RSS

Գյուղի լավաշի իսկական համն ու հոտը…

08 Mar

Իսկ դուք զգացե՞լ եք գյուղի թոնրի լավաշի իսկական համն ու հոտը: Չեմ ուզում ասել շատ բան է կորցրել ձեր քիմքը, բայց այսօրվա լավաշը ու~ր, էն ժամանակվա գյուղի լավաշը ու~ր… «Հե~յ, գիդի օրեր», – տատս կասեր հին օրերի երգը մրմնջալով քթի տակ:

Հայկական հաց

Հայկական լավաշ

Ասում են մեր տան լավաշը Թոխի զիզին է թխել միշտ: Ես նրան չեմ հիշում թոնրի պռնգին նստած, բայց հիշում եմ այդ կորացած մեջքով տատիկին (նրա կերպարը անցնում է հուշերիս ճամփեզրով), ով այնքան ղոնաղասեր էր (հյուրասեր), այնքան բարի, որ մինչ հիմա մեր մանկության հուշերի ամենավառ օրինակն է:

Ես հիշում եմ իմ տատիկին, Կոճանց Սոնիկին, ով յուրաքանչյուր մի հատիկ լավաշի համար գլխիվայր մոտենում էր կրակի թեժ լավաներից կարմրաթուշիկ թոնրի պատերին ու… թըմփ, թըմփ, թըմփ – լսեցիք ուժգինից դեպի մարող պատին ծեփված հում լավաշի ձայնը…

Իսկ դուք գիտե՞ք, թե քանի անգամ էր հացթուխը իջնում թեժ թոնրի մեջ գյուղական մի սովորական ընտանիքի համար հաց թխելուց…

«Թաժա հացի հոտ ա կյամ, տեսնաս ո՞վ ա հաց թխում…»

Հացատանը կախված ճոճքի վրա չորացրած հացի վերջին շարքը կամաց-կամաց իջնում է… «մամա~, հացը պրծնումա~…»

Հացի հոգս քշելու վախտն էր:

Տաթևացի հացթուղ Աիդան

Տաթևացի հացթուղ տիկին Աիդան

Ու~խ, աչքիս է~ կիրակի օրը հաց ենք թխիլու:

Մի ամբողջ ընտանիք ու բարեկամ կանայք լծվում էին այդ բավականին աշխատատար ու ժամանակատար, բայց և ամենասպասված ու ուրախ տոնին…

Ու~խ, աչքիս է~ կիրակի օրը թաժա հաց ենք օտիլու:

5-7 հոգանոց գյուղական մի ընտանիքին մեկ ամիս մշտական հաց ունենալու համար 6 փաղաղ հաց էր պետք:

Ի՞նչ ասել է «փաղաղ»,  – հարց կծագի յուրաքանչյուրիդ մտքում:

Ի՞նչ է փաղաղը – մի վեդրա (դույլ) գոլ ջուր, մի հափուռ (բուռ) աղ, մի փոքրիկ պուլ (գունդ) խաշ (թթխմորը)  ու այնքան ալյուր մինչև ստացվի խինդ խմոր:

Հաց թխելուց մեկ օր առաջ պատրաստվում էր խաշը: Թթխմորը պատրաստվում էր վերջին անգամ հաց թխելուց պահված մի գունդ խմորից: Վերջինս պահվում էր ապակե բանկայի մեջ: Տատս խաշը պատրաստում էր, տեղավորում այլումինե ամանի մեջ, փաթաթում բաժակների սրբիչի մեջ ու դնում տան ամենատաք անկյունը` ձմեռը փեչի (վառարանի) մոտ, իսկ տաք եղանակին ծալքի տեղաշորի վրա շարված բարձերի տակ:

Ծալքը` չօգտագործվող, միայն հյուրերի համար պահվող անկողինն է:

Գնդեր6  փաղաղ հաց թխելու համար սովորաբար մաղվում էր 2 մեշոկ (պարկ) ալյուր:  Այդպես 6 վեդրա ջրով պատրաստվում էր 6 փաղաղ խմոր ու հերթով դրվում հացատան գետնին փռված սպիտակ սավանի վրա: Խմորի պատրաստումը սկսվում էր սովորաբար երեկոյան ժամը 8-9-ի կողմերը, կովերին դաշտից հետո կթելուց ու մսուրելուց հետո:

Տան տղամարդիկ նույնպես իրենց բաժին պարտականությունն ունեին այս սուրբ գործի նկատմամբ` չոր փեդ պետք է փեդանոցից (փայտի ամբարից) տեղափոխվեր հացատուն` գիշերը թոնիրը վառելու համար:

Հա ու՞ր մնացինք… Խմորը պատրաստված ու գետնին փռված սավանի վրա է: Յուրաքանչյուր ավանդական (հին տոն ա) ընտանիքը ուներ փեդի տաշտ (փայտե տաշտակ), որում սկզբում մաղվում էր ալյուրը` հետո…

«… տու էլի եկար, չեմ ասում ստեղ ցորտա, քինա տոն: Լավ էլի, մամ, գոնե օգնեմ խմորը ճրավ հունցենք…»  ու սկսվում էր լավաշի թխման ամենազվարճալի արարողությունը` ծհանով (տաշտաքեր – երկաթե հատուկ քերիչանման հարթ գործիք) մաս-մաս էր արվում խմորը ու Լավաշ թխելու գործիքներտեղափոխվում տաշտակի մեջ ու ձեռքերդ բռունցք արված, ջրի մեջ թաթախելով, կրկին հունցվում էր…

«… ա խոխա, բոլա, քինա ստեղան…»:

Կրկնակի ջրով հունցելը պնդացնում  ու ավելի միասեռ ու կոկլիկ (ողորկ) զանգված էր դարձնում խմորը:

Խմորը ծածկվում էր խմորի շորերով (սավաններով) (սպիտակ, իսկ հետո գունավոր, կանաչ-կարմիր զոլավոր) ու տաշտակը տեղափոխվում էր հացատան հեռավոր, թոնրից հեռու մի անկյուն, կամ հարևան սենյակ: Խմորը պատրաստելուց 4 ժամ հետո վառվում էր թոնիրը: Կրակի լեզվակները սև ծուխը բերանին վեր-վեր էին թռչում դեպի հացատան սևահեր պատերը ու գալարվելով նրա 4 անկյուններում հերթավը (երդիկով) երկինք սլանում:

Իհարկե, տան երեխաների համար արգելված գոտի էր հացատունը, բայց դուք ե՞րբ եք հնազանդ երեխաներ տեսել…

լավաշի թխելը

Տաթևացի տիկին Աիդան

«….ա խոխա, ալուր ես տառնում, տոնը լրիվ ալուր ես անելու…, քինա ստեղան …լավ էլի, մամ,  ես քեզ հինչ եմ անում, յեշեմ էլի…»:

Այդ գիշերը այնքան աստղազարդ էր… ուրախ, տանը հյուրեր ունեինք… «… մամ, բա  Ամալյա տատիկը շտեղա քոնինիլու…», «հորքու’ր, մնալու՞ ես մեր տանը, թե քինալու ես…»

… hով սարեր, մով սարեր, մանկությունս ետ բերեք, խաղիկների ծով սարեր…

Իսկ իմ հացթուխ տատը ավելի քան 420-450 անգամ իջնում էր թոնրի մեջ… չէ որ յուրաքանչյուր փաղաղ խմորը պուլվում էր (գնդել) և 70-75 գունդ էր դառնում ու շարվում գետնի վրա յետանողի (գրտնակով աշխատող կինը) համար նախատեսված վայրում:

Տաթևացի տիկին Սոնան

Տաթևացի տիկին Սոնան

Գրտնակը ճմլում է գունդը, ապա սկսում մեղմորեն սահել խմորի վրայով ու մի կողմ քաշվելով թռիչքուղի է բացում խմորի համար… «քցի կա…», – հաճախ էր կրկնում հացթուխը:

Աջ, ձախ, կլոր պտույտ, երկար ու ձիգ վերուվար ու կլոր խմորը արհեստավարժ ձեռքերում լավաշանմանի տեսքով հայտնվում է թափի վրա (ծղոտից ու կտորներից պատրաստված երկար ու օվալաձև հարմարանք):

Թըմփ, թըմփ, թըմփ, – լսեցիք ուժգինից դեպի մարող պատին ծեփված հում լավաշի ձայնը…

Ու այսպես ավելի քան 5-6 ժամ հերթով ու կարգով թոնրի տաք պատերին են հփվում թափն ու խմորը ու լավաշները դուրս են թռչում` կարմարաթուշիկ ու մի քիչ հուզված` փուչիկներով:

Լուսինե Հարությունյան

 

Tags: , , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: