչխարների խուզման մրցույթին: Կարդալ ավելին

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

 

Tags: , , , , ,

Տաթևը լուսանկարչի ֆոտոխցիկից անդին

Հարցազրույցը անցկացվեց Էդգար Արշակյանի հետ, ով Տաթև էր գնացել լուսանկարներ անելու նպատակով:

Որքա՞ն տեղյակ եմ բավականին մեծ է տարբերությունը առաջին անգամ ու օրեր առաջ Տաթևում լինելու միջև ընկած ժամանակահատվածի` արդյո՟ք մանկության հուշերը այնքան վառ են, որպեսզի համեմատեք այնօրվա Տաթևն այսօրվա Տաթևի հետ:

Երբ եղել եմ Տաթևում իմ մեջ դեռ լուսանկարիչը չէր ապրում ու դա մանկության օրերին էր. երեխա էի ու ատում էի երկար ճանապարհը ու առաջին փորձությունը 9-ժամանոց էր:  Ավտոբուսով հասանք Սիսիան ու ամեն 15 րոպեն մեկ հարցնում էի` «մամ’, չհասա՞նք»: Դրանից հետո բազմիցս առիթ եղել է կրկին Տաթևում լինել: Նախավերջին անգամ 2 տարի առաջ փետրվարյան մի մռայլ օր հասանք Սիսիան ու անսպասելի էր մետրով ձյուն տեսնել այնտեղ, իսկ Տաթևում արևոտ եղանակ էր: Այս անգամ կարծես պատկերը նույնն էր. Սիսիանում համեմատաբար ամպամած` Տաթևում ավելի մեղմ եղանակ, որը չէր կարելի ասել հաջորդ օրվա մասին. լուսաբացը անձրևոտ էր, տեղ-տեղ ձյուն ու կարկուտ` քամու ուժգնությամբ:

Տաթևյան համայնապատկեր

Տաթևյան համայնապատկեր, նկարը «ՏաԹևեր» ճոպանուղուց, ձորում տեսանելի է Տաթևի Մեծ Անապատը ու Տաթև տանող ճանապարհը

Երբ Տաթև այցդ գործնական չէ, ապա կարողանում ես վայելել վանքը, բնությունը –  բարձրանում ես պարիսպներին, պառկում խոտերի վրա ու զրուցում այն փոքրիկ աղջնակի հետ, ով նույնպես այցելել էր վանք: Իսկ այս անգամ չկար այդ հաճելին` պարիսպների վրա բարձրանալու ժամանակ չկար, ավելին` անվտանգության նկատառումներով փակ էր դեպի պարիսպ որոշ մուտքեր` փոքրիկ աղջնակը նույնպես չկար, ու ինձ մնում էր միայն բացահայտել Տաթևի գաղտնիքները, որ այն ժամ մեզ թույլ չէին տվել` կրկին անվտանգության նկատառումներով:

Հեղինակ` վանքում վերջին տարիներին տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո այցելուների համար փակվել են որոշ մուտքեր` անվտանգության նկատառումներից ելնելով:  Կարդալ ավելին

 

Tags: , , ,

Կոտապ

… կամ այլ կերպ ասած Ժանգալավ հաց…

Բարի ախորժակ, անուշ լինի

Բարի ախորժակ, անուշ լինի

Ողջ հայությունը կանաչիներից պատրաստված կարկանդակին «Ժանգալավ հաց» է ասում ու միայն տաթևացին է, որ ասում է «Կոտապ»…

Կոտապ թխելու համար շատ կանաչեղեն պետք չէ. բավական է ունենալ պանջար (եղինջ), կանձմանձուկ (չգիտեմ ինչպես է գրական անվանումը 🙂 ) և իհարկե շատ ու շատ կանաչեղեն – սողան (սոխ), սավզի (համեմ)…

Գյուղում ամենալավ կանձմանձուկը քաղում էինք Կամարից: Վայրը Կամար է կոչվում, որովհետև այնտեղ է գտնվում գյուղի կամարաձև աղբյուրը ու ավելին, այնտեղ է հոսում գյուղի ամենասառնորակ ջուրը: Պապս միշտ կուզեր Կամարի սառը ճուր (ջուր) խմեր 🙂

Լավ կանձմանջուկ նաև ջբուռտակերին էր լինում (այգու մասրենու չորացած ճյուղերից պատրաստված ցանկապատի տակ): Հազար անգամ ձեռքներս արյունոտելով կանձմանձուկ քաղած կլինենք մեր հարևան Արևհատի ջբուռին տական… 🙂

Իսկ պանջար ամեն գյուղի տան բոստանում միշտ լինում էր… Տատս խորհուրդ կտար միշտ

Կարագով ավելի համով է...

Կարագով ավելի համով է…

առանց ձեռնոցների քաղել. «…դրա ծակածը օգտակար ա, թող մի քիչ էլ մռմռա…»:

Եվ այսպես  կանաչեղենը մշակելուց (մաքրել և լվանալ) հետո` մանր կտրատում ենք ու խառնում իրար` համեմելով աղով, սև ու կարմիր պղպեղով ու ավելացնում ձեթ (ըստ նախընտրության):

2 տարբերակ կա այն պատրաստելու` կամ տապակվում է ձեթի մեջ կամ ջեռոցում, որից հետո տաք-տաք վիճակում ճեղք բացելով` պատրաստի կոտապի վերևի անկյունում կարագ ենք դնում… (իմ ամենասիրած տարբերակը 🙂

Դե, բարի ախորժակ, թող անուշ լինի…

Լուսինե Հարությունյան

Տեսահոլովակ / Պատկերասրահ

 

Tags: , ,

Գյուղի լավաշի իսկական համն ու հոտը…

Իսկ դուք զգացե՞լ եք գյուղի թոնրի լավաշի իսկական համն ու հոտը: Չեմ ուզում ասել շատ բան է կորցրել ձեր քիմքը, բայց այսօրվա լավաշը ու~ր, էն ժամանակվա գյուղի լավաշը ու~ր… «Հե~յ, գիդի օրեր», – տատս կասեր հին օրերի երգը մրմնջալով քթի տակ:

Հայկական հաց

Հայկական լավաշ

Ասում են մեր տան լավաշը Թոխի զիզին է թխել միշտ: Ես նրան չեմ հիշում թոնրի պռնգին նստած, բայց հիշում եմ այդ կորացած մեջքով տատիկին (նրա կերպարը անցնում է հուշերիս ճամփեզրով), ով այնքան ղոնաղասեր էր (հյուրասեր), այնքան բարի, որ մինչ հիմա մեր մանկության հուշերի ամենավառ օրինակն է:

Ես հիշում եմ իմ տատիկին, Կոճանց Սոնիկին, ով յուրաքանչյուր մի հատիկ լավաշի համար գլխիվայր մոտենում էր կրակի թեժ լավաներից կարմրաթուշիկ թոնրի պատերին ու… թըմփ, թըմփ, թըմփ – լսեցիք ուժգինից դեպի մարող պատին ծեփված հում լավաշի ձայնը…

Իսկ դուք գիտե՞ք, թե քանի անգամ էր հացթուխը իջնում թեժ թոնրի մեջ գյուղական մի սովորական ընտանիքի համար հաց թխելուց…

«Թաժա հացի հոտ ա կյամ, տեսնաս ո՞վ ա հաց թխում…»

Հացատանը կախված ճոճքի վրա չորացրած հացի վերջին շարքը կամաց-կամաց իջնում է… «մամա~, հացը պրծնումա~…»

Հացի հոգս քշելու վախտն էր:

Տաթևացի հացթուղ Աիդան

Տաթևացի հացթուղ տիկին Աիդան

Ու~խ, աչքիս է~ կիրակի օրը հաց ենք թխիլու:

Մի ամբողջ ընտանիք ու բարեկամ կանայք լծվում էին այդ բավականին աշխատատար ու ժամանակատար, բայց և ամենասպասված ու ուրախ տոնին…

Ու~խ, աչքիս է~ կիրակի օրը թաժա հաց ենք օտիլու:

5-7 հոգանոց գյուղական մի ընտանիքին մեկ ամիս մշտական հաց ունենալու համար 6 փաղաղ հաց էր պետք:

Ի՞նչ ասել է «փաղաղ»,  – հարց կծագի յուրաքանչյուրիդ մտքում:

Ի՞նչ է փաղաղը – մի վեդրա (դույլ) գոլ ջուր, մի հափուռ (բուռ) աղ, մի փոքրիկ պուլ (գունդ) խաշ (թթխմորը)  ու այնքան ալյուր մինչև ստացվի խինդ խմոր: Read the rest of this entry »

 

Tags: , , , , , ,

Տաթևի երգչախումբը

Հայր Միքայել«Նրանք ներքին բնազդով քրիստոնյա են, պաշտում են իրենց վանքը, աղանդավորներին երբեք չեն ընդունում, հետ են ուղարկում. այսօր ու երբևիցե Տաթևում աղանդավորները արմատներ ձգել չեն հաջողացրել: Գիտակցությամբ թերանում են: Չունեն քրիստոնեական լուրջ գիտակցություն, բայց միանշանակ չենք կարող ասել, որ սա միայն տաթևացիներին է վերաբերում: Քրիստոնեական գիտակցության պետք է գա մեր ողջ հայ ժողովուրդը: Ինչպես Վազգեն Վեհափառն է հիանալի մի պատասխան տվել. «Մեր ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է, միայն պետք է նրանց մեջ արթնացնել քրիստոնեությունը»,  – այսպես մեկնաբանեց Հայր Միքայելը տարիներ առաջ, երբ զրուցում էինք տաթևացու և սյունեցու հոգևոր տեսակի ու քրիստոնյա լինելու մասին:

Իմ մանկության տարիներին վանք իջնելը կամ դասից փախչելու առիթ էր, կամ հյուր ունեինք քաղաքից ու վանքը պիտի ցույց տայինք. միակ տեսարժան վայրն էր: Վանքը իջնելը երբեք խորապես չէր ասոցացվում քրիստոնեական  Տաթևի երգչախումբմղումներով կամ Աստվածապաշտությամբ: Թեև երբեք չեմ մոռանում յուրաքանչյուր տաթևացու սևեռուն հայացքը հառած վանքին` ճանապարհ ընգնելուց կամ հարազատին ու մտերիմին ճանապարհ դնելուց առաջ:

Եթե հիմա առիթ վիճակվի քայլել Տաթևի գյուղամեջյան ճանապարհով ու գյուղացի երեխաներին հարց տրվի` «Ինչու՟ եք այցելում Տաթևի վանք», համոզված եմ պատասխաններում գերակշռելու է կամ «… գնում եմ տեսնելու Հայր Սուրբին», կամ «… գնում եմ մասնակցելու պատարագին կամ ժամերգությանը» ու կամ «… գնում եմ եկեղեցական շարականների երգեցողության խմբակին»:

Այո’, գուցե զարմանաք լսելով երգչախմբի մասին, ինչպես ես զարմացա և
ավելի քան ոգևորություն ապրեցի` կարդալով այն հայտարարությունը, որ «Տաթևի երգչախումբը» կմասնակցի Արգավանդի սբ. Սարգիս եկեղեցու պատարագին: Կարդալ ավելին

 

Tags: , , , , ,

 
%d bloggers like this: